Տոնոյան. Իրականում այստեղ լուծվում է անարդարության խնդիրը
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացնող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքում, երբ այն պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:
Նախարարն ասաց, որ զինված ուժերի գործունեության ընթացքում առկա են եղել դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք: Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում: Դ. Տոնոյանն ասաց, որ 2008 թվականից սկսած հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում թվով 10 զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս:
«Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվում է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը սակայն, ըստ էության, չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը և սոցիալական պաշտպանության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ»,- ասաց նա:
Նախարարի գնահատմամբ, կարևոր օրենսդրական նախաձեռնություն է:
«Իրականում այստեղ լուծվում է անարդարության խնդիրը: Համոզված եմ, որ հոգաբարձուների խորհուրդը որոշում կկայացնի նաև տարածել այս բոլոր դեպքերը մինչև 1998 թվական»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, սա ևս մեկ փոքր, բայց կարևոր քայլ է, որպեսզի այդ ոլորտը կարգավորեն:
«Ահռելի աշխատանք կա անելու, բայց մենք ելնում ենք այն տրամաբանությունից, որ այդ աշխատանքը պետք է անել հաշվարկված, ճիշտ մտածված, քայլ առ քայլ, որպեսզի մենք խնդիրներ լուծենք, հանկարծ նոր խնդիրներ չառաջացնենք»,- ասաց նա:
Վարչապետի խոսով, սրանով և նախկինում կայացված բոլոր որոշումներով այս ոլորտում առկա խնդիրները ոչ թե լուծել են, ավարտել են, այլ սկսում են խնդիրների լուծումը:
«Խնդիրները բազմաշերտ են, քայլ - քայլ գնալու ենք առաջ»,- նշեց կառավարության ղեկավարը: