Մատչելիության հղումներ

Արտաքին քաղաքականության հարցերը՝ նախընտրական ծրագրերում


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, հեղափոխության և հաջորդող օրերին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պարբերաբար նման ուղերձներով էր հանդես գալիս։ Հայտարարությունները արդեն ամրագրված են «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, որը, ըստ էության, կրկնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2015 թվականին հրապարակած գաղափարական շեշտադրումները։

«Ինքնիշխան և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն։ Մենք շարունակելու ենք մնալ ԵԱՏՄ կազմում, մենք շարունակելու ենք մնալ ՀԱՊԿ անդամ։ Այս առումով «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը որևիցե անակնկալներ չի պարունակում իր մեջ։ Սա չի նշանակում, որ այն բոլոր խնդիրները, որոնք որ մենք տեսնում ենք արտաքին քաղաքականության մեջ, ներառյալ դաշնակից պետությունների հետ, քննարկման ենթակա չեն կարող հանդիսանալ», - ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։

Նախորդ իշխանություններից հնչող քննադատություններին, թե այսպիսով Փաշինյանը ընդունում է Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին վարված «և՛,և՛»-ի քաղաքականությունը, Ռուբեն Ռուբինյանը հակադարձում է. - «Այժմ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին և ոչ թե մի խումբ տուշոնկա գողացող կոռուպցիոներների, և սրանից բխում են բոլոր հետևանքները, որ նոր կառավարությունը կաշկանդված չէ լեգիտիմության պակասով, կաշկանդված չէ իր թալանը պաշտպանելու ցանկությամբ, կաշկանդված չէ իր բիզնես շահերով»։

Իշխանությունից հեռացած Հանրապետականը վստահ է՝ ժամանակը ցույց է տվել, որ իրենց արտաքին քաղաքականությունը արդարացված է եղել, հետևաբար նախընտրական ծրագրում այս մասով սկզբունքային փոփոխություններ չկան։ Ծրագրի Արցախին վերաբերող հատվածում կարդում ենք՝ կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում, մինչդեռ ՀՀԿ իշխանության օրոք բանակցային սեղանին դրված բոլոր փաստաթղթերը ենթադրում են տարածքների զիջում։

Հանրապետականի պատգամավորի թեկնածու, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը արձագանքում է. - «Ինչի դիմաց՝ կարգավիճակի։ Իսկ այսօր մեր գործընկերները կարծես թե տպավորությունը էնպիսին է, որ պատրաստ են նաև հանուն խաղաղության նման գործողությունների գնալ։ Դա բացառված է, դա մենք թույլ չենք տալու»։

«Ազատության» հարցին, թե ինչի՞ց է հետևություն արել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խաղաղության դիմաց պատրաստ է զիջումների գնալ, Զաքարյանը պատասխանեց. - «Ես հիմա չունեմ այդ այսպես ասած հիմնավորված մտահոգությունը, որ նրանք անպայման մտածում են այդպիսի...., բայց բալանսի խախտման պարագայում կարող է ստեղծվել մի իրավիճակ՝ սխալ հաջորդական գործողությունների, որ արդեն իրականացված են և՛ ՀԱՊԿ-ում, և՛ մնացած մեր բոլոր գործընկերների, կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ ստիպված լինեն նույնիսկ գնալ դրան»։

«Բացառվում է Արցախի հակամարտության հանգուցալուծման այնպիսի տարբերակ, որը ընդունելի չի լինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար», - վստահեցրեց ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում ասված է. - «Հայաստանի և Եվրոպական Միության միջև կա բավականին մեծ չօգտագործված պոտենցիալ»: Դա սակայն չի նշանակում Հայաստանի անդամակցության դադարեցում այնպիսի կառույցներին, ինչպիսին են ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն, վստահեցնում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, իսկ ժամանակին նման գործընթացի նախաձեռնումը պայմանավորված էր հանգամանքով, որ գործող իշխանությունները ի դեմս ՀՀԿ-ի Հայաստանի շահերը պատշաճ չեն ներկայացրել։

Փաշինյանի իշխանության գործողություններում «Լուսավոր Հայաստանը» դեռևս նման վտանգներ չի տեսնում։ «Գործող իշխանության արտաքին քաղաքականության մասին կարելի է խոսել դեկտեմբերի 9-ից հետո։ Վստահ եմ, որ տարբերությունն կան, որովհետև դրանք կային նաև 15 թվականին», - նշեց կուսակցության նախագահը։

Ի պատասխան հարցին՝ այդ տարբերություննե՞րն էին նաև պատճառը միասին խորհրդարանական ընտրություններին չգնալու, Էդմոն Մարուքյանը ասաց. - «Կարող է լինել, այո։ Բազմաթիվ տարբերություններ կան, բայց միասին նրանք պետք է իմաստ ունենան։ Ժամանակին իմաստ ուներ միասին ինչ-որ բաներ անելը, որովհետև կար ռեժիմ, որի դեմ պետք էր համախմբվել, պայքարել, գնալ քանդել պատերը, չգիտեմ ինչ անել։ Բայց հիմա արհեստական միավորում կլինի, եթե մենք միանանք որևէ ուրիշի»։

«Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրում կարդում ենք՝ ժամանակն է 1920 թվականի Վիլսոնյան իրավարար վճռի դրույթներին համապատասխան Արցախը Հայաստանի կազմի մեջ ներառել և չեղյալ ճանաչել 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: Կուսակցությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն է տեսնում։

«Պայմանագրերը, որոնց մի զգալի մասը մեր պետության, մեր ազգի շահերի դեմ են, դրանց վերանայման միջոցով։ Քայլ առ քայլ», - ընդգծեց «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակի առաջի համարը զբաղեցնող Վարուժան Ավետիսյանը։

Չնայած «Սասնա ծռերի» այս շեշտադրումներին՝ «Մենք» դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանի պնդմամբ՝ իրենք միակ քաղաքական ուժն են, որ արևմտյան մոդելի կողմնակից են և կարծում են, որ քայլ առ քայլ պետք է շարժվել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով։

«Բացարձակ հակադիր մոտեցումներ ունենք։ Ես մշտապես ասել եմ, որ քաղաքական չեմ համարում այդ ուժը, դա քաղաքական ուժ չի իմ համար, իմ ընկալման մեջ։ Իրենք չեն առաջարկում պետության կառավարման մոդել, իրենք գոյություն ունեցող իրավիճակում ինչ-որ հանգամանքներ կոպիտ մերժում են», - նշեց Արամ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG