News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2017-ին նորից նվազել է ծնելիության հոգեբանական շեմը։ Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի ղեկավար Վանիկ Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ անցած տարի ծնելիության հոգեբանական շեմը, որը կազմում է տարեկան 40 հազար նորածին, նվազել է մինչև 37․7 հազար։  «Վերջին երկու տարիներին Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների դիմանիկան տագնապալի է ու անբարենպաստ։ Շարունակվում է մշտական բնակչության թվի անընդմեջ կրճատումը»,- նկատել է մասնագետը։

Նրա հնչեցրած տվյալներով՝ միայն 2017-ին Հայաստանի մշտական բնակչությունը կրճատվել է 13․2 հազարով։ Մի քիչ բարելավվել են մահացության ցուցանիշները՝ անցած տարի մահերի քանակը կրճատվել է ավելի քան 800-ով։

«Նաև գրանցվել է բացասական դինամիկա ամուսնությունների ու ամուսնալուծությունների քանակում։ Ամուսնությունների քանակը կրճատվել է 1000-ով, իսկ ամուսնալուծությունների քանակը աճել է 290-ով»,- նշել է Բաբաջանյանը։

Զգալիորեն կրճատվել է ուղևորափոխադրումների բացասական սալդոն՝  2017-ին այդ ցուցանիշը կազմել է 26 հազար՝ 2016-ի 48 հազարի համեմատ։

ՄԱԿ Ազգաբնակչության հիմնադրամի հայկական գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, իր հերթին, ներկայացրել է 2018-ի առաջին եռամսյակի տվյալները՝ այդ ժամանակահատվածում ծնունդների թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 300-ով, բնակչության թիվը կրճատվել է 12 հազարով։ «Ուրախացնում է, որ գրանցվել է ամուսնությունների թվի աճ՝ 56-ով, սակայն ամուսնալուծությունների քանակը նույնպես աճել է 50-ով։ Բացարձակ նշանակությամբ ամուսնությունների քանակը 2018-ի առաջին եռամսյակում կազմել է 1021՝ 2017-ի 872-ի ու 2016-ի 851-ի համեմատ։ Ամուսնալուծությունների քանակը աճել է, սակայն աճի տեմպերը կրկնակի դանդաղել են»- նշել է նա։

Ծնելիության դինամիկան, պարզաբանել է մասնագետը, մշտապես նվազում է՝ հիմա մանկածին տարիք են մտնում 2000-ականներին ծնվածները։ Համեմատության համար նա հիշեցրել է, որ 1990-ին նորածինների թիվը 80 հազար է կազմել։ «Մեր կանխատեսումներով մինչև 2024 թվական նորածինների թիվը կկրճատվի մինչև 25 հազար, սակայն մինչև 2050 թվական այդ ցուցանիշը կարող է աճել ու հասնել 31 հազարի»,- ամփոփել է Ծովինար Հարությունյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ