HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզպետ. «Գյուղապետը, ուսուցիչը, ոստիկանը, զինվորականն իրեն արտոնյալ խավ է երևակայում ու հարկ չի վճարում»

«Մարզի որոշ համայնքներում սեփական եկամուտները չհավաքագրելը կրում է խրոնիկ բնույթ»,- մարզխորհրդի նիստի ժամանակ հայտարարեց Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը:

Թերացող համայնքի ամենավառ օրինակը Անիի տարածաշրջանի Սարակապ համայնքն է, որտեղ 2017թ-ի 8 ամիսներին իրականացված հավաքագրման ցուցանիշը 10%-ից էլ պակաս է: Համայնքի ղեկավար Արծրուն Խաչատրյանը ևս թերացողների մեջ է և ընդամենը մեկ ամիս առաջ է կարողացել վճարել սեփական հարկերը: Լիպարիտ Մարտիրոսյանը հրապարակեց նաև այս տարվա ութ ամիսներին աշխատավարձի պարտք կուտակած համայնքների անունները՝ Հովունի և Լուսաղբյուր: Հովունին պարտք ունի կուտակած նաեւ նախորդ տարիներից` 8 մլն 605 հազար դրամ:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին չհաջողվեց անձամբ հարց ուղղել Սարակապի համայնքապետին՝ վերջինս գերադասել էր ներկա չգտնվել մարզխորհրդի նիստին: Ըստ Լիպարիտ Մարտիրոսյանի` գյուղական համայնքներում հարկերի վճարումից խուսափող 500-ից ավելի հարկատուներ են հայտնաբերվել:

Գյումրի եւ Արթիկ քաղաքներում ԴԱՀԿ-ի միջոցով ներկայում բռնագանձումներ են իրականացվում: Մարզի 3 գյուղական համայնքում 300-ից ավելի պարտքատերեր կան, որոնց նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմինները որևէ միջոց չեն ձեռնարկում: Բռնագանձումների խստացված մեխանիզմի կիրառումը մի շարք համայնքներում հնարավորություն է տվել միայն օգոստոս ամսին հավաքագրել 185 մլն դրամ:

«Ամեն 100 դրամը որ մենք պակաս ենք հավաքել, դա մանկապարտեզի երեխայի ճաշն է, գրադարանավարի աշխատավարձն է, մեկ սմ բարեկարգված ճանապարհն է, այսինքն էն ինչ պակաս ենք հավաքում, պակաս էլ բավարարվում ենք համայնքի կարիքները,- նկատեց մարզպետ Արթուր Խաչատրյանը,- չվճարողների մեջ էական թիվ են կազմում նրանք, ովքեր պարզապես չեն ուզում վճարել՝ իրենց արտոնյալ և օրենքից վեր են համարում: Ես հանձնարարել եմ, որ պարտապանների ցանկը անուն առ անուն ներկայացվի: Ընդունելի չէ, որ դասատուները միլիոնների ահռելի պարտք են կուտակել, գյուղ ունենք, որտեղ հարկայինի գործակալը հարկը չի վճարել, ոստիկանության աշխատակիցը հարկը չի վճարել, զինվորականը հարկը չի վճարելը: Բոլոր պարտապանների անունները հրապարակելու ենք»:

Շիրակի մարզպետն անդրադարձավ Անիի տարածաշրջանի Սարակապ գյուղին, որտեղ հարկերի հավաքագրումն աղետալի վիճակում է: «Ի՞նչ է նշանակում` գյուղապետն իր հարկը չի վճարել, գյուղապետարանի հաշվապահն իր հարկը չի վճարել: Ի՞նչ ուզենք էդ գյուղից: Գյուղ, որ իր պարտականությունների 10 տոկոսն է կատարել: Խոշոր պարտապանների ցանկը կհրապարակենք մամուլում: Եթե մեր խնդրանք-հորդորները չեն ազդում, ուրեմն կհրապարակենք: Եթե սոցիալական խնդիր ունեն, թող դիմեն` 25 հազար դրամ կարող ենք տալ, եթե էդքան նեղն են, հատկապես նրանք, ովքեր միլիոնների պարտք ունեն, ում գույքն ավելի շատ է, քան մարզպետարանի շենքը:- շեշտեց մարզպետը,- Նորից եմ կրկնում, դա համայնքի երեխեքի բերնից կտրած հացն է: Կարծում եմ` էստեղ օբյեկտիվ պատճառներ չկան, միայն՝ սուբյեկտիվ: Չի կարող իրար կպած գյուղերից մեկն իր պարտքը կատարի 100 տոկոսով, մյուսը՝ 10 տոկոսով»:

Լիպարիտ Մարտիրոսյանի հրապարակած տեղեկությունների համաձայն` անցած ութ ամիսների կտրվածքով մարզի համայնքներն իրենց սեփական եկամուտները կատարել են 85,8%-ով. նախատեսված 1 մլրդ 970 մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1 մլրդ 198 մլն դրամ: 16,5%-ի աճ է գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման գծով. հավաքագրվել է 156 մլն դրամ ավել գումար` նախորդ տարվա համեմատ: Ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ամասիայի տարածաշրջանը, որ նախորդ տարիներին սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներով մշտապես գտնվել է վերջին հորիզոնականներում:

Անցած 8 ամիսների հավաքագրման 104,4% արդյունքով Ամասիայի տարածաշրջանն առաջին տեղում է, 2-րդ տեղում Արթիկի տարածաշրջանն է` 98, 9%, 3-րդ տեղում Աշոցքի տարածաշրջանն է՝ 76,3 %, Ախուրյանի տարածաշրջանը՝ 75,3%, Անիի տարածաշրջանը 61,6 %-ով 5-րդ տեղում է: Մարզի քաղաքային համայնքներից Գյումրին սեփական եկամուտների հավաքագրումը կատարել է 90,1%-ով, Արթիկ քաղաքը` 106,3%, Մարալիկ քաղաքը` 69,5%: Մարզի 52 համայնք չեն ապահովել 2017թ. արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը` 85.8%-ը, այդ թվում` թվով 10 համայնքներ չեն ապահովել սեփական եկամուտների կատարման 50 % ցուցանիշը:

Հողի վարձակալական վճարների հավաքագրումը 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ` նախատեսվածից պակաս է եղել մոտ 45 մլն դրամով: Համայնքների բյուջեներին ամրագրված 221 մլն 927 հազար դրամ հողի և գույքի վարձակալական վճարների դիմաց փաստացի հավաքագրվել է 175 մլն 25 հազար դրամ, կատարման ցուցանիշը՝ 78.9 %: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավել է հավաքագրվել 24 մլն 339 հազար դրամ հողի և գույքի վարձավճար՝ նախորդ տարվա փաստացի հավաքագրվածի նկատմամբ ապահովելով 16.2 % աճ:

Միայն հողի վարձակալական վճարների հավաքագրման մասով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավել է հավաքագրվել 18 մլն 67 հազար դրամ (աճը՝ 14.6% ): Համայնքային սեփականության հողերի մասով հողի վարձավճարների հավաքագրումը կազմել է 70.1 %, իսկ պետական սեփականության հողերի մասով՝ 165.6 %: Ընթացիկ տարվա 8 ամիսների վարձակալական վճարների պլանային ցուցանիշի նկատմամբ պակաս հավաքագրված 46 մլն 902 հազար դրամից 38 մլն 800 հազար դրամը առաջացրել է Գյումրի համայնքը (20մլն 502 հազար դրամ) և Ախուրյանի տարածաշրջանի համայնքները (18 մլն 368 հազար դրամ), իսկ մնացած 8 մլն 102 հազար դրամը՝ մարզի մնացած 45 համայնքները:

Մարզի նախկին տարածաշրջաններից և խոշորացված համայնքներից ընթացիկ տարվա 8 ամիսներին հողի վարձակալական վճարների հավաքագրման գծով ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյանի տարածաշրջանում (57.3 %), որի տեսակարար կշիռը մարզի համայնքների բյուջեներին ամրագրված վարձակալական վճարների հանրագումարում կազմում է 35 % է, իսկ քաղաքային համայնքներից ամենացածր ցուցանիշը արձանագրվել է Գյումրի համայնքում՝ 71.9 %:

21 համայնք ընթացիկ տարվա 8 ամիսներին չեն ապահովել վարձակալական վճարների հավաքագրման առաջադրանքի 50%-ը (Ախուրյանի տարածաշրջան՝ 12 համայնք, Արթիկի տարածաշրջան՝ 5 համայնք, Անիի տարածաշրջան՝ 4 համայնք), իսկ 8 համայնքում վարձավճարների հավաքագրման մակարդակը չի գերազանցել 20%-ը (Այգաբաց, Բայանդուր, Հովունի, Գեղանիստ, Հովտաշեն, Սարատակ, Ձիթհանքով, Սարակապ): Մարզի 21 համայնք հողերի վարձակալական վճարների հավաքագրման գործում ապահովել են 100 և ավելի բարձր տոկոսի ցուցանիշ (Ախուրյանի տարածաշրջանում` 3 համայնք, Արթիկի տարածաշրջանում` 12 համայնք, Անիի տարածաշրջանում` 3 համայնք և խոշորացված՝ Ամասիա, Արփի և Աշոցք համայնքները):

Ախուրյանի տարածաշրջանի Մարմաշեն և Հովունի համայնքներում վարձակալական վճարների հավաքագրման մակարդակը չի գերազանցել 40 %-ը, իսկ հարևան՝ Վահրամաբերդ և Մայիսյան համայնքներում ապահովել են բարձր ցուցանիշ, Անիի տարածաշրջանի Իսահակյան, Հայկաձոր և Բագրավան համայնքներում ապահովվել են 100%-ից բարձր ցուցանիշ, իսկ հարևան Սարակապ և Լուսաղբյուր համայնքներում՝ 30%-ից ցածր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter