«Նիկոլ Փաշինյանն ըստ էության արձանագրել է այն, ինչ միջազգային հանրությունը վաղուց ճանաչել և ընդունել է». Արա Պապյան

«Նիկոլ Փաշինյանն ըստ էության արձանագրել է այն, ինչ միջազգային հանրությունը վաղուց ճանաչել և ընդունել է, այսինքն՝ Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է։ Այդտեղ որևէ նոր բան չի ասվել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Արցախի խնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների կապակցությամբ միջազգային արձագանքի բացակայությանը։

Ըատ նրա՝ Փաշինյանի խոսքին հետևել է միայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որը, իհարկե, Մինսկի խմբի անունից չէր, այլ Ռուսաստանի անունից էր, այն առումով, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան հայտարարություններից, և այլն, որը լարում է իրավիճակը, բայց որն ուղղված էր երկու կողմերին։

Ա.Պապյանի դիտարկմամբ՝ պարզապես միջազգային հանրությունը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Արցախը ճանաչել է առանց հայտարարության, որովհետև միջազգային իրողությունները միջազգային սուբյեկտների կողմից կարող են ճանաչվել 2 ձևով, առաջինը՝ հայտարարությամբ, երկրորդը՝ լռելյայն, այսինքն՝ գործողություններով.

«Մենք Արցախի հարցում ունենք երկրորդ տարբերակը, երբ արդեն վաղուց, տասնամյակներ ի վեր Արցախը ճանաչվել է ՀՀ մաս այն փաստով, որ Երևանում հավատարմագրված դեսպանատներն արցախաբնակներին վիզաներ են շնորհել Երևանում և նրանց չեն ուղարկել Բաքու։ Հետևաբար՝ որևէ նոր բան չկար աշխարհի համար, դրա համար էլ չեն արձագանքել»։

Հարցին՝ արդյոք հակասություն չկա՞ր Ն.Փաշինյանի խոսքում, որ Արցախն ինքնուրույն սուբյեկտ է և միաժամանակ «Հայաստան է, և վերջ», Ա. Պապյանը պատասխանեց.

«Իհարկե, որոշակի հակասություն կա, բայց սուբյեկտ ասելով՝ նայած ինչ նկատի ունեն, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը ևս իր կազմում ունի սուբյեկտներ, որոնք ունեն նախագահներ, որոնք ունեն տարբեր, եթե չասենք՝ օրենսդիր մարմիններ, ապա ներկայացուցչական մարմիններ, որոնք կոչվում են հանրապետություններ, և այլն, և ՌԴ-ի սուբյեկտ են, բայց միջազգային իրավունքի սուբյեկտ չեն։ Եթե այդ տեսանկյունով ենք նայում Արցախը, ապա ինքը կարող է լինել սուբյեկտ, բայց ՀՀ սուբյեկտ, և միջազգային իրավունքի սուբյեկտայնության որևէ նշույլ առ այսօր չի դրսևորվել Արցախի նկատմամբ կամ Արցախի Հանրապետության, ինչքան էլ որ Արցախի ղեկավարությունը դրա մասին խոսում է։

Մենք տեսնում ենք, որ ուղիղ 29 տարի այդ քաղաքականությունն իրականացվում է, բայց չկա մի երկիր, կամ մի միջազգային կառույցի կողմից քայլ, որով ճանաչված լինի Արցախի միջազգային սուբյեկտայնությունը, և ոչ թե՝ ներպետական»։

Տեսանյութեր

Լրահոս