1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սուպերմարկետները մի շարք ապրանքներ մատակարարներից ստանում են ավելի էժան գնով. ՏՄՊՊՀ

Սուպերմարկետները մի շարք ապրանքներ մատակարարներից ստանում են ավելի էժան 
գնով. ՏՄՊՊՀ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան շուկայում գերիշխող դիրք ունեցող առևտրի կենտրոնները՝ սուպերմարկետներն ունեն մի շարք արտոնություններ ու առավելություններ մանր ու միջին առևտրային օբյեկտների նկատմամբ: Սուպերմարկետներն ապրանքները մատակարարներից ստանում են ավելի էժան գներով, մատակարարված ապրանքների դիմաց կատարվող վճարումների ժամկետը ևս ավելի երկար է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց հանձնաժողովի ՏՄՊՊՀ մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը:

«Հանձնաժողովը դիտարկել է մանրածախ առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող փոքր և միջին առևտրային օբյեկտների համար խոչընդոտ հանդիսացող գործոնները: Խոշոր գործոնը, որ մատնանշվել էր որպես խոչընդոտ և սպառողների կողմից խոշոր առևտրային ցանցերին նախապատվություն տալու պատճառ, ապրանքների իրացման ցածր գներն են:  Հանձնաժողովը փորձել է գնահատել գերիշխող առևտրային օբյեկտների առավելությունները ոլորտում մրցակիցների նկատմամբ: Հանձնաժողովն առանձնացրել է լայն սպառման հետևյալ ապրանքատեսակները՝ կարագ, ձեթ, սուրճ, երշիկեղեն, ծխախոտ և այլն: Եվ պարզ է դարձել, որ այս ապրանքները գերիշխող առևտրային ցանցերը մատակարարներից ձեռք են բերում միջինը 2-3 տոկոս ավելի էժան գնով: Հարկ է նշել, որ ցածր գները ստանում են նրա հաշվին, որ մատակարարներից ձեռք են բերում բավականին խոշոր խմբաքանակներ, և մատակարարներն առևտրային ցանցերին տրամադրում եմ համապատասխան զեղչեր»,-ասաց Պետրոսյանն ու հավելեց, որ այս ամենի արդյունքում գերիշխող առևտրային ցանցերը կարողանում են սպառողներին առաջարկել ավելի ցածր գներ:

Գերիշխող առևտրային օբյեկտների հաջորդ առավելությունը մատակարարված ապրանքների դիմաց կատարվող վճարումների ժամկետներն են: Պետրոսյանը նշեց, որ հացամթերքի, կաթնամթերքի, նպարեղենի, ծխախոտի և այլ ապրանքատեսակների մասով գերիշխող առևտրային ցանցերը մոտ 20 տոկոսի չափով ավելի շատ ժամանակ ունեն մատակարարներին վճարումներ կատարելու համար, քան փոքր ու միջին առևտրային ցանցերը:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սպառողների կողմից խոշոր առևտրային ցանցերին նախապատվություն տալու հարցում որոշիչ ազդեցություն ունեն ցանցերում ապրանքների ներկայացվածությունը, լայն տեսականին, այնուհետև ապրանքների որակական հատկանիշները, ցածր գները, սպասարկումը, բրենդի ճանաչվածությունն ու առևտրի օբյեկտների նպաստավոր տեղակայումը։

Գերիշխող առևտրային ցանցերն իրացնում են ապրանքների շատ ավելի լայն շրջանակ, ապահովում են պարենային ապրանքների, ալկոհոլային խմիչքների, տնտեսական ապրանքների, խնամքի միջոցների և շատ այլ ապրանքների իրացում: Մինչդեռ փոքր ու միջին առևտրի օբյեկտները գլխավորապես մասնագիտացված են պարենային ապրանքների, ալկոհոլային խմիչքների և տնտեսական ապրանքների իրացման ուղղությամբ: 

Երևանում գործունեություն են իրականացնում 7 գերիշխող դիրք ունեցող առևտրային ցանցեր, որոնք ներառում են 4 և ավելի առևտրային օբյեկտներ, մասնավորապես դրանք են «Երևան Սիթի»-ն՝ 26 առևտրային օբյեկտներով, «Նոր Զովք»-ը՝ 23 առևտրային օբյեկտներով, «Էվրիկա»-ն՝ 12, «Սաս»-ը՝ 8, «Կրպակ»-ը՝ 7, «Էմ Ջի»-ն՝ 5  և «Պարմա» առևտրային ցանցը՝ 4 առևտրային օբյեկտներով:

Գերիշխող դիրք ունեցող  առևտրային ցանցերը գործունեություն են իրականացնում մայրաքաղաքի  գրեթե բոլոր վարչական շրջաններում: Պետրոսյանի խոսքով՝ դրա արդյունքում մանրածախ առևտրի ոլորտում առկա է մրցակցության բարձր մակարդակ:

Հանձնաժողովն ուսումնասիրություն է կատարել 7 գերիշխող սուպերմարկետներում («Երևան Սիթի», «Սաս», «Էվրիկա», «Նոր Զովք», «Պարմա», «Կրպակ», «Էմ Ջի» ):  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]