▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորմոնալ սնունդ օգտագործելու դեպքում ուռուցքներ են առաջանում

Գենետիկորեն մոդիֆիկացված սնունդի շուրջ հակասական կարծիքների շքերթը շարունակվում է: Դեմ ու կողմ մասնագետները բացի փաստարկներից նաև մեկը մյուսին մեղադրում են պատվեր կատարելու մեջ:

«Այո՛, «Մոնսանտո»-ի թունաքիմիկատներն իրոք վտանգավոր են, բայց ոչ սերմերը: Ասում են՝ մեղուները սատկում են: Ես էլ ապացուցե՞մ, որ հեռախոսներից են սատկում: Կայանների կողքին մեղու չկա, ռադիոալիքը սպանում է: Որ բժիշկներն ասում էին՝ սրտին մոտ մի դրեք, հո պատահական չէի՞ն ասում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ու հավելեց.

«Այսօր ոչ ոք չի կարող ասել, որ այն վտանգավոր է, գիտական ապացույց դեռ չկա: «Մոնսանտո»-ն լուրջ գիտական ընկերություն է, 4 ուղղություն է զարգացնում: Սոյան բոլորդ էլ օգտագործում եք.դա երշիկի մեջ է, մայոնեզի, հրուշակեղենի: Եգիպտացորենը նույնպես ԳՄՕ է: Ինչ վերաբերում է ուռուցքներ առաջացնելու մասին հայտարարություններին, ապա դրանք ավելի շատ առաջանում են հորմոնալ սնունդ օգտագործելու դեպքում: Սա շատ տարածված է ՀՀ թռչնաբուծության ոլորտում.հավի մսի մեջ համ էլ չի մնացել: Լոլիկի, բիբարի մասին հայտարարություններով էլ հայ գյուղացուն են փնովում»,-նշեց  Հրաչ Բերբերյանը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանն ավելի վաղ ասել էր. «1994 թվականից գենետիկորեն մոդիֆիկացված սնունդը մուտք գործեց միջազգային շուկա: Բազմաթիվ նամակներ գրվեցին 2000 թվականից սկած, անգամ աշխարհի գիտնականները դիմեցին մարդկությանը՝ ներկայացնելով վտանգները շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության համար: Սրանք առաջացնում են ալերգիաներ, քաղցկեղ: Օրինակ՝ եթե ուզում ենք, որ լոլիկը ցրտադիմացկուն լինի, փնտրում ենք, թե բնության մեջ ո՞ր տեսակն է այդպիսին: Գտնում ենք՝ ձուկն է, որը սառը ջրում ապրում է: Հանում ենք ցրտադիմացկանության գենը, տեղափոխում վիրուսների, բակտերիաների հետ միասին: Եթե մարդն, ասենք, ալերգիա ունի ձկան նկատմամբ, ուտում է լոլիկն՝ առանց իմանալու, որ այնտեղ ձկան սպիտակուց կա: Պարզվում է, երբ օգտագործում ենք նման սնունդ, գեներն անցնում են արյան մեջ ու հղի կանանց դեպքում՝ երեխան արդեն փոփոխված կարող է ծնվել: Այդ նյութերը քաղցկեղ, սերունդների մոտ փոփոխություններ, տարբեր շեղումներ են առաջացնում»:

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանի փոխանցմամբ  էլ՝ «Մոնսանտո»-ն հզոր ընկերություն է, որն ամեն տարի լոբբիստական աշխատանքների համար մեծ քանակությամբ ֆինանսական ռեսուրսներ է ծախսում: «Մենք չենք կարող մեղադրել այս ընկերությանը, եթե Հայաստանը չի սահմանել խաղի կանոններ և չի արգելում գենետիկորեն մոդիֆիկացված գյուղատնտեսությունը: Մենք ունենք անկատար օրենսդրություն, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմի ռիսկի գնահատման համապատասխան կենտրոն կամ կառավարական հանձնաժողով: Ինչ վերաբերում է «Մոնսանտո»-ին, ապա դրա գործունեության հետ կապված են մի շարք թույներ, որոնք և՛ շրջակա միջավայրի, և՛ մարդու առողջության համար են նախատեսված: Ընկերության անունը կապված է հորմոնային խթանիչների արտադրության հետ, որոնց օգտագործման դեպքում կանանց մոտ կրծքագեղձի, տղամարդկանց մոտ շագանակագեղձի ուռուցքներ են առաջանում: Շաքարի փոխարինիչների հետ նույնպես կապ ունի ընկերությունը: Ավելին՝ կապ ունի միջուկային զենքի ու ատոմային ռումբի արտադրման հետ»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին