Մատչելիության հղումներ

Նման զարգացումներին ՀՀ ԶՈՒ պատրաստ լինելը խախտեց Անկարայում կազմված ծրագրերը. Դավիթ Հովհաննիսյան


Տավուշյան մարտերին հաջորդեցին թուրք-ադրբեջանական զորավարժությունները Նախիջևանում: Հայաստանին ուղղված Թուրքիայի սպառնալիքները ի՞նչ հունով կարող են ընթանալ, ի՞նչ զարգացումներ են սպասվում տարածաշրջանում:

Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Դավիթ Հարությունյան. – Ռազմավարական առումով Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել: Մարտավարական առումով, ինձ թվում է, լուրջ փոփոխություններ կան, որովհետև այս բախումները տեղի ունեցան արդեն ոչ թե Լեռնային Ղարաբաղի շփման գծի վրա, այլ Հայաստան-Ադրբեջան սահմանների վրա, ինչը նշանակում է, որ ակտուալացման խնդիր կա այս սահմանին: Եվ բնական հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ 30 տարի չկար, հիմա կա: Իմ տեսանկյունը այն է, որ, և դրա մասին որոշ կողմնակի վկայություններ կան, ասենք՝ Իլհամ Ալիևի ելույթները, որոնցում նա իր դժգոհությունն է հայտնում Մինսկի ֆորմատից, երբ որ բողոքում է բանակցությունների ոչ արդյունավետ լինելուց, և այլն, և այլն, սա վկայում է նրա մասին, որ կա ցանկություն ֆորմատը փոխելու: Ի՞նչ ֆորմատ կարող է բավարարել Ադրբեջանին՝ բնականաբար, այնպիսի ֆորմատ, որին մասնակից կլինի և ազդեցիկ մասնակից կլինի Թուրքիան: Թուրքիան ինքը, բնականաբար, մեծ ձգտում ունի՝ անմիջական մասնակիցը լինի այդ բանակցային պրոցեսի, որպեսզի դրանով իսկ բարձրացնի իր ազդեցության մակարդակը ամբողջ ենթատարածաշրջանում:

Եվ այստեղ մենք պիտի հաշվի առնենք հետևյալը՝ այս զինավարժությունները, որ սկսվել են, սրանք էլ տեղի են ունենում հենց Նախիջևանում, այսինքն՝ էլի Հայաստանի սահմանի վրա: Սա ի՞նչ է՝ բնականաբար, մկանների խաղ, դաշինքի, ուժի և հավակնությունների դրսևորում, որը պետք է որ մարդկանց, պետություններին ստիպի մտածել այն մասին՝ իսկ արդյո՞ք իրոք ավելի արդյունավետ չի լինի, եթե Թուրքիան մասնակցի այդ բանակցային պրոցեսներին, և դրանով կանխվի հնարավոր պատերազմի վտանգը:

Այ ես այսպիսի բաներ եմ մտածում, չգիտեմ՝ որքանով մոտ է դա իրականությանը, սակայն կարծում եմ, որ այն, որ մեր Գլխավոր շտաբը պատրաստ էր՝ եթե ոչ հենց կոնկրետ այսպիսի իրավիճակի, ապա նման զարգացումների, դա որոշակիորեն, իհարկե, խախտեց այն ծրագրերը, որոնք կազմվել էին, ես կարծում եմ, Անկարայում, այնուամենայնիվ:

«Ազատություն». – Հիմա ընդհանրապես մենք տեսնում ենք, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել իր կայսերական վաղեմի ազդեցությունը տարածաշրջանում, տիրապետող դիրքերի հասնել արաբական աշխարհի մի շարք երկրների վրա, այդ թվում՝ Սիրիայի, Լիբիայի, Իրաքի, տեսնում ենք, դա ակնհայտ է: Վարչապետը, օրինակ, իր վերջին հարցազրույցում ասաց, թե Էրդողանը փաստորեն ցանկանում է իրականացնել Թուրքիայի վաղեմի երազանքը, այն է՝ վերահսկողություն սահմանել նաև Կովկասում: Դուք ինչպե՞ս եք տեսնում այս սպառնալիքը, որքա՞ն իրական են Թուրքիայի նախագահի մտադրությունները Կովկասի համատեքստում: Մենք տեսնում ենք, որ շատ ագրեսիվ քաղաքականություն է իրագործվում, ասենք, թե՛ Լիբիայում, թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում: Եթե այդ տրամաբանությունը աշխատում է...

Հովհաննիսյան. – Դե, Դուք խոսելով պարոն Էրդողանի մասին՝ շատ ժամանակակից բառ օգտագործեցիք՝ անվանեցիք նրան նախագահ: Նա իրականում սուլթան է, և իր ամբողջ մտածելակերպը տիպիկ սուլթանական մտածելակերպ է, որը ուղղված է սուննիական մուսուլմանական մտածելակերպի համար առանցքային հասկացության՝ ումայի վերականգնմանը, ումայի վերականգնմանը՝ բնականաբար, օսմանյան, կամ Թուրքիայի գլխավորությամբ, և բոլոր գործողությունները, որոնք մենք տեսնում ենք, միտված են այդ նպատակին հասնելուն:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի օգոստոսի 2-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG