Արարատ Միրզոյանն ամփոփում է Հռոմ կատարած աշխատանքային այցը

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Սիրով տեղեկացնում եմ, որ հունիսի 11-13-ը աշխատանքային այցով մեկնել էի Հռոմ` հանդիպումներ ունենալու մի խումբ եվրոպաբնակ հայազգի գործարարների հետ։

Հանդիպումներից առաջինը վերաբերում էր Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես կարի արտադրության հետագա զարգացմանը և իտալական նորաձևության հայտնի տների հետ համագործակցությանը։ Քննարկված նախագծերը հնարավորություն կտան լուծել մարզերում բնակվող մի քանի հարյուր կանանց զբաղվածության հարցը։

Հաջորդ հանդիպումների ընթացքում քննարկեցինք Հայաստանում ջրամբարների կառուցման, քաղաքային շինարարության խթանման, վերականգնվող էներգետիկայի, այդ թվում նաև աննախադեպ ծավալով արևային էներգիայի արտադրության մեծացման հնարավորությունները։

Հանդիպումների վերջին շարքում խոշոր ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկեցինք օտարերկրյա ներդրողների համար հայաստանյան բիզնես միջավայրն առավել գրավիչ դարձնելու և ծավալուն ներդրումներ գրավելու հնարավորությունները և կոնկրետ նախագծերրը։

Բոլոր հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցներին խնդրել եմ արձանագրել ու նաև փոխանցել իրենց միջազգային գործընկերներին, որ Հայաստանում իրապես ազատ և մրցակցային տնտեսության կայացումը, կոռուպցիայի դեմ պայքարն ու դատական համակարգի անկախացումը միանգամայն նոր, շատ նպաստավոր պայմաններ են ստեղծում մեր երկրում լուրջ բիզնես գործունեություն ծավալելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս