Մատչելիության հղումներ

Ցուցարարների դեմ բռնությունների փաստերով մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի միջնորդություններ են ներկայացվել


Երևանի Կարապետ Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Ա. Իսոյանին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

Ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում ապրիլի 21-ին մասամբ փակել են Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Քննչական կոմիտեի փոխանցմամբ, Երևանի բնակիչ 30-ամյա Ա. Իսոյանն է։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Իսոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, հաղորդում է Քննչական կոմիտեն:

«Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը երեկ հաստատեց, որ տվյալ գործով ձերբակալված անձը իր օգնական Անդրանիկ Իսոյանն է:

Քննչական կոմիտեն մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ ապրիլի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Երևանի Այվազովսկի 29 հասցեի դիմաց մի խումբ անձինք «դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով, այդ թվում՝ որպես զենք օգտագործված մահակի գործադրմամբ»։

Պարզվել է խուլիգանությանը մասնակցություն ունեցած 4 անձի ինքնությունը, անհատականացվել են նրանց գործողությունները, հաղորդում է Քննչական կոմիտեն: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն՝ որպես զենք օգտագործվող մահակի գործադրմամբ։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Եվս երեք կասկածյալներ հրավիրվել են բաժին, սակայն չեն ներկայացել, և քննիչը նրանց ձերբակալելու որոշում է կայացրել, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության բաժնին։ Բացի այդ, որոշումներ են կայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ. Գ. Ազարյանին՝ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով, Ս. Բաղդասարյանին և Վ. Մխիթարյանին՝ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Քննչական կոմիտեն ավելի ուշ տեղեկացրեց, որ հիշյալ երեք անձանց համար ևս կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG