Դատարաններն ամենօրյա հրետանու տակ են. ԲԴԽ նախագահ

Հայաստանի Հանրապետությունում դատարաններն ամենօրյա հրետանու տակ են. ուղիղ նշանառությամբ կրակում են դատավորների վրա տեղին կամ անտեղին, պատեհ կամ ոչ պատեհ, արժան կամ անարժան մարդիկ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Նրա հետ զրուցել ենք դատաիրավական համակարգում առկա իրավիճակի եւ խնդիրների մասին:

- Պարո՛ն Վարդազարյան, դատարաններն ու դատաիրավական համակարգն այսօր ավելի քան երբեւէ գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում։ Սա ինչի՞ մասին է խոսում։

- Վերջին մեկ, մեկուկես տարում շատ-շատ հարցեր լուծվում են դատարաններում եւ դատարանների միջոցով: Կարծում եմ՝ դա է պատճառը, որ դատարանները հանրային ուշադրության կենտրոնում են, դրան նպաստում են երեւի նաեւ այն խնդիրները, որ այսօր առկա են դատական համակարգում:

- Որո՞նք են այդ խնդիրները:

- Նախեւառաջ՝ դատարանների  ծանրաբեռնվածությունը: Ես մի վիճակագրություն ասեմ. 2015-2018 թվականների ընթացքում նախորդ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ուսումնասիրվել է մոտ 2 միլիոն գործ: Ամեն դատավորի վարույթում կա 2500-3000 գործ. սա սոսկալի ծանրաբեռնվածություն է: Դատավորների ծանրաբեռնվածության համաշխարհային ստանդարտների համաձայն՝ յուրաքանչյուր 100.000 բնակչի համար պետությունները նախատեսում են 21, որոշ երկրներում՝ 30-33 դատավոր: Մեզ մոտ 7 է, այսինքն՝ երեք անգամ պակաս: Հետեւաբար՝ ունենք արդարադատության երեք անգամ պակաս որակ, երեք անգամ ավելի ծանրաբեռնվածություն, երեք անգամ ավելի դժգոհություն, երեք անգամ քիչ թեկնածու, ովքեր ուզում են դառնալ դատավոր: Ամեն ինչ կախված է այս ծանրաբեռնվածությունից: Դատավորների`գիտականորեն հիմնավորված տարեկան ծանրաբեռնվածությունը 20-30 դատական ակտն է, մեզ մոտ այդ թիվը հասնում է 1000-1200-ի: Հետեւաբար՝ այդ ավել մասի չափով ընկնում է որակը, նաեւ՝ վստահությունը:

- Այդ վստահությունն այսօր հանրության կողմից ըստ Ձեզ բավարա՞ր է:

- Գտնում եմ, որ բավարար չէ, եւ դեռ շատ աշխատանք պետք է արվի, որպեսզի ունենանք այն վստահությունը, որ բոլորս ուզում ենք: Բայց դրա համար միայն դատավորները չէ, որ ունեն անելիք: Հավասար համամասնությամբ անելիք ունեն ե՛ւ իշխանության մյուս ճյուղերը՝ Կառավարությունը, Ազգային ժողովը, ե՛ւ լրագրողները: Դատական համակարգում աշխատելը պետք է լինի գրավիչ, մինչդեռ մասնավոր կառույցներում կամ պետական այլ կառույցներում աշխատելն այսօր ավելի գրավիչ է. նախ, աշխատավարձն է ավելի բարձր, եւ հետո, ամենօրյա հրետանու տակ չեն հայտնվում: ... Բոլորի մոտ այնպիսի տպավորություն է, թե դատավորը սեւ պատմուճան հագած մի մարդ է, որը ջղային դեմքով ընդմիջումներին քյաբաբ է ուտում, իսկ նրա շաբաթ-կիրակի օրերը անհասկանալի է՝ ինչպես են անցնում: Բայց ես վստահեցնում եմ, որ մեր բոլոր դատավորները կենսուրախ են եւ նորմալ աշխատում են: Իհարկե, ունենք նաեւ վատ դատավորներ, ունենք խնդիրներ, որոնք լուծման փուլում են կամ խնդիրներ, որոնք ընդհանրապես հնարավոր չէ լուծել առկա բյուջեի պայմաններում: Բայց մեր դատավորների հիմնական մասը պայծառ, նվիրյալ մարդիկ են, որոնք առավոտից երեկո աշխատում են:

- Անվստահության մասին հաճախ խոսվում է նաեւ իրավաբանական համայնքի կողմից, եւ կասկածի տակ է դրվում գործերի մակագրման գործընթացը, երբ, օրինակ, մինչդատական վարույթում որեւէ որոշման դեմ բերված բողոքը մակագրվում է այդ որոշումը կայացրած դատավորին: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Բազմաթիվ առիթներով ես ինքս էլ լսել եմ խոսակցություններ, որ համակարգին միջամտում են, որ միջամտողները կարողանում են համակարգի միջոցով այնպես անել, որ գործը մակագրվի այս կամ այն դատավորին: Հազար անգամ փորձել եմ ճշտել՝ դա հնարավոր է, թե ոչ, եւ բացասական պատասխան  եմ ստացել: Երբ լսեցի, թե իբր գումարի դիմաց են միջամտում, ես ինքս փորձեցի  քողարկված եղանակով դա առաջարկել, ինձ ասացին՝ այո, խոսք տվեցին, փորձեցին, բայց էլի չստացվեց: Հնարավոր չէ միջամտել էլեկտրոնային մակագրման համակարգին ոչ տեսականորեն, ոչ ֆիզիկապես: Ավելին ասեմ, մի քանի ամիս առաջ մի հանրահայտ գործով փաստաբանը բողոք էր բերել այն մասին, որ միջամտություն է տեղի ունեցել: Նշանակվել էր դատատեխնիկական համակարգչային փորձաքննություն, եւ արդյունքը եղել էր բացասական: Այդտեղ աշխատում է պատահականության սկզբունքը: Ներդրման պահից մինչ օրս ես որեւէ անգամ չեմ լսել, որ որեւէ մեկը կարողանում է միջամտել էլեկտրոնային մակագրման համակարգին: Դա հերյուրանք է, բամբասանք է, սուտ:

- Իսկ մակագրման այդ գործընթացն առավել թափանցիկ ու բաց դարձնելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

- Այո, շատ կուզեմ, բայց թող ասեն, թե ոնց, ես  մեխանիզմը չեմ պատկերացնում: Ունենք սերվեր, որը տեղակայված է Վճռաբեկ դատարանի շենքում: Ունենք ծրագիր, որը ներբեռնված է այդ սերվերում: Գրասենյակի աշխատողը գործը մուտք է անում համակարգիչ, հիմա սերվերի աշխատանքը ո՞նց դարձնենք առավել թափանցիկ: Այսինքն՝ ո՞նց կարելի է ծրագրի աշխատանքը դարձնել առավել թափանցիկ: Իմ նշած օրինակով փորձաքննություն է արվել, փորձագետները եզրահանգել են, որ համակարգին չեն միջամտել եւ հնարավոր էլ չէ միջամտել: Դրանից ավելի թափանցիկություն ես չեմ պատկերացնում:

- Պարո՛ն Վարդազարյան, այսօր շատ է խոսվում դատավորների նկատմամբ ճնշումների մասին, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի շրջանակում։ Ձեր գնահատմամբ` այդպիսիք կա՞ն, թե՞ ոչ։

- Երբ անցյալ տարի ամռանը դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, հնչեց տեսակետ, թե դատարաններին իշխանությունները ճնշել են, թե ոչինչ չի փոխվել, թե հեռախոսային արդարադատություն է իրականացվում եւ այլն, եւ այլն: Անցավ երկու ամիս, եւ դատավոր Ազարյանը անձեռնմխելիության հիմքով Քոչարյանին ազատ արձակեց: Եվ ահա, հակառակ կողմը սկսեց ասել, թե նախկինները դատարանների վրա ճնշում են գործադրում, թե դատավորները նախկին իշխանության տակ են աշխատում: Անցավ որոշ ժամանակ, եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը ապօրինի որակեց Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը, եւ որոշեց նրան նորից կալանավորել: Էլի սկսեցին քննադատությունները, թե ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի, թե իշխանությունները ճնշում են, եւ այդպես շարունակ: Իսկ հնարավոր չէ՞ մի պահ պատկերացնել, որ ոչ այն կողմն է ճնշում, ոչ՝ այս: Ամեն դատավոր օրենքի շրջանակներում անում է այն, ինչը պատկերացնում է իր իրավագիտակցությամբ:

- Այսինքն՝ որեւէ դատավորի կողմից որեւէ ճնշման ահազանգ երբեւէ չե՞ք ստացել:

- Ստացել ենք, օրինակ, դատավոր Դավիթ Գրիգորյանից, երբ նա դիմեց մեզ՝ ասելով, որ իր նկատմամբ քրեական գործ հարուցելը դիտում է որպես ճնշում: Այդ ժամանակ ԲԴԽ-ն ուսումնասիրեց նրա դիմումը եւ իր դիրքորոշումը հայտնեց Հատուկ քննչական ծառայությանը այն մասին, որ վերջինս արել է որոշակի գործողություններ, որոնք չէին բխում օրենքից: Կհիշեք՝ վերջերս դատավոր Դանիբեկյանին էին գիշերով երկու երիտասարդ այնքան մոտեցել, որ դատավորի անձեռնմխելիությունը փոքր-ինչ խախտվել էր: Ես ինքս գնացել եմ Շենգավիթի դատարան, խոսել եմ իրավապահ մարմինների հետ, եւ առաջին իսկ պահից նրան տրամադրվել է թիկնապահ, որ որեւէ մեկը չկարողանա դատավորին ֆիզիկապես մոտենալ այնքան, որ դա դատավորի նկատմամբ վտանգ ներկայացնի:  Չկա ՀՀ-ում մի դատավոր, որի նկատմամբ ճնշում գործադրվի, եւ ԲԴԽ-ն դրան չարձագանքի:

- Դատավոր Դավիթ Բալայանի դեպքում այդ ֆիզիկական միջամտությունը չկա՞ր:

- Չգիտեմ՝ դուք նայել եք տեսանյութը թե ոչ, համենայն դեպս, իհարկե, Դավիթ Բալայանին փորձեցին պատուհանից ներս չթողնել, բայց անձրեւ էր, եւ Դավիթ Բալայանի ոտքը սայթաքեց: Թեեւ միեւնույն է, եթե մի պահ ընդունենք, որ Դավիթ Բալայանը միշտ է պատուհանից մուտք գործում, ոչ ոք իրավունք չունի նրան խանգարել, ֆիզիկական միջամտություն չպիտի լինի: Այնքան իրավունք չունեն դատարանին մոտենալ, որ դատարանը վտանգ չզգա, ուր մնաց՝ ֆիզիկական միջամտություն լինի:

- Վերջերս Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը վարույթ ընդունեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքներից մեկը,  եւ պաշտպանները խնդրահարույց համարեցին դատավորի ինքնաբացարկ չհայտնելը՝ պայմանավորված հատկապես նրանով, որ դատավորի որդին մասնակցել էր Քոչարյանի դեմ դատարանի բակում կազմակերպված ակցիաներին: Դատավորի այդ քայլը Դուք խնդրահարույց համարու՞մ եք:

- Ես մամուլից եմ ծանոթացել ձեր ասածին, եւ ձեռնպահ կմնամ որեւէ կարծիք հայտնելուց, որովհետեւ եթե կարգապահական վարույթ հարուցվի (պաշտպանական կողմն այդ հարցով դիմել էր Արդարադատության նախարարություն-խմբ.), հնարավոր է՝ այդ հարցը գա ԲԴԽ, եւ ԲԴԽ-ն հանդես գա որպես դատարան, դրա համար էլ երբ ես դրա մասին որեւէ լուր եմ տեսնում, չեմ ընթերցում եւ որեւէ կանխակալ կարծիք չեմ ուզում ասել:

- Իսկ առհասարակ, դատավորները պիտի՞ կաշկանդված լինեն իրենց մերձավոր ազգականների գործողություններով կամ քաղաքական հայացքներով՝ հաշվի առնելով Քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածը:

- Ես կողմնակից եմ դատավորի ընտանիքի անդամների քաղաքական զսպվածություն դրսեւորելուն, մենք ունենք ընտանիքներ, որտեղ մեկից ավել դատավորներ են՝ հայր եւ որդի կամ մայր եւ որդի: Գտնում եմ, որ շատ նորմալ երեւույթ է, երբ դատավորը օրենքով ապաքաղաքականացված է, եւ ընտանիքի անդամներն էլ պիտի քաղաքական զսպվածություն դրսեւորեն: Բայց դա իմ անձնական կարծիքն է: Դրա համար երեւի պետք է համաշխարհային փորձն ուսումնասիրել, որպեսզի կարողանանք միասնական մոտեցում դրսեւորել:

- Պարո՛ն Վարդազարյան, միջազգային կառույցների խորհրդատվական կարծիքները ՀՀ-ի համար ի՞նչ չափով կարեւորություն ունեն. դրանց կարելի՞ է վերաբերվել զուտ որպես խորհրդատվական կարծիքի թե՞ որոշումների կայացման հարցում անպայման պիտի հաշվի առնվեն:

- Եթե այդ խորհրդատվական կարծիքը իրոք մասնագիտական է եւ ապաքաղաքական, ապա այն պետք է հաշվի առնել, իսկ եթե դա քաղաքականացվում է, ապա իշխանությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը թող որոշում կայացնի՝ հաշվի առնել, թե ոչ: Համենայն դեպս, իմ կարծիքով՝ եթե ակնհայտ քաղաքականացված չէ, ապա հաշվի առնելը անհրաժեշտ է:

- Խոսենք նաեւ Սահմանադրական դատարանի մասին. ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը վերջերս հրապարակած իր նամակում նշել էր, որ պետք է իրավաքաղաքական գնահատական տրվի ՍԴ-ի նախորդ տարիների գործունեությանը: Դուք դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք:

- Ես չեմ կարող ասել, թե նա ինչ նկատի ունի: Ինչպես ցանկացած մարմնի, այնպես էլ Սահմանադրական դատարանի գործունեությանն ամեն օր էլ տրվում է իրավաքաղաքական գնահատական, ոչ մի նոր բան նա չի ասել: Սրանից ավելի ո՞նց տրվի, փաստաթղթի տեսքո՞վ: Վահե Գրիգորյանը, նրա համախոհները ամեն օր քննադատում են ՍԴ նախորդ տարիների գործունեությունը, մյուս թեւը՝ հակառակը: Իրավաքաղաքական օբյեկտիվ գնահատական տալու համար ինչ-որ մի երրորդ կողմ է պետք, թե ով կարող է դա լինել, ես չեմ կարող ասել, եւ անկեղծ ասած, անհրաժեշտությունն էլ չեմ տեսնում. բոլորս էլ գիտենք՝ իրականում ինչ է տեղի ունեցել:

- Ձեր գնահատմամբ՝ ՍԴ-ում այսօր ճգնաժամ կա՞ թե՞ ոչ:

- Ես արդեն ասել եմ, որ այո, գտնում եմ, որ ՍԴ-ում կա ճգնաժամ: Թեպետ իմ գործընկերները՝ ԲԴԽ-ից դուրս, քննադատեցին՝ ասելով, որ դա ԲԴԽ նախագահի ասելիքը չէ, բայց ես կարծում եմ, որ առնվազն ազնիվ է պետք լինել: Եթե ես տեսնում եմ ճգնաժամ, ինչու՞ չասեմ. ԲԴԽ-ն այսպես թե այնպես առնչություն չունի ՍԴ-ի գործունեության հետ: Ես որպես քաղաքացի եմ դա տեսնում: Ամեն օր հեռուստացույցը միացնում ես, եւ կեսը ՍԴ-ն քննադատում են, կեսը՝ պաշտպանում. դա արդեն նորմալ երեւույթ չէ: ՍԴ-ն այնքան հարթ ու հանդարտ պիտի աշխատի, որ նրա ձայնն անգամ չլսվի:

- Այս պարագայում ի՞նչ ելք եք տեսնում:

- Այ դա չեմ կարող ասել, հիմա ինչ-որ «դեղահաբ» չկա, որ ասեմ՝ այ սա ամենալավ ելքն է: Բայց վստահ եմ, որ ելքը ցավոտ է լինելու: ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հարիր չէ Հայաստանի Հանրապետությանը, բայց հարցն ի վերջո հանգուցալուծվելու է:

 

Տպել
4004 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում