«Մայիսի 1-ին ուղղակի շատ ավելի դաժան ճնշում է լինելու հասարակության կողմից, քան մենք ունեինք ապրիլի 17-ին»

Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հետ։

– Պարոն Սաֆարյան, Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունները տապալվեցին։ Ձեր կարծիքով՝ գործընթացների զարգացման ի՞նչ սցենարներ են հնարավոր։

– Բանակցությունների տեսության մեջ մի պարտադիր ցուցում կա՝ կողմերը պետք է անպայման կոմունիկացիան պահպանեն, եթե անգամ համաձայն չեն։ Այս պահին Կարեն Կարապետյանն ուղղակի վտանգավոր բան է անում և՛ իշխանության, և՛ երկրի, և՛ երկրի կայունության տեսանկյունից, որովհետև հրաժարվում է կոմունիկացիայից։ Ընդ որում՝ կոմունիկացիայի այն եղանակը, որն առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը, քմահաճություն չէր, որովհետև, ինչպես Կարեն Կարապետյանը ցույց տվեց ամսի 23-ին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած բանակցության մեկնաբանությունից, կարծես, թե փակ դռների հետևում նրանց կոմունիկացիան ճիշտ չի հասկացվում։ Իսկ այդ դեպքում, ուրեմն ընդդիմության լիդերին ուրիշ ոչինչ չի մնում, քան հրավիրել հրապարակային հաղորդակցության հարթակ, ինչը և արեց Նիկոլ Փաշինյանը հրապարակի ամբիոնից, և ուղղակի անհասկանալի է Կարեն Կարապետյանի հրաժարվելը որևէ տեսակի կոմունիկացիայից։

Եթե ինքը ստանձնում է, կամ հավակնում է լինել երկրի ղեկավար, կամ անգամ ՀՀԿ-ի ղեկավար, ինչն, անկեղծ ասած, ինձ մոտ թողնում է ՀՀԿ-ի ներսում Սերժ Սարգսյանի դեմ հեղաշրջման տպավորություն, ապա այդ դեպքում նա պետք է վերցնի այդ պատասխանատվությունն ու պահի հաղորդակցությունը։

Լարվածության այս աճի պայմաններում, երբ ակնհայտ է ֆուրորային վիճակը Գյումրիում, և միայն Երևանը չէ, ուր էլ գնա Նիկոլ Փաշինյանը, ամբողջ հանրապետությունում տրամադրությունները նույնն են, այս վիճակում Կարեն Կարապետյանն իր անգործութամբ նպաստում է ճգնաժամի խորացմանը։

– Փողոց դուրս եկած ու Փաշինյանին ողջունող մարդիկ բոլորը նրան կընտրե՞ն, Ձեր կարծիքով։

– Ո՛չ։ Ինչպես նկատում եք, այդ ձայները շատ են, և մարդիկ անգամ մի կողմ են դրել տարբեր խնդիրների շուրջ տարաձայնությունները, օրինակ՝ ես գտնում եմ, որ երկրին պետք է լյուստրացիա, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ լյուստրացիա պետք չէ, բայց դա ինձ և մյուս համաքաղաքացիներին չի կանխում հասկանալու ստեղծված իրավիճակում միակ ելքը, որը Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն է և ժամանակավոր կառավարությունը գլխավորելը։

Եվ Նիկոլ Փաշինյանն իր ժամանակավոր կառավարությամբ ազատ, արդար, մրցակցային, ծրագրային, ո՛չ թե ընտրակաշառքի, ո՛չ թե կեղծիքի, ո՛չ թե դեմագոգիայի քարոզչություն կկազմակերպի, ինչպես դա արեց Կարեն Կարապետյանի կառավարությունը 2017 թ.՝ ուղղակի լռեցնելով բոլորիս ձայները և բոլորիս մատնելով պարտության։ Այդ ժամանակ արդեն պարզ կլինի, թե ով ինչ գաղափարական, ծրագրային համակրանքներ ունի։

Նիկոլ Փաշիյանի ժամանակավոր կառավարության առաքելությունն է այս պահին երկրի կայությունն ապահովելը, որը չի կարող անել Կարեն Կարապետյանի կառավարությունը, և իշխանությունը ժողովրդին վերադարձնելը։

Իշխանությունը ժողովրդին վերադարձվում է ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային, գաղափարական ընտրություններ կազմակերպելու միջոցով։ Եվ Նիկոլն այս պահին տվել է այդ խոստումը ողջ հանրությանը, որը և հանրությունն ընկալում է։ Հետևաբար՝ մարդիկ ուղղակի այդպես ջերմեռանդորեն կողմ են արտահայտվում, ողջունում են Նիկոլին, որովհետև նրա առաջարկն այն է, ինչ պետք է ժողովրդին՝ ստեղծել պայման առաջին անգամ ձևավորելու ժողովրդի իշխանություն։ Սա այն է, ինչ ուզում է ժողովուրդը։

Ժողովուրդը չի ուզում իր համար կուռքեր ստեղծել և չի ուզում դիկտատուրա ունենալ։ Այս կտրվածքով այնպես, ինչպես Նիկոլն է հիմանվորել, թե ինչու ինքը պետք է լինի վարչապետի թեկնածու, միանգամայն ընկալելի է ժողովրդի համար։

– Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն աջակցություն են հայտնել շարժմանը, սակայն մայիսի 1-ի քվերակության մասին լռում են։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի այդ քվեարկությունը, առավել ևս, երբ ՀՀԿ-ն, կարծես, թե հանդես էգալու իր սեփական թեկնածուով։

– Ես կդժվարանամ որևէ բան ասել, որովհետև հիմք ընդունել այս օրերին հատկապես դեզինֆորմացիայով հեղեղված ինֆորմացիոն դաշտի տարբեր արտահոսքեր, տարբեր հանդիպումների վերաբերյալ, լուրջ չի լինի և, չունենալով հստակ տեղեկատվություն ոչ միայն Փաշինյանի, այլ բոլորը բոլորի հետ հանդիպումների մասին, թե ինչ են քննարկում, այս պահին չափազանց դժվար է կանխատեսումներ անել:

Մի բան ակնհայտ է, որ մայիսի 1-ին ուղղակի շատ ավելի դաժան ճնշում է լինելու հասարակության կողմից, քան մենք ունեինք ապրիլի 17-ին: Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը կարող էր մտածել, որ իր դեմ բողոքում են մինչև 10-20 հազար մարդ: Թեպետ ճիշտ հայտարարություն չէր, բայց նա կարող էր հայտարարել, որ մեծամասնությունն ինքն է և ինքն է գործում ժողովրդի անունից:

Այդ հայտարարությունը խոցում էր հենց իրեն՝ տեղ չթողնելով փոքրամասնության համար: Նա կարող էր մտածել, որ «Ելքը» ստացել է ավելի քան 100 հազար ձայն, և եթե անգամ այդ հարյուր հազարն էլ դուրս գան փողոց, միևնույն է, ինքը հանդես է գալիս 800 հազարի անունից: Բայց այս անգամ՝ մայիսի 1-ին, մենք որակապես այլ իրավիճակ ունենք: Ակնհայտ է, որ երկրի գլխավոր մարմնում որոշումների կայացման պրոցեսն ուղղակի բախվում է համաժողովրդական ճնշման և պահանջի հետ:

– Այն լուրերը, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսք է եղել սեփական թեկնածուով հանդես գալու մասին, Հանրապետականների հայտարարությունները, օրինակ՝ Գևորգ Կոստանյանը բացառում է Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկությունը, նաև պնդումները, որ ՀՀԿ-ն միասնական է, այս ամենը չի՞ խոսում այն մասին, որ ՀՀԿ-ն կառաջադրի իր թեկնածուին ու կընտրի:

– Մենք այս պահին աչքաթող ենք անում ՀՀԿ-ի ներսում կատարվողը: Այն ինձ իսկապես հիշեցնում է հեղաշրջման փորձ ՀՀԿ-ի ներսում, որովհետև, կարծես, թե Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին միայն և միայն հեռացել էր վարչապետի պաշտոնից, բայց ոչ ՀՀԿ-ի ղեկավարի պաշտոնից: Սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ի ներսում այս մի քանի օրվա ընթացքում բան է փոխվել և ինչ-որ խմբեր Սերժ Սարգսյանին զրկել են, գուցե նույն ձևով, ՀՀԿ-ն ղեկավարելուց:

Եվ այս կտրվածքով, թերևս, ինձ մի փոքր հուշում է կատարում Նիկոլ Փաշինյանի առաջարկը 3+3+լրագրողներ ձևաչափով հանդիպման վերաբերյալ: Երբ Կարեն Կարապետյանն առաջին անգամ հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելուց, պատճառաբանեց, թե Փաշինյանը ճիշտ չի հասկացել իշխանության հետ իր պայմանավորվածությունների բովանդակությունը, և Նիկոլը հավելյալ պահանջներ է դնում և որոշում, թե ով պետք է բանակցի հանրապետական թևից:

Եվ երբ սրան գումարում ենք 2 օր առաջ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, թե ՀՀԿ խմբակցության պատգամավորներն իր հետ բանակցությունների արդյունքում զարմանք են հայտնել՝

ա) որ Կարեն Կարապետյանն իրենց չի տեղեկացնում, թե ինչ է խոսել Նիկոլի հետ,

բ) որ Կարեն Կարապետյանը չի ներկայացնում Հանրապետական կուսակցությունը, և դրանով պայմանավորված, Նիկոլը բացատրում է, թե ինչու է առաջարկել 3 մարդ, որպեսզի ՀՀԿ-ն և ՀՀԿ-ի ներսում տարբեր թևեր, այդ թվում՝ Կարեն Կարապետյանի թևը, ներկայացված լինեն, ես կարծում եմ, որ սա հիմք հանդիսացավ ՀՀԿ-ի ներսում այդ հեղաշրջումը կատարելու համար:

Ուղղակի շատ գրագետ, միգուցե Սերժ Սարգսյանին հաստատելով, որ եթե մենք առաջադրեցինք քո թեկնածությունը, բայց այսպես ստացվեց, ապա այժմ էլ դու մեզ հանձնի իշխանությունը, որպեսզի մենք իշխանության անունից բանակցենք: Եվ սրա հետ կապված, կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը կարող էր շահագրգռություններ ունենալ, ի վերջո ողջ օլիգարխիան մտահոգված է, ցանկանում է, որ ՀՀԿ-ում գոնե ինչ-որ մեկն իրենց տեր կանգներ և պահեր պրոցեսը, և այս կտրվածքով, ուղղակի մեղմ ձևերով Սերժ Սարգսյանին հասկացրեցին, որ նա պետք է զիջի իշխանությունը Կարեն Կարապետյանին նաև ՀՀԿ-ի ներսում:

Ես սա անվանում եմ հեղաշրջում: Եվ այս առումով ՀՀԿ-ն ինքը տակավին գտնվում է խորը ճգնաժամի մեջ: Եվ խոսել ՀՀԿ-ի ներսում հստակության մասին, բավականին բարդ է, որովհետև Սերժ Սարգսյանը, ով հայտարարել էր, որ ինքն է սխալվել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, այժմ ինքն էլ զուտ ֆորմալ կարող է համարվել այդ թիմի մի մաս, որովհետև այդ թիմի մի խումբը իրեն զրկել է իշխանությունից նաև կուսակցության ներսում:

Տեսանյութեր

Լրահոս