HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շահումյան գյուղի դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Արմավիրի մարզի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Մանուկյանը երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Արմավիրի մարզպետարան: Այս մասին ասաց մարրզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը:

«Իրավիճակն այնպիսին էր, որ կոլեկտիվը Կարինե Մանուկյանին չուզեց, ծնողների կեսը չուզեցին: Չնայած ինքը շատ լավ ուսուցչուհի է, բայց որպես տնօրեն գուցե չի կարողացել իրեն դրսևորել, չգիտեմ: Եռօրյա ժամկոտում իրեն կազատենք աշխատանքից, կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար և մրցույթ կհայտարարվի»,-ասաց Գայանե Սայադյանը:

Կրթության վարչության պետը նշեց, որ տնօրենի պաշտոնակատար նշանակվելու է դպրոցի մանկավարժներից:

Հիշեցնենք, որ 2017թ. տարեվերջին դպրոցի տնօրեն Համեստ Մանուկյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Մանկավարժները նրանից դժգոհ են եղել: Մարզպետարանի կողմից 2017թ. դեկտեմբերի 12-ին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Կարինե Մանուկյանը, ով դպրոցի մանկավարժ չի եղել: Նա աշխատել է Էջմիածնի թիվ 4 դպրոցում: Ինչպես նշում էին մանկավարժները, նույնիսկ լինելով ժամանակավոր պաշտոնակատար՝ Կարինե Մանուկյանն իրեն լավ չի դրսևորել, թույլ է տվել չարաշահումներ, մանկավարժների, աշակերտների հետ խոսել է հեգնանքով:

Այս տարվա փետրվարի 26-ին դպրոցում տեղի են ունեցել տնօրենի ընտրություններ: Կարինե Մանուկյանը, լինելով միակ թեկնածուն, բավարար քանակի ձայներ չէր ստացել: Ապրիլի 19-ին դարձյալ ընտրություններ են կայացել դպրոցում: Թեկնածուները եղել են երկուսը՝ Կարինե Մանուկյանը և Արմավիր քաղաքի 8-րդ դպրոցի ուսմասվար Սյուզաննա Ավետիսյանը: Ուսուցիչները պնդում էին, որ երկրորդ թեկնածուի առաջադրումը ձևական բնույթ է կրել, քանի որ վերջինս մտերիմ է եղել Կարինե Մանուկյանի հետ:

Դպրոցի կառավարման խորհրդի անդամներից, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Շուշան Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկրորդ թեկնածուի առաջադրմանն այնքան լուրջ չեն վերաբերել, որ Սյուզաննա Ավետիսյանը ընտրության օրը ներկայացել է ոչ թե Շահումյան գյուղի դպրոցի զարգացման ծրագրով, այլ՝ Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցի: Այդ փաստը տեղում արձանագրվել է:

Կարինե Մանուկյանը դարձյալ չի ընտրվել: Խորհրդի 8 անդամներից 4-ը՝ 2 ուսուցիչ և 2 ծնող, դեմ են քվեարկել բոլորին, իսկ Շահումյանի համայնքապետը, ով կառավարման խորհրդի անդամ է և մարզպետարանի, ԿԳ նախարարության ներկայացուցիչները, ովքեր դպրոցի տնօրեններ են եղել, կողմ են քվեարկել Կարինե Մանուկյանին: Քանի որ կողմ և դեմ ձայները բաշխվել են հավասարաչափ, նախկին փոխվարչապետներից մեկը, ում անունը մանկավարժները դեռ չգիտեն, Կարինե Մանուկյանին օրենքի ուժով նշանակել է տնօրեն: 

Փետրվար ամսից դպրոցի մանկավարժների մեծամասնությունը բողոքի ակցիաներ էր իրականացնում՝ պահանջելով դպրոցից հեռացնել Կարինե Մանուկյանին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter