211652_close_icon
views-count3345 դիտում article-date 12:15 23-12-2017

Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանները համագործակցության հուշագրեր են կնքել Մոսկվայի 2 վարչական շրջանների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում ՌԴ մայրաքաղաք այցելած Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարներ Մանվել Ջավադյանը և Արա Սադոյանը հանդիպումներ են ունեցել Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոնական վարչական շրջանների ղեկավարներ Վլադիսլավ Բազանչուկի և Վլադիմիր Գովերդովսկիի հետ: Հանդիպումների շրջանակում կողմերը քննարկել են Երևանի և Մոսկվայի վարչական շրջանների միջև համագործակցության նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով: Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները նկատել են, որ երկու քաղաքների վարչական միավորները մեծ ներուժ ունեն երկուստեք հարաբերությունները խորացնելու և փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար: Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոնական վարչական շրջանների ղեկավարներն էլ իրենց հերթին կարևորելով երևանյան գործընկերների հետ կապերի ամրապնդումը, նշել են, որ հերթական այս այցի շրջանակում ստորագրվելիք համագործակցության հուշագրերը առավել առարկայական կդարձնեն փոխգործակցության շրջանակը: Հանդիպումների շրջանակում Երևանի Ավան և Մոսկվայի Հյուսիսային, ինչպես նաև Երևանի Կենտրոն և Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանների միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր: Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ երկուստեք համագործակցության ծրագրեր կիրականացվեն տնտեսության կառավարման, սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական, սպորտի և երիտասարդության հարցերի, զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև տնտեսական կապերի հաստատման ու մի շարք այլ ուղղություններով, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով:

Նմանատիպ նյութեր