Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը կրկին անդրադարձել է թուրք-գերմանական հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նշել, որ Գերմանիայի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական քաղաքականութան խստացումը տալիս է իր արդյունքները: Այս մասին, ինչպես հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Զիգմար Գաբրիելը, որպես ստացված արդյունք առանձնացրել է այն հանգամանքը, որ վերջին օրերին պաշտոնական Անկարան հրաժարվել է գերմանական 680 ընկերություններին ահաբեկչությանը սատարելու մեջ մեղադրելուց, ինչը վերջին ժամանակներում ինտենսիվորեն շրջանառում էր թուրքական իշխանությունների կողմից:
Նախարարը, ով գերմանացի զբոսաշրջիկներին հորդորում էր հրաժարվել Թուրքիա մեկնելուց, իսկ ներդրողներին էլ Թուրքիայում ներդրումներ կատարելուց, նշել է, որ դա նպաստել է Գերմանիայի քաղաքացիների իրազեկվածությանն ու տեղեկացվածությանը, մյուս կողմից էլ զսպել Անկարային:
Գերմանացի բազմաթիվ զբոսաշրջիկներ թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածության ֆոնին հրաժարվել էին թուրքական հյուրանոցներում և զբոսաշրջային կոմպլեքսներում ամրագրած համարներից, ինչը թուրքական բիզնեսի համար մեծ ֆինասական կորուստների առիթ էր հանդիսացել:
Ստամբուլում հուլիսի 5-ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել: