15:17:41 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թաթուլ Մանասերյան. «Սպառողական վարկերի տոկոսադրույքները նվազման տեղ ունեն». «Փաստ»

    04:33 28 Հունիս 2018

    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Հունիսի 26–ի նիստում Կենտրոնական բանկը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այն այժմ 6 % է: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ զրույցում «Փաստը» փորձեց հասկանալ` վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության, մասնավորապես` նվազեցման հնարավորություն կա՞, թե՞ ոչ:

     

    «Նախ պետք ընդգծել, որ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը ուղղակի և անմիջական ազդեցություն է թողնում տնտեսության աշխուժացման վրա և այս առումով բավական ճկուն քաղաքականություն է իրականացվում, որն արձագանքում է նաև տնտեսության մեջ առաջացած հիմնական միտումներին: Մասնավորապես` երբ տնտեսությունը գտնվում է լճացման կամ անկումային փուլում, ԿԲ–ն, բնականաբար, այդ փուլում չի կարող չարձագանքել. որպեսզի խուսափեն ավելորդ ինֆլ յացիոն գործընթացներից և արժեզրկումից, ապա, որպես կանոն, տոկոսադրույքը բարձրացնում են, որ դրամային զանգվածի նոր քանակներ չմտնեն շրջանառության մեջ և չխթանեն ինֆլ յացիոն գործընթացների խորացմանը: Բայց երբ արդեն տնտեսությունն անկման փուլից դուրս բերելու անհրաժեշտություն է զգացվում, դրամային զանգվածը, այսինքն` նաև վարկերի տեսքով տրամադրվող գումարներն էժանացնելու նպատակով տոկոսադրույքներն իջեցվում են: ԿԲ–ն դա արել է` հատկապես հետճգնաժամային փուլում, իսկ հիմա իջեցնելու անհրաժեշտություն չկա, քանի որ շուկան հավասարակշռության ընդհանուր վիճակում է: Կարծում եմ` այստեղ արհեստական ազդակներ պետք չեն: Սա է պատճառը, որ ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափը»,–ասաց տնտեսագետը: 

    Թաթուլ Մանասերյանի հետ զրուցեցինք նաև սպառողական վարկերի բարձր տոկոսադրույքների մասին: Հարցին, թե կա՞ն ճանապարհներ կամ ուղղություններ, որոնցով կարող է առաջնորդվել կառավարությունն ու հասնել սպառողական վարկերի որոշակի նվազեցմանը, տնտեսագետը պատասխանեց. «Իհարկե կան: Բայց պետք է հաշվի առնենք, որ պետությունը չափից շատ չի կարող միջամտել, մանավանդ` մասնավոր հատվածին ու մրցակցային գործընթացներին: Այս առումով խնդիրն արդեն մասնավոր մրցակցության դաշտում է. ինչպես տեսնում եք, 6 % վերաֆինանսավորման տոկոսադրույքը բնավ չի արտացոլվում սպառողական վարկերի վրա: Այսինքն` նրանք կարող են շատ ավելի բարձր լինել: Այդ դեպքում ոչ այդքան ԿԲ–ի, որքան կառավարության տարբեր օղակների վերահսկիչ գործունեության անհրաժեշտությունն է պահանջվում: Այսինքն` պետությունն այս դեպքում պետք է իրականացնի շատ հստակ կարգավորիչ ու վերահսկիչ գործառույթներ: Կապը պետք է ուսումնասիրվի. եթե կան կառույցներ, որոնք սպառողական վարկերի օգնությամբ գերշահույթներ են ստանում, ապա նրանց առաջ գերշահույթների հարկման խնդիր պետք է դրվի: Դրանք կարող են լինել բանկերը կամ առանձին ընկերություններ, որոնք բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով սպառողական վարկեր են ապահովում»:

     

    Ինչ վերաբերում է պետության միջամտությանը, մեր զրուցակիցը նշեց, որ պետությունը չի կարող կամային ձևով գներ կամ վարկի տոկոսադրույքներ սահմանել. «Բայց պետությունը ունի լծակներ և կարող է ազդել: Ես նշեցի գերշահույթի հարկման մասին: Այսինքն` նախ պետք է վերլուծել ու պարզել, թե ովքեր են այն տնտեսվարող սուբյեկտները, այդ թվում` մասնավոր կառույցները, որոնք սպառողի հաշվին գերշահույթներ են ապահովում: Իսկ եթե իրենք չեն նվազեցնում իրենց գերշահույթը, ապա պետք է բարի լինեն գերշահույթից լրացուցիչ հարկեր մուծել: Եվ, ընդհանրապես, հարկային համակարգը, հարկային լծակներն առավել կարևոր հանգամանքներ են, որով պետությունը կարողանում է ներազդել մրցակցային ոլորտի վրա»: Թաթուլ Մանասերյանը նշեց կառավարության այն օղակները, որոնք կարող են ազդեցություն ունենալ:

    «Կարգավորիչ ու վերահսկող գործողություններով պետք է զբաղվի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, եթե հարցը, օրինակ, գյուղմթերքներին է վերաբերում, գյուղնախարարությունը և այդպես շարունակ: Այդուհանդերձ, մեր համոզմամբ` սպառողական վարկերի գծով որոշակի նվազման տեղ կա, և կարելի է կրճատել ու նվազեցնել այդ տոկոսադրույքները: Բազմաթիվ այլ նրբություններ կան, որոնք, ընդհանուր առմամբ, կապված են ոչ այնքան ֆինանսական և բանկային համակարգի, որքան տնտեսության զարգացման և տնտեսության մրցակցային դաշտի հետ»:

    Ինչ վերաբերում է բանկային համակարգում առկա մրցակցությանը, նա նշեց, որ բավարար մրցակցային դաշտ կա. «Երկու տասնյակ բանկերի առկայության դեպքում չէր կարող մենաշնորհ լինել: Առավել ևս, երբ նրանց գործունեությունը կարգավորվում է օրենքներով, ԿԲ–ի իրավական ակտերով: Այլ խնդիր է, որ հիմք ընդունելով ընդհանուր ԿԲ–ի սահմանած բազիսային տոկոսադրույքը` իրենք ազատ են սահմանելու նաև իրենց տոկոսադրույքները, եթե դրա պահանջարկը կա: Իսկ եթե պահանջարկ չլինի` որևէ մեկը չի կարող և իմաստ էլ չի ունենա տոկոսադրույք բարձրացնել այն աստիճան, որ մարդիկ չվերցնեն այդ վարկերը: Առավել ևս` պետք է հաշվի առնենք, որ կա մրցակցություն ոչ միայն բանկերի, այլև բանկերի և վարկային կազմակերպությունների միջև»:

    Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս