Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սպանդանոցներին կտրամադրվեն տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկեր

Սպանդանոցներին կտրամադրվեն տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է  Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն: Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք: Ընդհանուր արձանագրվել է 70 մահ:

Ես տեղեկանք էի ուզել կորոնավիրուսի հետ կապված մեր հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ և այնտեղից զարմանալի փաստեր իմացա, նույնիսկ այն մասին, որ հանրության շրջանում քննարկվում է, թե կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ դրական ախտորոշումով: Եվ դա ունի կոնկրետ բացատրություն՝ իբր միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդների և մահերի թիվը, և այլ հիվանդությունների և մահերի թիվը գրանցում են որպես կորոնավիրուսով առաջացած մահեր:

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ կրկին անգամ ընդգծել, որ կորոնավիրուսի առաջին օրվանից մենք որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չենք հաղորդել: Եվ, ի վերջո, մեր կառավարությունն իր գոյության ողջ ընթացքում որևէ մանիպուլյատիվ գործողություն և տեղեկություն չի փոխանցել հանրությանը: Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել կամ ավելի ճիշտ՝ պատկերացնում ենք: Եվ մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումների:

Այս փուլում մեր մարտավարությունը հետևյալն է. մենք պետք է կարողանանք ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու: Այսինքն՝ մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի: Ընդ որում, գիտեք, որ պարետատունը փակ տարածքներում դիմակների օգտագործման պարտադիր պայման է ապահովել, և մենք այս համատեքստում պետք է ավելի ուշադիր լինենք, որովհետև քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում էր արված նաև սոցիալական ցանցերում, թե ինչու, օրինակ, եթե փակ տարածքներում դիմակ կրելը պատադիր է, կառավարությունում և կառավարության քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում: Կարծում եմ՝ շատ արդարացի և ճիշտ դիտարկում է: Եվ մենք պետք է ապահովենք, որ նաև պետական կառավարման մարմիններում առանց դիմակի մարդիկ կարող են լինել միայն այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակներում միայնակ են: Մնացած բոլոր դեպքերում պետք է պարտադիր կրեն, այդ թվում՝ նաև միջանցքներում, նաև ճաշարաններում պետք է ապահովել պայմաններ, որպեսզի պատշաճ սոցիալական հեռավորություն ապահովվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պարետատունն անցնում է աշխատանքների ավելի ինտենսիվ ռեժիմի: «Եվ ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության: Ընդ որում, ես երեկ երեկոյան տուն վերադառնալիս նկատեցի, որ տաքսիների մեջ անհրաժեշտ պայմաննները չեն պահում ո՛չ հաճախորդները, ո՛չ էլ վարորդները,  ինչը նույնպես փակ տարածք է:

 Պարետատունը սահմանել է կանոններ իրավաբանական անձանց համար, թե հակահամաճարակային ինչ կանոններ պետք է պահպանեն:  Հաջորդ խնդիրը, որը շատ կարևոր է՝ մեր տեսչական մարմինները պետք է շատ խիստ հսկողություն սահմանեն այդ կանոնները չպահպանող ընկերությունների, իրավաբանական անձանց նկատմամբ:

Բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է, երևի այդքան էլ պատեհ չէ արձանագրել, բայց առաջինը նախ պետք է պահել սոցիալական հեռավորություն։ Եթե բաց տարածքներում սոցիալական հեռավորության պահպանման հարցում վստահ չենք, իրար հետ խոսելիս պետք է պարտադիր հաղորդակցվել՝ դիմակ ունենալով կամ սոցիալական պատշաճ հեռավորությունը պահելով, որովհետեւ խոսելու ընթացքում վարակվելու հավանականությունը շատ մեծ է:

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ես խնդրում եմ, կոչ եմ անում՝ եկեք, այսպես ասած, փչացած հեռախոսի ենթակառուցվածքի միջոցով կեղծ լուրեր չտարածենք կորոնավիրուսի մասին: Կորոնավիրուսի մասին Հայաստանի կառավարության տված բոլոր տեղեկությունները՝ առանց բացառության, բոլոր տեղեկությունները և գնահատականներն օբյեկտիվ են և համապատասխանում են իրականությանը: Այն գնահատականները, որոնք հընթացս փոխվում են, կախված են վիրուսի մասին նոր իմացության, նոր պրակտիկայի ձեռքբերման հետ: Ամբողջ աշխարհն այսօր այդ վիճակում է։ Այսօր աշխարհում չկա երկիր, որ արձանագրի, թե 100 տոկոսով արդեն ճանաչում է վիրուսը, գիտի նրա բոլոր պարամետրերը, և նոր գիտելիքի կամ նախկինում արձանագրված գիտելիքի վերանայման անհրաժեշտություն չկա։ Խնդրում եմ՝ եկեք արձանագրենք այս լրջությունը։ Ինձ համար գործնական և գաղափարական առումով կորոնավիրուսի դեմ պայքարի մի գերարդյունավետ միջոց կա՝ դա անհատական պատասխանատվությունն է։ Սրանից ավելի արդյունավետ միջոց չի կարող լինել, իհարկե, զուգահեռ նաև այլ միջոցներով: Եվ մեր կառավարության գաղափարախոսությունն է, որ մենք այս հարցերը պետք է լուծենք անհատական պատասխանատվության, այդ թվում՝ մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության, յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվության, յուրաքանչյուր պաշտոնյայի անհատական պատասխանատվության շրջանակում, և ես խնդրում եմ, որ մենք բոլորս մաքսիմալ լրջությամբ վերաբերվենք, հակառակ դեպքում մենք նոր ցնցումների առաջ կկանգնենք»,-ասել է վարչապետը:

Կառավարությունը հաստատել է 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը

 

Կառավարությունը հաստատել է ՀՀ կառավարության  նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը: Հիմնավորման համաձայն, հաշվի առնելով ներկայումս աշխարհում առկա ընդհանուր իրադրությունը՝ մասնավորապես, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական իրավիճակը, ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է լինում սեփական մասնակցությամբ խթանել ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումնարի իրականացմանը: Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո ՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպությունների առկա և հնարավոր ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Կատարված ներդրումները մշտապես լինելու են ՀՀ կառավարության դիտարկման դաշտում, հիմք ընդունելով այն փաստը, որ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդը հանդիսանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի դուստր կազմակերպություն, որի 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է դիտարկել մինչև 50 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում Ֆոնդի փայերի ձեռքբերման նպատակով՝ կատարելով փայի ձեռք բերումը տասը մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը մինչև 5  միլիարդ ՀՀ դրամ։ Իրականացվելիք ներդրումները նպաստելու են Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված հակաճգնաժամային ռազմավարության նպատակների իրականացմանը և տնտեսության զարգացմանը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Ֆոնդի կառավարչի միջև, որում  կնախատեսվեն մի շարք  պայմանները: Մասնավորապես՝ մեկ առևտրային կազմակերպությունում, ինչպես նաև փոխկապակցված ընկերություններում Ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 1 մլն ԱՄՆ դոլարին և առավելագույնը 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ  առաջարկը մանրամասն և բուռն քննարկվել է կառավարությունում ձևավորված հակաճգնաժամային աշխատանքային խմբի հանդիպումների շրջանակում, որի  նպատակը  Հայաստանում ներդրումները խթանելն է:

 

Բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա

 

Կառավարությունը հաստատել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության պայմաններում բուհերի ընդունելության գործընթացի կազմակերպելու նպատակով: Ըստ այդմ՝  անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել ընդունելության դիմում հայտերի ընդունման առցանց գործընթաց և ընդունելության քննությունների ընթացքում պահպանել ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները: Որոշմամբ առաջարկվում է բուհերում ընդունելությունն իրականացնել մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա, հաշվի առնելով նաև այն փաստը, որ դիմորդները նախօրոք տեղյակ են եղել թե ինչ քննություններ պետք է հանձնեն և պատրաստվել են հանձնել ընդունելության 2 կամ 3 քննություն: Ընտրվել են այն քննությունները, որոնք կախված մասնագիտության առանձնահատկությունից առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար: Այն մասնագիտությունները, որտեղ ընդունելության համար դիմորդի հայեցողությամբ նախատեսված է եղել կամընտրական առարկաների  քննություններ՝ կրկին թողնվել է դիմորդի հայեցողությանը՝ իր ցանկությամբ ընտրելու մեկ քննություն:

Դիմորդները ընդունելության քննության եւ մասնագիտությունների նշումով դիմում-հայտը Գնահատման եւ թեստավորման կենտրոն պետք է ուղարկեն  էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը:

Ինչպես նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, քննությունները տեղի կունենան հուլիսի 1-ից մինչև հուլիսի 8-ը։ Նախարարի խոսքով՝  այնպես են արել, որ գործընթացը զորակոչին նույնպես չխանգարի ու զորակոչիկները կարողանան մասնակցել քննություններին։

 

Հայաստանում կիրականացվեն մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ

 

Կառավարությունն ընդունել է որոշում ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար: Ըստ այդմ՝  նախատեսվում է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերաբաշխման միջոցով կհատկացվի 422500,5 հազար դրամ: Կիրականացվեն թվով 4 հուշարձանի գծով վավերագրման և ուսումնասիրման աշխատանքներ (այդ թվում` հետախուզում և պեղում), գիտանախագծային փաստաթղթերի կազմում և փորձաքննում, թվով 7 հուշարձանի վերականգնողական (իրականացման) աշխատանքներ, ինչպես նաև թվով 2 քանդակի պատրաստման/վերականգնման և տեղադրման աշխատանքներ։ Հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են` պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմանը, հաշվառմանը, պահպանությանը, առավել վտանգված հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը, ինչպես նաև  մշակութային զբոսաշրջությանը խթանմանը:

Մասնավորապես` նախատեսվում է  Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում և տարածքի բարեկարգում, Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում, Վայոց ձորի Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում, Արագածոտնի մարզի            Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և Պարսպապատի ամրակայում, Արարատի մարզի        Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում,  Լոռու մարզի Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում,  Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում և այլն: Գումար կհատկացվի նաև Երևան քաղաքում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման համար: Կիրականացվի նաև Երերույքի տաճարի և փոքր դամաբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման ծրագիրը` համաֆինանսավորմամբ Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրության կենտրոնով և ՌՈՔԵՄՓ (ROCHEMP - Regional Office for Cultural Heritage Enhancement, Management and Protection) ծրագրով:

 

Սպանդանոցներին կտրամադրվեն տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկեր ՝ գյուղատնտեսական կենդանիների գնման նպատակով

Հանրապետությունում սպանդանոցներին գյուղատնտեսական կենդանիների գնումներ կատարելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ առաջարկվում է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման՝ պտուղբանջարեղենի, խաղողի և կաթի գնման ուղղությունները լրացնել նոր՝ սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնման ուղղությամբ: Եվ այդ նպատակով տրամադրվող վարկերի առավելագույն շեմը նախատեսվում է սահմանել  սպանդանոցների մակերեսից ելնելով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի քան 2 մլն դրամ հաշվարկով։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հայտնել է, որ հանրապետությունում այսօրվա դրությամբ  գործում է 44 սպանդանոց, որից 19-ը ծառայություններ է մատուցում: «Կառուցման փուլում է գտվում 82-ը, որից նվազագույնը 50 տոկոսը հուլիսի 1-ի դրությամբ կսկսի գործի: Մնացածը սպանդանոցները, նախնական տվյալներով, կգործեն մինչև տարեվերջ: Իսկ ընդհանուր առմամբ հանրապետությունում առկա է 70-80 սպանդանոցի պահանջարկ»,- ասել է  Արթուր Ասոյանը:

 

 

Հաստատվել են «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում իրականացվելիք մրցույթի նախաորակավորման պահանջները

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում իրականացվելիք մրցույթի նախաորակավորման պահանջները: Որոշման ընդունումը բխում է հավանության արժանացած «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի իրականացման նպատակներից և միտված է կանոնակարգելու ծրագրի հիման վրա ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքի վարչական տարածքում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով մրցույթի նախավորակավորման փուլի ընթացակարգի կազմակերպմանը և մասնակիցներին ներկայացվելիք պահանջների հաստատմանը։ Արդյունքում՝  կկազմակերպվի և կանցկացվի թափանցիկ և բաց մրցույթ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, հիշեցրել է, որ «Մասդար» ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում  առաջարկել էր գին, որն այդ պահին միջազգային ստանդարտներով բավական ցածր էր:

 

«Այս մրցույթի կարգը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունը  հայտարարում է, որ ինքը «Մասդար» ընկերությունից ստացել է այսպիսի առաջարկ, ո՞ր ընկերությունն է, որ կարող է ավելի լավ առաջարկով հանդես գալ, բայց «Մասդար» ընկերությունն ունենալու է նախապատվություն: Եթե առաջարկվի իր նախկինում առաջարկված գնից ցածր գին՝ «Մասդար» ընկերությունը հնարավարություն է ունենալու այդ առաջարկած ցածր գնից 0.1 ցենտ պակաս գնով իրականացնել նախագիծ: Եթե կառաջարկվի այնպիսի գին, որը ցածր կլինի այնքան, որ «Մասդար» ընկերությունը չի կարողանանա 0.1 ցենտի չափով ավելի ցածր գին առաջարկել՝ նշանակում է կհաղթի այն ընկերությունը, ով առաջարկել է ամենացածր գինը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ  նման պրակտիկա ՀՀ-ում չի եղել, եւ հույս կա, որ ՀՀ-ն այս մրցույթով կստանա իր համար շահավետ տարբերակներ: Վարչապետի խոսքով՝ պետք է փորձել այսպիսի մրցութային կարգերը կիրառել հնարավորինս լայն, որպեսզի մրցակցությունը պահպանվի:

«Այս պարագայում մենք համոզված կլինենք, որ ունենք օբյեկտիվ գին, որ ուրիշների հնարավորություններն չենք սափմանափակել և, ի վերջո, ստացել ենք ամենաշահավետ առաջարկը Հայաստանի Հանրապետության համար, ինչը շատ կարևոր է նաև Հայաստանի տնտեսական իմիջի համար: Եվ սա շատ հստակ ուղերձ է բոլոր հնարավոր ներդրողներին, որ մենք իսկապես Հայաստանում մենաշնորհները հաղթահարել ենք և հրավիրում ենք բոլորին՝ ներդրումներ անելու Հայաստանի Հանրապետությոնում և ամեն ինչ անում ենք այդ ներդրումների անվտանգությունը ապահովելու համար:

Կարծում եմ՝ մեր ներդրումային միջավայրի համար չափազանց կարևոր է, որ մենք արբիտրաժի գործուն մեխանիզմը ներդնենք: Իհարկե, այստեղ էլ կա խնդիր. 2018 թվականի ամռանից այս թեման քննարկվում է, ես մի քանի հանձնարարականներ եմ տվել: Շատ կարևոր է ընտրել ճիշտ մոդելը, որպեսզի այն աշխատի: Կարելի է ասել՝ բա ինչո՞ւ մինչեւ հիմա արբիտրաժ չկա: Չկա մի պարզ պատճառով. մենք ուզում ենք համոզված լինել, որ ճիշտ մոդելն ենք ընտրում, և համակարգը գործադրելուց հետո աշխատելու է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կոնցեպտուալ փոփոխություններ՝ քրեական դատավարության համակարգում

Կառավարությունը հավանություն է տվել  չզեկուցվող հարցերի մեջ ներառված ՀՀ քրեական օրենսգրքի նախագծին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ այս օրենսգրքերով առաջարկվում են կոնցեպտուալ փոփոխություններ, նախատեսվում է ներդնել  իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ, որը կբերի կալանքի թվի նվազեցման: «Օպերատիվ հետախուզության մի շարք տեսակներ բերվում են քրեական դատավարություն՝ գաղտնի քննչական գործողությունների տեսքով, որոնք ապահովելու են որպեսզի արդյունքում ստացված տեղեկությունները որպես ապացույց օգտագործվեն քրեական դատավարությունում և մի շարք այլ կոնցեպտուալ փոփոխություններ»,-   նշել է նախարարը՝ հավելելով, որ այսօր Արդարադատության նախարարության կայքում կհրապարակեն բոլոր փոփոխությունները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերի ընդունումը, որի  արդյունքում քրեաիրավական վիճակն էականորեն կփոխվի:

 

Կառավարությունն արտոնություններ է տրամադրել մի շարք ներդրումային ծրագրերի. կստեղծվի ավելի քան 200 նոր աշխատատեղ

Կառավարության որոշումներով թույլատրվել են «Նակի»,   «ԱՄԱ կոմպրեսոր» ՀՁ,  «Բոնիլատ»,  «Կապավոր», «Չերամիզիա ինթերնեշնլ» ՍՊԸ-ներին  օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Նակի» ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է ջերմոցների կառուցման համար (Արագածոտնի մարզ)։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 120 մլն դրամի կապիտալ ներդրում, որից 44 մլն դրամը նախատեսվում է իրականացնել ցանկում ներկայացված սարքավորումների ձեռքբերման համար, իսկ մնացած մասը շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 2 աշխատատեղ: Նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 72 մլն դրամ, որից 42 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 44 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 2.2 մլն դրամ:

«ԱՄԱ կոմպրեսոր» ՀՁ-ն իրականացնելու է մետաղական լիստերի հումքով պայմանավորված մետաղի մշակման արտադրություն (ք. Սևան)։ Նախատեսվում է իրականացնել 90 մլն դրամի կապիտալ ներդրում, որից 56.5 մլն դրամի ներդրումն արդեն իսկ իրականացվել է սարքավորումների ձեռքբերման համար, իսկ 33.4 մլն դրամը նախատեսվում է իրականացնել ցանկում ներկայացված սարքավորումների և հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 57 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4 նոր աշխատատեղ` 159,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլն դրամ, որից 15 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է                33.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 2.2 մլն դրամ:

«Բոնիլատ» ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է կաթնամթերքի արտադրության համար (ք. Երևան և Արագածոտնի մարզ)՝ իրականացնելով 84 մլն դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 48 աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 8-10 նոր աշխատատեղ` 95,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 480 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 84 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 12.6 մլն դրամ:

«Կապավոր» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ասֆալտի արտադրության համար (ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացում) (ք. Ստեփանակերտ), կիրականացնի 429.5 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 270 աշխատատեղ, կստեղծվի  20-25 նոր աշխատատեղ` 180,000-220,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ և ԱՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 429.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 22.7 մլն դրամ:

«Չերամիզիա ինթերնեշնլ» ընկերությունը զբավելու է  կերամիկական սպասքի արտադրությամբ (Կոտայքի մարզ)։ ՍՊԸ-ն արդեն իսկ իրականացրել է 2.7 մլրդ դրամի կապիտալ ներդրում, նախատեսում է ևս 759 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 38 աշխատատեղ, կստեղծվի ևս 162 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ 934 մլն դրամ, որից 96.7 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 918.6 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 918.6 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 759 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 38 մլն դրամ: «Չերամիզիա ինթերնեշնլ» ընկերությունը կառավարության որոշմամբ կօգտվի նաև ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությունից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]