«Վիտալի Բալասանյանն էլ վարչապետի հետ է հաց կիսել». Արմեն Գրիգորյան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Վիտալի Բալասանյանի հայտարարությանը տված իր պատասխանի արձագանքներին ծանոթ չէ, սակայն նրա հայտարարության վերաբերյալ հարցն այլևս գտնվում է իրավապահների տիրույթում։

«Արդեն գիտեք, որ ԱԱԾ-ն գործը քննում է, և դրա շրջանակներում այլևս բան չկա ասելու։ Իրավապահ մարմինները կասեն՝ Վիտալի Բալասանյանի հայտարարության մեջ հանցակազմ կա՞ր, թե՞ ոչ։ Այդ պատճառով էլ նրանց են ուղարկել, որպեսզի ճշտեն»,- այսօր Կառավարության անդամների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Գրիգորյանը։

Ըստ նրա, եթե այսօր էլ իր հայտարարությունը տարածելու լիներ, ապա նույն ձևով, առանց փոփոխության նույն մտքերը կարտահայտեր։

Դիտարկմանը, որ համացանցում հիշում են, որ ինքը Վիտալի Բալասանյանի հետ նույն սեղանի շուրջ նստել ու հաց է կիսել, Ա. Գրիգորյանը նշեց, որ այդ ամենը պետք է Վիտալի Բալասանյանի հետ «ճշտվի», քանի որ վերջինս էլ վարչապետ «Նիկոլ Փաշինյանի հետ է հաց կիսել»։

«Նման հարցեր առաջին հերթին իրեն պետք է տաք, հետո նոր՝ ինձ, որովհետև առաջինն ինքն է հարցազրույց տվել, խոսել թեմաների մասին»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը։

Նա վստահեցրեց, որ այս ամենը չի կարող ազդել Հայաստանի ու Արցախի միջև եղած հարաբերությունների վրա, Արցախի մասով, առավել ևս, չի կարող նման բան լինել։

«Որևէ մեկի վերաբերյալ քննարկում չի եղել այն ժամանակահատվածի մասին, որում իրենք հերոսական վարքագիծ են ցուցաբերել։ Սա ընդհանրապես չի քննարկվում, ոչ միայն Վիտալի Բալասանյանի, այլ շատ այլ քաղաքական գործիչների կոնտեքստում է սա քննարկվում, որ Արցախում իրենք ժամանակին այսինչ բանն են արել։ Հիմա օրինակ ասեմ՝ ես էլ հեղափոխությունում եմ ներդրում ունեցել, արդյոք իրավունք ունե՞մ հավելյալ այլ բաներ անելու»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի բնորոշմանը, թե ինքը դասալիք է, Արմեն Գրիգորյանը նախ սկզբում չհիշեց նախկին պատգամավորին, ապա ասաց՝ «դա այն դաշնակ պատգտամավորն էր, որը դեմ էր քվեարկել հեղափոխությանը»։

«Դասալիք ասելով՝ նկատի ունեն, որ ես չեմ ծառայել, բայց ծառայել եմ Պաշտպանության բանակում։ Եթե Աղվան Վարդանյանի կարիերան ավարտվել է հեղափոխությունում, որում մեծ ներդրում եմ ունեցել, բնական է, որ նման կարծիք կարտահայտի»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ Աղվան Վարդանյանը նաև գրող է, Ա. Գրիգորյանը նկատեց՝ կարող է գրող լինել, բայց նաև «կեղծ» լինել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս