▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծ չէ, ապտակել եմ ուղղակի. Գեղամ Մանուկյանը՝ ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու մասին

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը պնդում է, որ ինքն է ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին: Այս մասին նա լրագրողնեին ասաց այսօր՝ հունիսի 4–ին, Կենտրոնի ոստիկանության մոտ, որտեղ նա, ՀՅԴ–ականների նախաձեռնած «Ես եմ ծեծել» ակցիայի շրջանակում եկել էր ոստիկանությանը հայտնելու, որ ինքն է ծեծել Վարդան Հարությունյանին։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ մինչեւ ակտիվիստին ծեծելը եղել են եւ՛ իր եւ՛ հասարակության բազմաթիվ նախազգուշացումներ։

 

 

 

«Այսօր ինչ-որ կենսագրություն չունեցող ու մանրախնդիր երիտասարդ իրեն թույլ տա Արցախը նվաստացնե՞լ, Արցախի հոգեւոր առաջնորդ Պարգեւ սրբազանի մասին ամենավերջին թուրքաբարո տերմիննե՞րն օգտագործել: Ադրբեջանցիներն են այդ բառերն օգտագործում, եւ այդ ամբողջը սոցիալական ցանցերում է: Որեւէ մեկը դեմը չի առնում, խրախուսվում են, անունները դրել են ակտիվիստ: Նման դեպքերից մեկն էլ Հրանտ Մարգարյանի հետ էր կատարվել: Եվ այս ամեն ինչը հանդուրժվում է: Չեղավ մի քաղաքական գնահատական: Դրա համար ես եմ ծեծի ենթարկել, որը ծեծ էլ չէ, ապտակ է ուղղակի: Պետք է սաստվի սա: Եվ գիտեմ, որ հիմա շատ երիտասարդներ ներկայացել եւ ասել են, որ` մենք ենք հեղինակը»,- ասաց Մանուկյանը, եւ նշեց, որ հայրաբար բոլորն էլ կապտակեին:

Մանուկյանի խոսքով՝ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը սոցիալական ցանցերում պարբերաբար, տարբեր առիթներով հայհոյանքներ է հնչեցրել դաշնակցականների հասցեին. «Վերջում սրան պետք է հանգեցներ: Իր կողմնակիցներին առիթ եմ ունեցել ասելու՝ ներողություն թող խնդրի: Իսկ այս տղան շարունակում է նույն հայհոյանքներով: Սա թող դաս լինի ուղղակի: Վստահ եմ, որ շատ շատերը պատրաստ են այդ ծեծողը լինել»,- ասաց նա:

Անդրադառնալով միջադեպի մասնակիցներից բերման ենթարկված Յուրա Հովհաննիսյանին՝ Մանուկյանն ասաց, որ անձը ՀՅԴ անդամ է. «Նա ապրիլյան պատերազմում 2 ամսից ավելի Թալիշի դիրքերում մարտական հերթապահության է մասնակցել: Հիանալի երիտասարդ է»,- ասաց Մանուկյանը եւ ավելացրեց, որ ինքը չէր ցանկանա՝ նման միջադեպ պատահեր. «Մեր երկրում պետք է բռնությունը բացառվի: Չպետք է խրախուսվի, չպետք է թեւ տրվի այդ մարդկանց, որոնք հայհոյում են սոցիալական ցանցերում»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՅԴ անդամները հերթով գալիս են Կենտրոնի ոստիկանություն, և հայտնում, որ իրենք են ծեծի ենթարկել Վարդան Հարությունյանին: Այս պահին շուրջ 20 անդամ ներկայացել է ոստիկանություն:

Հիշեցնենք, որ հունիսի 3–ին ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: Նա նաեւ լուսանկար էր հրապարակել բռնության հետքերով:

Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին եւ գլխին՝ պատճառելով վնասվածք:

 

 

 

Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 4-ին, միջադեպի մասնակից լինելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել մեկ անձ, ըստ տեղեկությունների՝ բերման ենթարկվածը ՀՅԴ–ական Յուրա Հովհաննիսյանն է:

Նա այսօր է բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Քաղաքացուն բերման ենթարկելու ոստիկանության հաղորդագրությունից հետո «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը եւ այլ դաշնակցականներ Facebook սոցիալական ցանցում գրառումներ էին կատարել՝ հայտնելով, որ իրենց վրա են վերցնելու ՀԱԿ ակտիվիստին ծեծելու պատասխանատվությունը:

Մանուկյանը եւ մի խումբ այլ դաշնակցականներ այս պահին Ոստիկանության Կենտրոնականի բաժնում են:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին