Ուորլիք․ Վաշինգտոնն ու Փարիզը շարունակում են հավատարիմ մնալ Մինսկի խմբի ձևաչափին

Ուորլիք․ Վաշինգտոնն ու Փարիզը շարունակում են հավատարիմ մնալ Մինսկի խմբի ձևաչափին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի սպառված լինելու մասին Մոսկվայից ու Բաքվից հնչող հայտարարություններին, ասել է, որ թվում է, թե նրանք այլևս չեն ցանկանում պահպանել այս ձևաչափը, սակայն առաջ չեն քաշում որևէ այլընտրանք՝ այսպիսով գործընթացը հանձնելով միմիայն ՌԴ-ին:

«Ի տարբերություն Մոսկվայի, Փարիզն ու Վաշինգտոնը շարունակում են հավատարիմ մնալ Մինսկի խմբի ձևաչափին»,-ասել է նախկին համանախագահը, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

«Միացյալ Նահանգները հստակ ուղենշել է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին։ Նրանք գնացին շատ ավելի հեռու՝ նշանակելով Կովկասի և տարածաշրջանի հարցերով մասնագիտացած նոր համանախագահ»,- հավելել է Ուորլիքը:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը ևս համամիտ է, որ ամերիկյան կողմից նոր համանախագահի նշանակումն ի ցույց է դնում Վաշինգտոնի հանձնառությունը այս ձևաչափին:

«ԱՄՆ-ն, ըստ էության, հավատարիմ է Մինսկի խմբի ձևաչափին: Նրանք Մինսկի խմբի նոր համանախագահ են նշանակել ամերիկյան կողմից։ Վաշինգտոնում հավատացած են, որ այս ձևաչափը գործուն է»,- ասել է նա:

Նախկին դիվանագետների կարծիքով՝ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա խնդրահարույց է դարձրել միջնորդ լինելու հարցում Ռուսաստանի առաքելությունը:

Կազլյարիչի կարծիքով, հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի բացասական դիրքորոշումը Մինսկի խմբի նկատմամբ, դժվար է պատկերացնել խաղաղ բանակցությունների վերադարձն այս ձևաչափին: Փոխարենը, գործընթացն ընթանում է երկու նոր միջնորդական առաքելությունների ներքո՝ ԵՄ-ի և Մոսկվայի միջնորդությամբ: Նա կարևորում է հատկապես ԵՄ-ի միջնորդական առաքելությունը և կոչ անում Վաշինգտոնին շարունակել այս գործընթացի նկատմամբ իր աջակցությունը:

Ուորլիքի կարծիքով, Մոսկվայի ու Բրյուսելի ձևաչափերը չեն մրցում միմյանց հետ, սակայն, ԵՄ-ն ավելի մեծ դեր կարող է խաղալ գործընթացում:

Ուորլիքի պնդմամբ՝ հասկանալի է, որ ՌԴ-ն, որպես ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմ, պետք է կապ պահպանի կողմերի հետ, սակայն խաղաղ կարգավորման գործընթացը բաղկացած է ոչ միայն խաղաղապահ առաքելության հետ կապված հարցերից, այլ բազմաթիվ այլ խնդիրներից ևս, ներառյալ կարգավիճակի հարցը, ուստի ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի շահերից է բխում, որ հայ-ադրբեջանական խաղաղ երկխոսությունը ընթանա Մոսկվայի միանձնյա միջնոդության ներքո: Դեսպան Կազլյարիչի կարծիքով էլ՝ Մոսկվան այսօր չի ընդունում, իր միջնորդությունից բացի, խաղաղ գործընթացի որևէ այլ ձևաչափ:

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն նոր համանախագահ է նշանակվել Լորա Հոչլան։ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»,- ասվում էր Պետդեպի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---