Կառավարության հակակոռուպցիոն գործողությունները շարունակվում են ամբողջ թափով, երկրում պահպանվում է հեղափոխական էյֆորիան, ինչն աննախադեպ բարձր վարկանիշ է ապահովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար: Սա լավ ազդակ է, մանավանդ առջևում խորհրդարանական արտահերթ ընտրություններն են, որոնց արդյունքներով ֆորմալիզացվելու է հեղափոխության հաղթանակը: Մյուս կողմից՝ երկրում բացակայում է քաղաքական դիսկուրսը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ստեփան Դանիելյանը և «Վերջ օլիգարխիային» շարժման առաջնորդներ Գոռ Հակոբյանն ու Սուրեն Սահակյանը:
«Շատ կարևոր և ֆունդամենտալ նախաձեռնություն է «Վերջ օլիգարխիային» շարժմումը: Նոր Հայաստանը գեղեցիկ կարգախոս է, սակայն բովանդակությունը բացված չէ, այսինքն՝ այն, թե մենք ինչ նոր իրավիճակ ենք փորձում ստեղծել, ինչպես ենք անօրինական համակարգից մտնում օրինական համակարգ: Եվ իհարկե թիվ մեկ խնդիրը սեփականության օրինականությանն է վերաբերում, և այն հիմնական մեխանիզմին, որով այդ սեփականությունը պետք է օրինականացվի, այսինքն՝ փոխհատուցման օրենքը»,- նշեց Ս. Դանիելյանը:
«Այս պահին տեղի է ունենում նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումը: Ստեղծվել էր անօրեն,քրեական համակարգ, և այսօր այդ համակարգը պետք է ապամոնտաժել և նրա փոխարեն կառուցել նոր համակարգ կամ նոր Հայաստան: Իսկ ինչպե՞ս ենք կառուցելու նորը, բազմաթիվ խնդիրներ կան՝ Սահմանադրության խնդիրը, սեփականության օրենքի, պատասխանատվության ինստիտուտի վերականգնման խնդիրը,- ընդգծեց Գ. Հակոբյանը:- 20 տարվա ընթացքում ստեղծված իրավիճակի հետևանքով այսօր ունենք անարդարությամբ ձեռք բերված սեփականություն: Այսօր մեր հանրությունը կարիք ունի սոցիալական արդարության»:
«Ընտրությունները հենց այնպես չեն կեղծվել, կուտակած սեփականությունը պաշտպանելու խնդիր էեղել»,- ընդգծեց տնտեսագետ Սուրեն Սահակյանը:
․Մեր զրուցակիցների դիտարկմամբ՝ ամենավտանգավոր բանը, որ կարող է տեղի ունենալ՝ սեփականության վերաբաշխումն է:
Մանրամասն՝ տեսանյութում: