×


Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը եւ Արամ Mp3-ն

«Ես դրանով չեմ զբաղվել եւ չեմ զբաղվում». Արամ Mp3-ն՝ «Քոչարիի» շուրջ աղմուկի մասին

Արամ Mp3-ի եւ «3.33» խմբի «Քոչարի» երգի տեսահոլովակը երկար սպասված էր երկրպագուների կողմից, սակայն պրեմիերայից հետո շատերը սկսեցին քննադատել աշխատանքը. ոմանք նմանություններ գտան ամերիկյան Sofi Tukker դուետի «Purple Hat» երգի հետ, նաեւ չվարանեցին «Քոչարին» դրա պլագիատը համարել:

BRAVO.am-ը զրուցել է Արամի հետ՝ հասկանալու նրա եւ ստեղծագործական թիմի վերաբերմունքը նմանօրինակ կարծիքներին:

Երգչի խոսքով՝ մինչ նման մեկնաբանությունների հանդիպելն անգամ չէր լսել նշված երգը, թեեւ երգիչներին ծանոթ է.«Գիտեք, շատ երգեր կան, որ ռեփի հատվածները կարող են նման լինել, ինչը նորմալ է: Մեր երգի սկզբում էլ ռեփ է ներկայացված, եւ շատ հնարավոր է, որ նմանություն լինի. ես ինքս էլ, իհարկե, նմանություն տեսնում եմ: Մեր նպատակն ի սկզբանե եղել է ներկայացնել քոչարին. հստակ էր, որ պետք է լինի ռեփի հատված`բավական արագ, քանի որ բառերը խիտ էին, ապա՝ կրկներգ: Այսինքն՝ այստեղ երգի գողություն չկա. երգը սկսվում է կրկներգից»:

Արամը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ իր աշխատանքները համեմատում եւ նմանեցնում են այլ երգերի եւ տեսահոլովակների.«Իհարկե, նման խոսակցություններ միշտ լինում են. երբ թողարկվեց «Դաշտերով» երգի հոլովակը, այն նմանեցնում էին «Время и Стекло»-ի տեսահոլովակներից մեկին, «Կուզեսը»՝ մեկ այլ երգի, եւ այդպես շարունակ: Առհասարակ, երաժշտությունը կարող է կրկնվել, բայց պլագիատի մասին, իհարկե, խոսք չի կարող լինել. ես դրանով չեմ զբաղվել եւ չեմ զբաղվում: Եթե օգտագործեինք որեւէ հատված, անպայման նշված կլիներ դրա մասին»,- եզրափակեց արտիստը:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արամ Mp3-ի ֆեյսբուքյան էջից    



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին