Մեկնաբանություն

08.02.2019 11:15


Հայաստանը դո՞ւրս է գալիս բանակցային գործընթացից (տեսանյութ)

Հայաստանը դո՞ւրս է գալիս բանակցային գործընթացից (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցով ինտենսիվ բանակցային գործընթացից հետո արեց հայտարարություններ, որոնցից պարզ դարձավ, որ բանակցությունները մտնում են փակուղի։

Բանակցություններն այդ ընթանում էին Բոլթոնի պլանով, որի համաձայն՝ Արցախն, ի վերջո, պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ բարձր ինքնավարության կարգավիճակով, և որի շրջանակներում Հայաստանը պետք է ազատվի պատմական կարծրատիպերից, ինչը նշանակում է Թուրքիայի ներխուժում Հարավային Կովկաս՝ ի հաշիվ Ռուսաստանի։

Փաշինյանը նախապես գիտե՞ր, թե ինչ գործընթացի մեջ է մտնում։ Դժվար է ասել։ Կարելի է միայն ենթադրել։

Փաստն այն է, որ նա հիմա իր մոտեցումներով առնվազն սառեցնում է Բոլթոնի պլանի կյանքի կոչումը։ Բոլթոնի պլանից հետ քաշվելը, սակայն, չի երաշխավորում վտանգների չեզոքացում, հատկապես որ Փաշինյանն անում է հայտարարություններ, որոնք պակաս վտանգավոր չեն, քան Բոլթոնի պլանով առաջնորդվելը։ Այդ հայտարարություններով ոչ միայն Արցախը բանակցային կողմ դարձնելու իր նպատակը չի իրագործվում, այլև Հայաստանն է դուրս մնում բանակցային գործընթացից։

Փաշինյանը Մոսկվայում հայտարարեց, որ արցախցիները չեն մասնակցում ՀՀ ընտրություններին և իրեն չեն ընտրել, ուստի ինքը չի կարող Արցախի անունից բանակցել։ ՀՀ վարչապետի այդ հայտարարությունն Արցախը միջազգային հանրության (այդ թվում՝ միջնորդների) աչքերում հավասարեցնում է Դոնբասին, ինչը Ադրբեջանին հնարավորություն է տալիս լեգիտիմ իրավունք ստանալ պատերազմական գործողությունների անցնելու համար։

Արցախը բանակցային կողմ դարձնելու խոստում տված Փաշինյանը Հայաստանին փաստացի հանում է բանակցային սեղանից, քանզի եթե դու հայտարարում ես, որ չես ներկայացնում Արցախը, ապա քեզ հետ այլևս խոսելու բան չկա, իսկ Ադրբեջանն էլ չի համաձայնում ուղիղ խոսել Ստեփանակերտի հետ։ Մնում է պատերազմը։

Երևանը պետք է ձգտի ոչ թե բանակցային սեղանի շուրջ իր տեղը զիջել Ստեփանակերտին, այլ պետք է այդ սեղանի շուրջ տեղ բացի Ստեփանակերտի համար։ Հայաստանի դերը նվազեցնել և հայտարարել, որ Արցախի անունից չես կարող բանակցել, նշանակում է Արցախին մենակ թողնել, այն էլ՝ բանակցային սեղանից դուրս կարգավիճակում։ Սա շատ վտանգավոր վիճակ է։

Պաշտոնական Երևանի խնդիրը պետք է լինի բանակցային գործընթացում սկզբունքներ ֆիքսելը և բանակցային գործընթացն այնպես վարելը, որ նվազեցվեն ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը, ինչպես նաև անել այնպես, որ Բաքուն հայտնվի պատասխանողի ու դեստրուկտիվ վարքագիծ դրսևորողի՝ «ոչ» ասողի դերում։

Փաշինյանն այս պահին չունի բանակցային գործըթնացի ռազմավարություն, իսկ որպես մարտավարություն՝ ընտրել է «Ես ի՞նչ կապ ունեմ. գնացեք Արցախի հետ խոսեք» վատագույն տարբերակը։ Թե ինչ հետևանքների սա կարող է հանգեցնել, դժվար չէ հասկանալը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը