ՄԻՊ-ը դիմել է ՍԴ դպրոցներում դասագրքերն անվճար դարձնելու հարցով

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ դպրոցներում դասագրքերն անվճար դարձնելու հարցով

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության վերաբերյալ:

ՄԻՊ-ի դիմումում մասնավորապես ասվում է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է դասագրքերի անվճար տրամադրում միայն 1-ից 4-րդ դասարանի աշակերտների համար, իսկ 4-րդից բարձրերի համար սահմանված են վճարներ: Մինչդեռ, համաձայն Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

Ստեղծված իրավիճակում, փաստորեն, սահմանելով «թաքնված վճարներ» վտանգվում է անվճար միջնակարգ կրթություն ստանալու երեխայի սահմանադրական իրավունքը:

Ընդ որում՝ օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտով որևէ տարբերակված մոտեցում չի նախատեսվում խոցելի խմբերին դասագրքերի վճարներից ազատելու համար՝ այդ գործընթացը թողնելով ուսումնական հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշմանը:

Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ կարգավորումները մի շարք բարդություններ են ստեղծում երեխաների և նրանց ծնողների համար, ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

2016-ին Հայաստանում ընդունվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը, որը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին արտոնում է իրականացնել «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---