Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն Սև ծովում Վրաստանին աջակցելու միջոցառումներ է քննարկում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն եւ Թբիլիսին քննարկում են Վրաստանին աջակցելու համար համագործակցության խորացման հնարավորությունները՝ կապված Սեւ ծովի իրադրության հետ: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որն այցով հանրապետությունում է գտնվում ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությունների կապակցությամբ:

«Ներկայում մենք մտածում ենք, թե էլի ինչ կարող ենք անել Վրաստանի ծովային հնարավորությունների ոլորտում»,-ասել է Ստոլտենբերգը՝ ամփոփելով երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ կայացած հանդիպման արդյունքները: Ընդսմին նա հայտարարել է Սեւ ծովի տարածաշրջանում «Ռուսաստանի ներկայության զգալի ուժեղացման» մասին: «Մենք կիսում ենք ձեր մտահոգությունը՝ Սեւ ծովի տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ուժեղացման կապակցությամբ:

Հենց դրա համար էլ մենք ուժեղացնում ենք մեր համագործակցությունը, այդ թվում՝ ծովային ուժերի ոլորտում: Մենք ուսուցում ենք տրամադրում վրացական առափնյա պահպանությանը, եւ այսօրվա հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք, թե էլի ինչ կարող ենք անել մեր համագործակցույթան ուժեղացման համար»,-ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Վրաստանը մեծ հաջողության է հասել եվրատլանտյան ինտեգրացման ճանապարհին, եւ նա անպայման ի վերջո կդառնա դաշինքի անդամ, սակայն չի ճշտել ո՛չ անդամակցության ժամկետը, ո՛չ էլ այն, թե նա կկարողանա արդյոք դա անել առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի: Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումն ընդունում է Վրաստանն ինքը եւ դաշինքի մյուս անդամները: Ուստի «Ռուսաստանը կամ որեւիցե այլ երկիր չի կարողանա ազդել այդ գործընթացի վրա»:

Նա մեկ անգամ եւս հավաստել է, որ դաշինքը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում եւ կոչ է անում Ռուսաստանին՝ հրաժարվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս