Կյանքում յուրաքանչյուրս մեր Արարատն ունենք բարձրանալու. ԱրարատԲանկը ազդարարեց վերաբրենդավորման գործընթացի մեկնարկը
Սեպտեմբերի 24-ին, վաղ առավոտյան ԱրարատԲանկի թիմը ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ միասին ամենագնաց մեքենաներով ուղևորվեց դեպի Թեղենիս լեռան գագաթ, որտեղից հրաշալի երևում են համայն հայության կարևոր խորհրդանիշերը՝ Արագածի չորս գագաթները, Արա լեռը, Գեղամա լեռնաշղթան, Սևանա լիճն ու, իհարկե, Արարատը:
Այս` դեպի բարձունքներ բացվող խորհրդանշական տեսարանով, յուրահատուկ միջավայրում ԱրարատԲանկի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարեցին Բանկի վերաբրենդավորման գործընթացի մեկնարկի մասին: Ողջունելով ներկաներին՝ ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը հայտնեց, որ ԱրարատԲանկն այսօրվանից ներկայանալու է նոր գույներով, հայեցակարգային փոփոխություններով, նոր ռազմավարությամբ և մոտեցումներով՝ հավատարիմ մնալով իր վեհ և անփոփոխ ԱՐԱՐԱՏ անվանմանը.
«Այսօր մենք ձեզ հետ միասին ազդարարում ենք մի նոր գործընթացի մեկնարկ՝ վերափոխվում ու վերաիմաստավորում ենք մեր նպատակները, արժեքներն ու մոտեցումները: «Արարատ» անվանումը կրելով արդեն իսկ պարտավորվում ենք լինել արժանի կառույց՝ առաջնորդվել կարևոր արժեքներով և սկզբունքներով: Իսկ այսօր, արդեն ներկայացնելով վերաբրենդավորված ԱրարատԲանկը, մենք մի նոր պատասխանատվություն ենք ստանձնում: Ժամանակակից ծառայությունների մատուցմամբ, առաջադեմ թվային տեխնոլոգիաների ու սպասարկման նոր մոտեցումների կիրառմամբ՝ մենք մարդակենտրոն բանկ դառնալու հայտ ենք ներկայացնում: Դեպի բարձունքներ գնալու ճանապարհին ստեղծելով նոր միջավայր և հաճախորդ-բանկ ջերմ հարաբերություններ՝ մենք վստահության ու պատասխանատվության որակապես նոր հիմք ենք դնում»:
ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը ելույթում նշեց, որ Բանկն իր զարգացման նոր տեսլականը մշակել է՝ հաշվի առնելով Ժամանակակից տեխնոլոգիաների ու արագ զարգացող թվային բանկինգի կարևորությունը, ինչն արտացոլվելու է կառույցի հետագա գործունեությունում. «Ժամանակակից բանկը, շնորհիվ ֆինանսական գլոբալացման և նորարարական բանկային տեխնոլոգիաների, դարձել է հանրային կառույց, մտել յուրաքանչյուրիս կյանք. այսօր բանկն ինքնին սոցիալական պատասխանատվություն է: Մեր նոր տեսլականը հենց դրա շուրջ է կառուցված. բանկը պետք է լինի մարդակենտրոն և նպաստի մեր հանրության ու երկրի զարգացմանը, արձագանքի ժամանակակից մարտահրավերներին և փոփոխություններին: Մենք աշխարհասփյուռ, գլոբալ ազգ ենք, և հայկական բանկային համակարգը դա ևս պետք է արտացոլի՝ միավորի, աջակցի ու զարգացնի: Արարատն այն եզակի սիմվոլներից է, որ միավորում է ամբողջ հայությանը: Կյանքում յուրաքանչյուրս մեր Արարատն ունենք բարձրանալու և մենք բարձրանալու ենք միասին»: Գրիգոր Հովհաննիսյանն իր ելույթն ավարտեց Ուինսթոն Չերչիլի խոսքերով՝ Never ever ever ever ever ever give up («Երբեք, երբեք, երբեք, երբեք, երբեք չնահանջել»):
Այնուհետև, ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանն ու Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը Բանկի թիմի և հյուրերի ներկայությամբ Թեղենիսի գագաթին բարձրացրեցին ԱրարատԲանկի նոր գույներով դրոշը՝ ի նշան միասին նոր բարձունքների նվաճման, և հանդիսավոր ձևով ազդարարեցին ԱրարատԲանկի պատմության նոր փուլի սկիզբը:
ԱրարատԲանկի վերաբրենդավորման միջոցառումների շարքը շարունակվեց «Փոխվստահությունն ու պատասխանատվությունը՝ ժամանակակից բանկի հիմնարար արժեքներ» թեմայով Fishbowl ձևաչափի քննարկմամբ, որին ներկա էին ֆինանսական ոլորտի, միջազգային կազմակերպությունների, բանկային համակարգի, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ և ԱրարատԲանկի թիմը:
Fishbowl-ի ընթացքում բանախոսները ներկայացրեցին ԱրարատԲանկի զարգացման նոր տեսլականն ու մասնակիցների հետ քննարկեցին ՀՀ-ում Ժամանակակից բանկային ծառայությունների առանձնահատկություններին, դրանց զարգացման հեռանկարներին, ռիսկերին ու կառավարման մոդելներին, բանկային համակարգի զարգացման վրա նորարարական տեխնոլոգիաների ազդեցությանը վերաբերող թեմաներ:
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև ԱրարատԲանկի վերաբրենդավորման նոր կոնցեպտն ու գաղափարախոսությունը: ԱրարատԲանկի Խորհրդի անդամ Braind ընկերության համահիմնադիր Կարեն Բաբաջանյանը նշեց, որ Բանկի բրենդային նոր հայեցակարգը մշակելիս հաշվի են առել արագ տեղի ունեցող փոփոխությունները, արդի մարտահրավերներն ու պահանջները.
«Այս վերաբրենդավորումով մենք հիմք ենք դնում բանկային նոր մշակույթի և սահմանում փոխվստահության նոր հայեցակարգ: Մենք հաճախ ենք ունենում հրաշալի գաղափարներ, բայց չենք կարողանում կամ համարձակություն չենք ունենում դրանք կյանքի կոչել և «շոշափելի» դարձնել: Արարատը յուրաքանչյուրիս համար մեր գաղափարներն ու երազանքներն իրականացնելու, անհնարինը հնարավոր դարձնելու խորհուրդն է: Իսկ ինչ վերաբերում է վիզուալիզացիային՝ մինիմալիստական ոճով մշակված Բանկի նոր լոգոտիպը խորհրդանշում է Արարատ լեռը, որը պատկերված է վեր բարձրացող երկու սյունաձև սիմվոլով: Որպես բրենդային նոր գույներ ընտրել ենք սևն ու դեղինը. սևը հաղորդում է հավասարակշռություն և խստություն, իսկ դեղինը խորհրդանշում է լույս, թեթևություն, շարժում ու դինամիկա»:
Միջոցառման ավարտին հյուրերին ներկայացվեց ԱրարատԲանկի իմիջային նոր հոլովակն ու ամբողջական կարգախոսը. «Կյանքում յուրաքանչյուրս մեր Արարատն ունենք բարձրանալու: Բարձրանում ենք միասին»: