Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հրադադարի 25-ամյակ. շփման գծի վերականգնում եւ մեխանիզմների կահավորում

Հրադադարի 25-ամյակ. շփման գծի վերականգնում եւ մեխանիզմների կահավորում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այժմեական կարգով 94-ի հրադադարի ամենահնչեղ շեշտադրումը կլինի ստորագրության եռակողմ  ձեւաչափի իրողական եւ իրավական հանգամանքների արծարծումը, ինչը խոսում է արցախյան հակամարտության հանգուցալուծման հիմքի՝ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության անշրջանցելիության մասին։  

Այս առումով հրադադարի վերահաստատում կամ դեպի քաղաքական մեծ համաձայնություն տանող որեւէ փաստաթուղթ չի կարելի պաշտոնականացնել առանց Ստեփանակերտի։ Թեկուզ միջանկյալ պայմանավորվածության տեսքով որեւէ հետագա փաստաթուղթ պետք է կրի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների իրավաքաղաքական համաձայնությունը։

Երկրորդ, շարունակելով իրավական մասի վրա կենտրոնացումը, անպայման անհրաժեշտություն կա լուսարձակի տակ բերել հրադադարի ստորագրությամբ ճանաչված շփման գիծը կամ ռազմաճակատային գիծը, որ խոսում է փաստացի սահմանների իրողական ճանաչման մասին։ Միջազգայնորեն ճանաչված շփման գծի խախտում է եղել հիմնականում ապրիլյան պատերազմին։

Եթե հրադադարը ուժի մեջ է, ուրեմն շփման գծի վերահաստատման հրամայական պիտի լինի։ Իսկ հրադադարի պահպանման համար աւելի քան անհրաժեշտ է մշտադիտարկման եւ հետաքննության մեխանիզմների կահավորումը՝ միջազգային երաշխավորությամբ։

Խնդիրը նաեւ իրավականորեն մեկնաբանելն է, որ իրողական շփման գծի ընդունումով հրադադար եւ շփման գիծ խախտողը ինչ պատասխանատվություն կկրի եւ նման նախադեպեր կանխարգելելու համար միջազգային երաշխավորությամբ երկկողմ պայմանավորվածությունների կիրառումը՝ մեխանիզմների հաստատման առումով, արգելակողի նկատմամբ ինչ ասելիք կունենա միջազգային հանրությունը։

Իրավական հարթության վրա նախապատրաստվելու օրակարգը անհետաձգելի է։ Տարբեր աշխարհագրական միջավայրերում եւ տարբեր պայմաններում բռնկված հակամարտությունների հանգուցալուծման համար ընթացող բանակցությունների ձեւաչափերի ներկայացումը միանշանակ կհամոզի ինքնորոշված ժողովրդի եւ նրան ներկայացուցիչների՝ ամենաժողովրդավար եղանակներով ընտրված իշխանությունների մասնակցությունը ուղղակի անշրջանցելի պայման է։

Պետք է հիշել նաեւ այն, որ ապրիլյան հարձակումը սանձազերծելուց հետո հրադադար խնդրած ադրբեջանական կողմի հետ նոր փաստաթուղթ չի ստորագրվել։ Հետեւաբար, ուժի մեջ է 94-ի համաձայնագիրը, ինչը ինքնին ենթադրում է շփման գծի վերականգնումը։ Այս անհրաժեշտությամբ էլ բացատրվում է նոր պատերազմ, նոր տարածքներ բանաձեւը։ Դա կբերի նոր տարածքների ազատագրման, հետեւաբար նոր շփման տարածքների վերագծման փաստին։

Հրադադարի 25-ամյակը հուշում է, որ ներկա փուլում բանակցությունները կենտրոնանալու են հրադադարի շփման գծի վերականգնման եւ որեւէ նոր ագրեսիա կանխարգելելու համար մեխանիզմների կահավորման ժամանակացույցի ճշտման ուղղություններով։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]