ԱՄՆ-ն կշարունակի պահպանել ներկայությունը Սիրիայում. Արմեն Պետրոսյան
Չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ 1 տարի առաջ հայտարարեց ամերիկյան զորամիավորումները Սիրիայից հստակ նախանշված ժամկետում ամբողջովին դուրս բերելու մասին՝ դրանով իսկ լուրջ խմորումներ հրահրելով ողջ տարածաշրջանում, այդուհանդերձ, հետագայում ակնհայտ դարձավ, որ Թրամփի այս որոշումն անկատար է մնալու։
Ինչպես գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը, օրերս ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը նշել է, որ Սիրիայում շարունակելու են ծառայություն իրականացնել 600 ամերիկացի զինծառայող։ Այսինքն, ամերիկյան զորակազմի հռչակված թվաքանակը կրճատվելու է ընդամենը 40%-ով։
«Ամերիկացի զինծառայողները գործելու են Սիրիայի՝ ածխաջրածիններով հարուստ շրջաններում և Իրաքի ու Հորդանանի հետ սահմանների մերձակայքում տեղակայված ռազմավարական նշանակության ալ-Թանֆ ռազմաբազայում։
Իսկ որպես ամերիկացի զինծառայողների ներկայության հիմնավորում ՝ ներկայացվում է Սիրիայի նավթահանքերը ահաբեկչական խմբավորումներից պաշտպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ալ-Թանֆից Իրանի կողմից գործարկված Թեհրան-Բաղդադ-Դամասկոս-Բեյրութ ցամաքային շղթայի աշխատանքների խոչընդոտումը։
Հարկ է նշել, որ վերոնշյալ տվյալները վերաբերում է միայն ամերիկյան կողմի պաշտոնական ներկայությանը։ Մինչդեռ նաև Սիրիայի տարածքում և հատկապես տնտեսապես շահութաբեր հատվածներում գործում են ամերիկյան ոչ պետական մասնավոր ռազմական կառույցներ։ Դրանք են հիմնականում վերահսկում նավթահանքերի շրջանները, նաև վաճառելով սիրիական նավթը, ձեռք են բերում շոշափելի եկամուտներ»,-գրել է Արմեն Պետրոսյանը։