211652_close_icon
views-count5723 դիտում article-date 23:07 28-07-2018

Բյուրականում կայացավ ՀՄԸՄ-ի 100-ամյակի և 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի փակման արարողությունը. ՖՈՏՈՇԱՐՔ

Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Բյուրականի բանակավայրում անցկացվեց ՀՄԸՄ-ի 100-ամյակի և 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանը, ՀՀ-ում Սիրիայի դեսպանը, հասարակական գործիչներ, պատվավոր այլ հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, ներկայացրեց հյուրերին, կենտրոնական վարչության անունից ողջունեց վեհափառ տիրոջ այցելությունը բանակավայր: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր խոսքը սկսեց տերունական աղոթքով: Շնորհավորելով ՀՄԸՄ 100 ամյակի առթիվ՝ նա հավելեց. «Ուրախ եմ գտնվել ձեզ հետ, ձեր մեջ: Շնորհիվ մեր հավատքի ու մշակույթի մեր ազգը վերապրեց ամենածանր փորձությունները, կարողացավ վերակերտել պետականությունը: Այս տարի մեծ շուքով տոնախմբում ենք Հայոց պետության 100 ամյակը: Վստահ եմ, որ այս բանակավայրում, այս բարձունքի վրա զգում եք հայոց հողի ուժն ու զորությունը և տուն պիտի վերադառնաք ավելի զորացած: Վստահ եմ, որ մեր հայրենիքի ձեռքբերումները հպարտությամբ են լցնում ձեր սիրտն ու հոգին»: Ողջույնի խոսքով հանդես եկավ սփյուռքի փոխնախարար, նախկին հոմենեթմենական Բաբկեն Տեր Գրիգորյանը: Նա վստահություն հայտնեց, որ հայրենիքում համախմբված ՀՄԸՄ-ի մեծ ընտանիքի անդամները դրական մեծ լիցքեր կստանան և նոր ուժով, նոր եռանդով կշարունակեն իրենց առաքելությունը: Հուլիսի 19-29-ը Հայաստանում մեծ շուքով նշվում է ՀՄԸՄ-ի մեկդարյա հոբելյանը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, սփյուռքի նախարարության աջակցությամբ: ՀՄԸՄ-ի 100-ամյակին նվիրված՝ «Պատվաբեր անցյալից հաղթական ապագա» խորագրով 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 1200 հոմենեթմենական՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Ամմանի, Իրանի, Իրաքի, Քուվեյթի, Իսրայելի, Ռուսաստանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ավստրիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Հոլանդիայի և այլ երկրների 26 քաղաքներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր