«Ղարաբաղյան խնդրի հարցը, հնարավոր է, բարձրացվել է Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում». Գևորգ Միրզայան

Հարցազրույց Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսների համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Գևորգ Միրզայանի հետ

– Պարոն Միրզայան, հայտարարվում է, որ Անկարայում Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, նաև՝ քրդական և սիրիական խնդիրներին վերաբերող հարցեր։ Ձեր կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրությունները և Ղարաբաղյան հակամարտության խնդիրը եղե՞լ է նրանց քննարկման թեմա։

– Հազիվ թե։ Թուրքական և հայկական իշխանությունների գործողությունների հետևանքով Ցյուրիխյան պատմական արձանագրությունները խորը թաղված են, իսկ դրանց վերադառնալու համար նորից պետք է սպասել համապատասխան պահի։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրին, ապա, հնարավոր է, հարցը բարձրացվել է։ Մոսկվան, ինչպես և Երևանը, հետաքրքրված է հակամարտության սառեցման հարցում, և, որպեսզի Թուրքիան որոշակի ազդեցություն գործի «ապասառեցնող» կողմի՝ Ադրբեջանի վրա։

– Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիան արդեն ռուսական կողմին է հանձնել անհրաժեշտ կանխավճարը՝ Ռուսաստանի Դաշնությունից С-400 զենիթահրթիռային համալիրների գնման համար։ Մոսկվայում չկա՞ն մտավախություններ, որ Թուրքիան այդ համակարգերը կփոխանցի Ադրբեջանին կամ կտեղակայի Հայաստանի հետ սահմանին։

Կարդացեք նաև

– Առաջին հերթին՝ Թուրքիան կարիք չունի դա անելու, С-400-ը հարկավոր է սեփական կարիքների համար։ Երկրորդ՝ Անկարան ինքնիշխան է որոշելու, թե որտեղ դրանք տեղակայի։ Եվ չկա ոչ մի սարսափելի բան, եթե նա այդ համակարգը տեղակայի արևելյան սահմանների մոտ։ Հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, և հարձակումը նրա վրա հարձակում է ՀԱՊԿ-ի վրա։ Իսկ ՀԱՊԿ-ը դեռ ոչ մի անգամ կասկածանքի տեղիք չի տվել (եթե ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական տարածքի ռմբակոծություններից հետո Սերժ Սարգսյանը չի նախաձեռնել գործընթաց ՀԱՊԿ-ի արձագանքը ստանալու համար, ապա բոլոր հարցերը՝ նրան)։

– Միջազգային հարթակում հերթական քաղաքական-իրավական գործընթացն է սկսվել Բաքվի դեմ։ Իսրայելը քննում է անօդաչու սարքերի հետ կապված հայտնի դեպքը, Եվրոպայի խորհրդում մեկը մյուսի հետևից մերկացվում են պատգամավորներ, որոնք սպասարկել են «խավիարային դիվանագիտությունը», ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև է շրջանառվում։ Բուլղարիայում հետաքննությունն անգամ ռազմատեխնիկական կապ է գտել Ադրբեջանի և «Իսլամական պետության» միջև։ Իսկ 2 օր առաջ ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել Մագնիտսկու օրենքն Ադրբեջանի դեմ կիրառելու նախագիծ։ Ադրբեջանը, կարծես, մոտեցել է իզգոյ-պետության վերածվելու վտանգի շեմի՞ն։

– Ոչ, Ադրբեջանը չի հանդիսանում և չի դառնա իզգոյ-պետություն։ Դրա համար կան 2 պարզ պատճառներ՝ Ադրբեջանն ունի նավթ և գազ, որն անհրաժեշտ է Եվրոպային, և չի կարելի Բաքվին նետել Մոսկվայի գիրկը։ Ադրբեջանի հանդեպ մարդու իրավունքների հետ կապված շատ պահանջներ կան, բայց ոչ ավելին։

– Միչիգանը դարձել է ԱՄՆ-ի 8-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի անկախությունը։ Ի՞նչ արդյունք կարող է տալ ճանաչումը,  և այն ինչպե՞ս կազդի քաղաքական գործընթացի վրա։

– Ամբողջ էությունն այն է, որ հերթական լոբբիստները հայկական սփյուռքից բավականին զգալի գումարներ են ստացել։ Տարբեր նահանգների կողմից Ցեղասպանության ճանաչումը չի բերում Միացյալ Նահանգների կողմից ճանաչմանը։ Թեև, եթե անգամ ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ, դա իր հետ չի բերի թուրքական ճանաչմանը։ Ոչ մի թուրք գիտակից նախագահ երբեք չի ընդունի Ցեղասպանությունը, քանի դեռ այդ հարցն առնչվում է նյութական խնդիրներին՝ փոխհատուցում, գույքի վերականգնում։ Եթե Հայաստանին անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, հարկավոր է հարցը նյութական հարթությունից տեղափոխել բարոյական կամ հումանիտար ոլորտ, այսինքն՝ պաշտոնապես հայտարարել, որ պետք է միայն ներում հայցել, այդ դեպքում ի հայտ կգա աննշան շանս։ Իսկ այն ֆինանսական միջոցները, որ ծախսվում են արևմտյան երկրներում ճանաչմանն ուղղված լոբբինգի վրա, ճիշտ կլիներ ուղղել Հայաստանի զարգացմանը։

– Սեպտեմբերի 25-ին կայացավ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն։ Արցախի ԱԳՆ-ն ողջունեց հանրաքվեն, իսկ Երևանը դեռևս ձեռնպահ է մնում գնահատականներից։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել տարածաշրջանում՝ անկախության հռչակումից հետո։

– Պատերազմ է լինելու։ Իրանը, Իրաքը և Թուրքիան կներգրավվեն դրանում և կոչնչացնեն քրդերին։ Հենց այդ պատճառով Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Բարզանին չի հայտարարում անկախության մասին և հանրաքվեի արդյունքներն օգտագործում է Բաղդադի հետ բանակցություններում։ Եվ, իհարկե, սեփական քաղաքական դիրքի ամրապնդման համար։

Տեսանյութեր

Լրահոս