News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր դատարանում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը հանդես է եկել պաշտպանական ճառով: Նա նշել է, որ իր պաշտպանյալը երկու դրվագով էլ անմեղ է եւ արդարացման վճիռ է պահանջել:

Կոնկրետ գործի իրավական ասպեկտին անդրադառնալ չենք ուզում, առավել եւս` պնդումներ չենք անի որեւէ մեկի մեղավորության կամ անմեղության մասով, որովհետեւ Հայաստանում արդարադատություն, որպես այդպիսին, գոյություն չունի, եւ իրավունքը ստորադասվում է քաղաքական կոնյունկտուրային կամ արդարադատության համակարգում գոյություն ունեցող կոռուպցիային:

Սակայն դատարանում Բաբայանի պաշտպանի փաստարկներից մեկը խիստ ուշագրավ է եւ քննարկման է արժանի ավելի լայն համատեքստում, քան այս դատավարությունն է կամ Սամվել Բաբայանի անձը:

«Եթե Սամվել Բաբայանը այսօրվա դրությամբ նստած է ամբաստանյալի աթոռին, դա ամենեւին չի նշանակում, որ կարելի է մոռացության մատնել նրա անձը: Իսկ ով մոռացել է, հիշեցնեմ՝ Սամվել Բաբայանը էն անձն է, որը անուրանալի ծառայություններ է մատուցել հայրենիքին, էն անձն է, որն իր ահռելի մեծ ներդրում է ունեցել Արցախի բանակի կազմավորման եւ կայացման գործում»,- դատարանում ասել է Արտաշես Քալաշյանը:

Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ ոք չի մոռանում, թե ով է Սամվել Բաբայանը, ոչ էլ ուրանում է նրա մեծ վաստակն արցախյան պատերազմում: Սակայն այնպիսի տպավորություն է, թե Բաբայանը եւ պատերազմի մյուս հերոսները թշնամուն հաղթել են` սեփական ժողովրդին թալանելու, նրան նվաստացնելու իրավունք ձեռք բերելու համար:

Ավանդ ունի՞ Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան պատերազմում: Իհարկե ունի, սակայն եթե նա տասը տարի թալանել է Հայաստանը, ձեռքերը թաթախել է արյան մեջ, ապա նրա ավանդը գրոշի արժեք չունի, որովհետեւ հաղթանակը բովանդազրկվում է, եթե չի ծառայում քաղաքացուն:

Կամ արդյոք ղարաբաղյան պատերազմում ունեցած դերակատարությունը ինդուլգենցիա է տալիս, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում ընտրություններ կեղծի ու հավերժացնի իր իշխանությունը:

Մանվել Գրիգորյանը պատերազմի իսկական հերոս է, պանծալի հրամանատար, բայց օլիգարխի փոքրոգությամբ ու հաշվենկատությամբ նստած է մի ամբողջ քաղաքի ժողովրդի ուսերին: Ո՞ւմ է պետք այնպիսի հերոսությունը, որը ծառայում է ոչ թե քաղաքացու ազատությանը եւ բարեկեցությանն, այլ նրա հարստահարման ու ստորացման ճանապարհով` հաղթական գեներալի օլիգարխացմանը:

Նույն Սամվել Բաբայանը հետպատերազմյան Արցախում, այսպես կոչված, խանական համակարգի հիմնադիրն է, որն իր մետաստազները տարածեց նաեւ Հայաստսնում` վերացնելով մեր ու Ադրբեջանի որակական տարբերությունը, փոշիացնելով հաղթանակը:

Հերոսի եւ հակահերոսի սահմանը Հայաստանում հարաբերական է, որովհետեւ արցախյան պատերազմի հայտնի հրամանատարները դարձան իշխանության տերեր` նույնանալով զոռբայության, ընտրակեղծիքների ու թալանի հետ: Նրանք հաղթեցին պատերազմում, պարտվեցին խաղաղությանը` ստվերելով իրենց վեհությունը, մեծությունը, սեփականելով ու սեփական քսակի վերածելով բոլորիս հաղթանակը, որը տարիների ընթացքում դառնում է խամրող հուշ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ