Մատչելիության հղումներ

Եվրամիությունը լքող Մեծ Բրիտանիայում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները


Միացյալ Թագավորության դրոշը Եվրախորհրդարանում, ապրիլ, 2019թ․
Միացյալ Թագավորության դրոշը Եվրախորհրդարանում, ապրիլ, 2019թ․

Չնայած այն հանգամանքին, որ Մեծ Բրիտանիան գտնվում է Եվրամիությունից դուրս գալու` «Բրեքզիթ»-ի գործընթացի ավարտական փուլում, բրիտանացիներին այսօր հնարավորություն է տրվել Եվրամիության օրենսդիր մարմնի` Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ ընտրել: Նման պարադոքսալ իրավիճակի գլխավոր պատճառը Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու գործընթացի ձգձգումն է:

Նախապես ենթադրվում էր, որ Միացյալ Թագավորությունը Եվրամիությունը կլքի մարտի վերջին: Բրիտանացի խորհրդարանականները, սակայն, այդպես էլ չկարողացան հաստատել Բրյուսելի հետ կնքված համաձայնագրի տեքստը, և «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը հետաձգվեց մինչև հոկտեմբեր: Շարքային բրիտանացիներն արձանագրում են, որ Եվրախորհրդարանում Մեծ Բրիտանիան ներկայացնող 73 պատգամավորների ընտրությունը կարող է դառնալ ամենաանիմաստ քաղաքական գործողություններից մեկը, որին դիմել են երկրի քաղաքացիները:

«Եթե մենք ի վերջո լքենք Եվրամիությունը, ապա այս ընտրությունները կարող են համարվել փողերի անիմաստ վատնման թերևս ամենացայտուն դեպքերից մեկը: Իսկ եթե մնանք ԵՄ կազմում, ապա պետք է պատասխանենք` ո՞վ է մասնակցում այսօրվա ընտրություններին: Ես այս ամենը ուղղակի անիմաստ եմ համարում», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում պնդում էր Լոնդոնի բնակիչ Փոլ Ֆելոուզը:

Եվրախորհրդարանի ընտրություններն ընթանում են բրիտանական կառավարության ներսում չդադարող ճգնաժամի ֆոնին: Դրա հերթական սուր փուլը սկիզբ առավ այս շաբաթ, երբ վարչապետ Թերեզա Մեյը չբացառեց, որ Համայնքների պալատի օրակարգում կարող է ընդգրկվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով նոր հանրաքվեի անցկացումը: Մեյի այս հայտարարությանը հաջորդեց կառավարության առանցքային անդամներից մեկի` Համայնքների պալատում կառավարության ներկայացուցիչ նախարար Անդրեա Լիդսոմի հրաժարականը:

«Երեք տարի շարունակ ես անվերապահորեն պաշտպանել եմ «Բրեքզիթ»-ի գաղափարը: Այդ իսկ պատճառով ես չեմ կարող վաղը կառավարության անունից Համայնքների պալատին մի այնպիսի օրինագիծ ներկայացնել, որն ինձ համար անընդունելի դրույթներ է պարունակում և հակասում է «Բրեքզիթ»-ի էությանը», - հայտարարել է Լիդսոմը:

Բրիտանական մամուլի տեղեկություններով՝ «Բրեքզիթ»-ի ամենասկզբունքային ջատագովներից մեկը հանդիսացող Լիդսոմի այս քայլը վարչապետության պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու յուրատեսակ հայտ է:

Լոնդոնյան Daily Telegraph-ի տեղեկություններով՝ Թերեզա Մեյը երեկ հրաժարվել է հանդիպել իր իսկ կառավարության մի շարք առանցքային անդամների` արտաքին գործերի, ներքին գործերի և Շոտլանդիայի հարցերով նախարարների հետ, որոնք ցանկանում էին վարչապետից բացատրություններ ստանալ «Բրեքզիթ»-ի շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացման հնարավորության վերաբերյալ:

Կարելի է ենթադրել, որ ներկուսակցական պայքարը պահպանողականների շրջանում առաջիկայում է՛լ ավելի կթեժանա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մեյն արդեն առաջիկա օրերին կարող է ի վերջո կատարել նախկինում տրված խոստումը` հրապարակելով իր հրաժարականի կոնկրետ ժամկետները:

Բրիտանական որոշ պարբերականների տեղեկություններով՝ Մեյը այդ մասին կարող է հայտարարել արդեն վաղը: Դա, սակայն, չի նշանակում, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը անհապաղ կերպով լքելու է Դաունինգ Սթրիթ 10 հասցեում գտնվող նստավայրը:

«Թերեզա Մեյն է լինելու այն վարչապետը, որ կողջունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին [հունիսի սկզբին նախատեսված] նրա այցի ընթացքում: Եվ դա միանգամայն ճիշտ է», - այսօր Լոնդոնում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG