Բաժիններ՝

Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա

2011 թվականի ապրիլի 12

Նախաբան………………………………………………………………………. 7

Գլուխ I…. Նպատակները, հասկացությունները, հավասարություն եւ ոչ խտրական վերաբերմունք, ընդհանուր պարտավորությունները. 10

Հոդված 1…….. Կոնվենցիայի նպատակները. 10

Հոդված 2…….. Կոնվենցիայի գործողության ոլորտը. 11

Հոդված 3…….. Հասկացությունները. 11

Հոդված 4…….. Հիմնարար իրավունքները, հավասարությունն ու ոչ խտրական վերաբերմունքը. 12

Հոդված 5…….. Պետությունների պարտավորությունները եւ պատշաճ զգուշավորությունը. 13

Հոդված 6…….. Գենդերային խնդիրները հաշվի առնող քաղաքականություն. 14

Գլուխ II… Միասնական քաղաքականություն եւ տվյալների հավաքում. 14

Հոդված 7…….. Համապարփակ եւ համակարգված քաղաքականություն. 14

Հոդված 8…….. Ֆինանսական ռեսուրսները. 15

Հոդված 9…….. Հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական հասարակությունը. 15

Հոդված 10…… Համակարգող մարմինը. 15

Հոդված 11……. Տվյալների հավաքում եւ հետազոտություն. 16

Գլուխ III.. Կանխարգելում. 17

Հոդված 12…… Ընդհանուր պարտավորությունները. 17

Հոդված 13…… Իրազեկության բարձրացումը. 18

Հոդված 14…… Կրթությունը. 19

Հոդված 15…… Մասնագետների վերապատրաստումը. 19

Հոդված 16…. Կանխարգելիչ միջամտության եւ բուժման ծրագրեր. 20

Հոդված 17…… Մասնավոր հատվածի եւ լրատվամիջոցների մասնակցությունը. 20

Գլուխ IV.. Պաշտպանություն եւ օժանդակություն. 21

Հոդված 18…… Ընդհանուր պարտավորությունները. 21

Հոդված 19…… Տեղեկատվությունը. 23

Հոդված 20…… Ընդհանուր օժանդակության ծառայությունները. 23

Հոդված 21…… Աջակցություն անհատական (կոլեկտիվ) բողոքներ ներկայացնելու հարցում. 23

Հոդված 22…… Մասնագիտական օժանդակության ծառայությունները. 24

Հոդված 23…… Ապաստարաններ. 24

Հոդված 24…… Օգնության թեժ գծեր. 24

Հոդված 25…… Աջակցությունը սեռական բռնության զոհերին. 25

Հոդված 26…… Պաշտպանությունը եւ աջակցությունը երեխա վկաներին. 25

Հոդված 27…… Հաղորդումները ներկայացնելը. 25

Հոդված 28…… Հաղորդումները ներկայացնելը մասնագետների կողմից. 26

Գլուխ V… Նյութական իրավունք. 26

Հոդված 29…… Քաղաքացիական հայցերը եւ պաշտպանության քաղաքացիաիրավական միջոցները. 26

Հոդված 30….. Փոխհատուցումը. 27

Հոդված 31…. Խնամակալությունը, տեսակցության իրավունքը եւ անվտանգությունը. 27

Հոդված 32…. Հարկադիր ամուսնությունների քաղաքացիաիրավական հետեւանքները. 28

Հոդված 33…… Հոգեբանական բռնությունը. 28

Հոդված 34…… Հետամտելը. 28

Հոդված 35…… Ֆիզիկական բռնությունը. 29

Հոդված 36…… Սեռական բռնությունը՝ ներառյալ բռնաբարությունը. 29

Հոդված 37…… Հարկադիր ամուսնությունը. 30

Հոդված 38….. Կանանց սեռական օրգանների խեղումը. 30

Հոդված 39…… Հղիության հարկադիր արհեստական ընդհատումը կամ հարկադիր ամլացումը. 31

Հոդված 40…… Սեռական հետապնդումը. 31

Հոդված 41…… Օժանդակությունը կամ դրդելը եւ փորձը. 31

Հոդված 42…… Հանցագործությունների անընդունելի հիմնավորումները՝ ներառյալ հանուն այսպես կոչված «պատվի» կատարված հանցագործությունները. 32

Հոդված 43…… Քրեական իրավախախտումներն ամրագրող նորմերի կիրառությունը. 32

Հոդված 44…… Իրավազորությունը. 33

Հոդված 45…… Պատժամիջոցները եւ միջոցառումները. 34

Հոդված 46…… Ծանրացուցիչ հանգամանքները. 35

Հոդված 47…… Այլ Կողմի նշանակած պատիժները. 36

Հոդված 48…… Վեճերի լուծման պարտադիր այլընտրանքային ընթացակարգերի կամ պարտադիր այլընտրանքային պատիժների արգելումը. 36

Գլուխ VI.. Քննությունը, հետապնդումը, դատավարական օրենսդրությունը եւ պաշտպանիչ միջոցառումները. 37

Հոդված 49…… Ընդհանուր պարտավորությունները. 37

Հոդված 50….. Անհապաղ արձագանքումը, կանխարգելումը եւ պաշտպանությունը. 38

Հոդված 51…… Ռիսկերի գնահատումը եւ ռիսկերի կառավարումը. 38

Հոդված 52…… Արտակարգ իրավիճակներում արգելող կարգադրություններ. 39

Հոդված 53…… Սահմանափակող կամ պաշտպանիչ կարգադրություններ. 39

Հոդված 54…… Քննությունը եւ ապացույցները. 40

Հոդված 55…… Ex parte եւ ex officio ընթացակարգերը. 40

Հոդված 56…… Պաշտպանություն ապահովելուն ուղղված միջոցառումները. 41

Հոդված 57…… Իրավաբանական օգնությունը. 42

Հոդված 58….. Վաղեմության ժամկետները. 43

Գլուխ VII. Միգրացիան եւ ապաստանը. 43

Հոդված 59…… Կացության կարգավիճակը. 43

Հոդված 60….. Գենդերային հիմքով ապաստան ստանալու հայցերը. 44

Հոդված 61…… Արտաքսելուց հրաժարվելը. 45

Գլուխ VIII. Միջազգային համագործակցությունը. 46

Հոդված 62…… Ընդհանուր սկզբունքները. 46

Հոդված 63…… Ռիսկի տակ գտնվող անձանց հետ կապված միջոցառումները. 47

Հոդված 64…… Տեղեկատվությունը. 48

Հոդված 65…… Տվյալների պաշտպանությունը. 49

Գլուխ IX.. Մոնիթորինգի մեխանիզմը. 49

Հոդված 66…… Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ գործողությունների հարցերով փորձագիտական խումբը. 49

Հոդված 67…… Կողմերի կոմիտեն. 51

Հոդված 68….. Ընթացակարգը. 51

Հոդված 69…… Ընդհանուր հանձնարարականները. 54

Հոդված 70…… Խորհրդարանական մասնակցությունը մոնիթորինգի գործընթացին. 54

Գլուխ X. Հարաբերակցությունը այլ միջազգային իրավական փաստաթղթերի հետ.. 55

Հոդված 71…… Հարաբերակցությունը այլ միջազգային իրավական փաստաթղթերի հետ.. 55

Գլուխ XI.. Կոնվենցիայի փոփոխությունները. 55

Հոդված 72…… Փոփոխությունները. 55

Գլուխ XII. Եզրափակիչ դրույթներ. 56

Հոդված 73…… Կոնվենցիայի գործողությունը. 56

Հոդված 74…… Վեճերի կարգավորումը. 57

Հոդված 75…… Ստորագրումը եւ ուժի մեջ մտնելը. 57

Հոդված 76…… Կոնվենցիային միանալը. 58

Հոդված 77…… Տարածքային կիրառությունը. 58

Հոդված 78…… Վերապահումները. 59

Հոդված 79…… Վերապահումների վավերականությունն ու վերանայումը. 60

Հոդված 80….. Կոնվենցիայից դուրս գալը. 61

Հոդված 81…… Ծանուցումը. 61

Նախաբան

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները եւ մյուս ստորագրող Կողմերը,

Վկայակոչելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան (ETS թիվ 5, 1950 թվական) եւ դրա Արձանագրությունները, Եվրոպական սոցիալական խարտիան (ETS թիվ 35, 1961 թվական, 1996 թվականի փոփոխություններով, ETS թիվ 163), Եվրոպայի խորհրդի «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին» կոնվենցիան (CETS թիվ 197, 2005 թվական) եւ Եվրոպայի խորհրդի «Սեռական շահագործումից ու սեռական ոտնձգություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան (CETS թիվ 201, 2007 թվական).

Վկայակոչելով Նախարարների կոմիտեի կողմից Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ուղղված հետեւյալ հանձնարարականները՝ «Բռնությունից կանանց պաշտպանության մասին» Rec(2002)5 հանձնարարականը, «Գենդերային հավասարության չափանիշների եւ մեխանիզմների մասին» CM/Rec(2007)17 հանձնարարականը, «Հակամարտությունների կանխարգելման ու լուծման եւ խաղաղության հաստատման ընթացքում կանանց ու տղամարդկանց դերի մասին» CM/Rec(2010)10 հանձնարարականը եւ այլ վերաբերելի հանձնարարականներ.

Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի աճող նախադեպային իրավունքը, որով կարեւոր չափանիշներ են ամրագրվում կանանց դեմ բռնության ոլորտում.

Հաշվի առնելով «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (1966 թվական), «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (1966 թվական), Միավորված ազգերի կազմակերպության «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիան («ԿԽՎԿ», 1979 թվական) եւ դրա Կամընտիր արձանագրությունը (1999 թվական), ինչպես նաեւ ԿԽՎԿ կոմիտեի «Կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ» թիվ 19 ընդհանուր հանձնարարականը, Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան (1989 թվական) եւ դրա Կամընտիր արձանագրությունները (2000 թվական) եւ Միավորված ազգերի կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան (2006 թվական).

Հաշվի առնելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (2002 թվական).

Վկայակոչելով միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները եւ հատկապես «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնեւի (IV) կոնվենցիան (1949 թվական) եւ դրան կից I ու II լրացուցիչ արձանագրությունները (1977 թվական).

Դատապարտելով կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության բոլոր ձեւերը.

Գիտակցելով, որ կանանց եւ տղամարդկանց միջեւ իրավական եւ փաստացի հավասարության իրագործումն առանցքային դեր է խաղում կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելու գործում.

Գիտակցելով, որ կանանց նկատմամբ բռնությունը կանանց եւ տղամարդկանց միջեւ պատմականորեն անհավասար ուժային հարաբերությունների դրսեւորում է, որը հանգեցրել է տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ գերիշխանության ու խտրականության եւ կանխել է կանանց լիարժեք առաջադիմությունը.

Գիտակցելով կանանց նկատմամբ բռնության՝ որպես գենդերային հիմքով բռնության կառուցվածքային բնույթը, եւ որ կանանց նկատմամբ բռնությունն այն առանցքային սոցիալական մեխանիզմներից մեկն է, որոնց միջոցով կանայք հարկադրաբար ենթակա դիրք են զբաղեցնում տղամարդկանց նկատմամբ.

Գիտակցելով՝ խորը մտահոգությամբ, որ կանայք եւ աղջիկները հաճախ ենթարկվում են բռնության այնպիսի լուրջ ձեւերի, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, սեռական ոտնձգությունը, բռնաբարությունը, հարկադիր ամուսնությունը, հանուն այսպես կոչված «պատվի» կատարվող հանցագործությունները եւ սեռական օրգանների խեղումը, որոնք կանանց եւ աղջիկների՝ մարդու իրավունքների կոպիտ խախտում են եւ կանանց ու տղամարդկանց միջեւ հավասարության հասնելու մեծ խոչընդոտ.

Գիտակցելով զինված հակամարտությունների ընթացքում մարդու իրավունքների շարունակական խախտումները, որոնցից տուժում է քաղաքացիական բնակչությունը, հատկապես՝ կանայք՝ համատարած կամ պարբերական բռնաբարությունների եւ սեռական բռնության ձեւով, եւ որոնք մեծացնում են գենդերային հիմքով բռնության աճի հավանականությունը՝ ինչպես այդ հակամարտությունների ընթացքում, այնպես էլ դրանցից հետո.

Գիտակցելով, որ կանայք եւ աղջիկները գտնվում են գենդերային հիմքով բռնության ենթարկվելու ավելի մեծ ռիսկի տակ, քան տղամարդիկ.

Գիտակցելով, որ ընտանեկան բռնությունը կանանց նկատմամբ դրսեւորվում է անհամաչափորեն, եւ որ տղամարդիկ նույնպես կարող են ընտանեկան բռնության զոհ լինել.

Գիտակցելով, որ երեխաներն ընտանեկան բռնության զոհ են, այդ թվում՝ որպես ընտանիքում տեղի ունեցած բռնության վկաներ.

Ձգտելով ստեղծել կանանց նկատմամբ բռնությունից եւ ընտանեկան բռնությունից զերծ Եվրոպա,

Համաձայնեցին հետեւյալի շուրջ՝

Գլուխ I.  Նպատակները, հասկացությունները, հավասարություն եւ ոչ խտրական վերաբերմունք, ընդհանուր պարտավորությունները

Հոդված 1. Կոնվենցիայի նպատակները

1. Սույն Կոնվենցիայի նպատակներն են՝

ա) պաշտպանել կանանց բռնության բոլոր ձեւերից եւ կանխարգելել, հետապնդել եւ վերացնել կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանեկան բռնությունը.

բ) նպաստել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացմանն ու խթանել կանանց եւ տղամարդկանց միջեւ իրական հավասարությունը, այդ թվում՝ կանանց ազատականացման միջոցով.

գ) մշակել կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության բոլոր զոհերի պաշտպանությանն ու նրանց աջակցություն տրամադրելուն ուղղված իրավական նորմերի համապարփակ շրջանակ, քաղաքականություն եւ միջոցառումներ.

դ) խթանել միջազգային համագործակցությունը՝ կանանց նկատմամբ բռնությունը եւ ընտանեկան բռնությունը վերացնելու նպատակով.

ե) օժանդակություն եւ աջակցություն տրամադրել կազմակերպություններին եւ իրավապահ մարմիններին՝ կանանց նկատմամբ բռնությունը եւ ընտանեկան բռնությունը վերացնելու ուղղությամբ միասնական մոտեցում ձեւավորելու նպատակով արդյունավետորեն համագործակցելու համար։

2. Կողմերի կողմից Կոնվենցիայի դրույթների արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով սույն Կոնվենցիայով սահմանվում է մոնիթորինգի հատուկ մեխանիզմ:

Հոդված 2. Կոնվենցիայի գործողության ոլորտը

1.    Սույն Կոնվենցիան կիրառվում է կանանց նկատմամբ բռնության բոլոր ձեւերի նկատմամբ՝ ներառյալ ընտանեկան բռնությունը, որը կանանց նկատմամբ դրսեւորվում է անհամաչափորեն:

2.   Կողմերին խրախուսվում է սույն Կոնվենցիան կիրառել ընտանեկան բռնության բոլոր զոհերի նկատմամբ։ Սույն Կոնվենցիայի դրույթները կիրարկելիս Կողմերը պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն գենդերային հիմքով բռնության կին զոհերին։

3. Սույն Կոնվենցիան կիրառվում է խաղաղ ժամանակ եւ զինված հակամարտության իրավիճակներում։

Հոդված 3.  Հասկացությունները

Սույն Կոնվենցիայի նպատակով՝

ա)    «կանանց նկատմամբ բռնություն»-ը հասկացվում է որպես մարդու իրավունքների խախտում ու կանանց նկատմամբ խտրականության ձեւ եւ նշանակում է գենդերային հիմքով այն բոլոր բռնարարքները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել կանանց ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական վնաս կամ տառապանք պատճառելուն, այդ թվում՝ այդպիսի բռնարարքների սպառնալիքները, հարկադրանքը կամ ազատությունից կամայական զրկումը՝ լինեն դրանք հանրային, թե անձնական կյանքի մակարդակով.

բ) «ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բոլոր բռնարարքները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջեւ՝ անկախ նրանից՝ կատարողը բնակվում է կամ բնակվել է զոհի հետ նույն բնակարանում, թե ոչ.

գ) «գենդերային» նշանակում է հասարակության ներսում ձեւավորված դերեր, վարքագիծ, գործունեություն եւ առանձնահատկություններ, որոնք տվյալ հասարակությունը պատշաճ է համարում կանանց եւ տղամարդկանց համար.

դ) «գենդերային հիմքով բռնություն կանանց նկատմամբ» նշանակում է բռնություն, որը կնոջ նկատմամբ դրսեւորվում է նրա կին լինելու պատճառով կամ որը կանանց նկատմամբ դրսեւորվում է անհամաչափորեն.

ե) «զոհ» նշանակում է ցանկացած ֆիզիկական անձ, որը ենթարկվում է (ա) եւ (բ) կետերում նշված վարքագծի դրսեւորման.

զ) «կանայք» արտահայտությունը վերաբերում է նաեւ 18 տարին չլրացած աղջիկներին։

Հոդված 4. Հիմնարար իրավունքները, հավասարությունն ու ոչ խտրական վերաբերմունքը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ խթանելու եւ պաշտպանելու համար յուրաքանչյուրի, հատկապես՝ կանանց իրավունքը՝ ապրելու առանց բռնության՝ ինչպես հանրային, այնպես էլ անձնական ոլորտներում։

2. Կողմերը դատապարտում են կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերը եւ առանց հապաղելու ձեռնարկում անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ այն կանխելու համար, մասնավորապես՝

– իրենց ազգային սահմանադրություններում կամ համապատասխան այլ օրենսդրությունում կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության սկզբունքն ամրագրելով եւ ապահովելով այդ սկզբունքի իրագործումը գործնականում.

– արգելելով կանանց նկատմամբ խտրականությունը, այդ թվում, համապատասխան դեպքերում՝ պատժամիջոցների սահմանման միջոցով.

–  վերացնելով կանանց նկատմամբ խտրական բնույթ կրող օրենքներն ու գործելակերպը:

3.   Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կիրարկումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները, ապահովվում են առանց որեւէ, այդ թվում՝ սեռի, գենդերային պատկանելության, ռասայի, մաշկի գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնությանը պատկանելու, գույքային դրության, ծննդի, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության, տարիքի, առողջական վիճակի, հաշմանդամության առկայության, ամուսնական կարգավիճակի, միգրանտի կամ փախստականի կամ այլ կարգավիճակի հիմքով խտրականության:

4.   Հատուկ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են գենդերային հիմքով բռնությունը կանխելու եւ կանանց դրանից պաշտպանելու համար, չեն համարվում սույն Կոնվենցիայի իմաստով խտրականության դրսեւորման ձեւ։

Հոդված 5. Պետությունների պարտավորությունները եւ պատշաճ զգուշավորությունը

1. Կողմերը ձեռնպահ են մնում կանանց նկատմամբ որեւէ բռնարարքի մեջ ներգրավվելուց եւ ապահովում են, որ պետական մարմինները, պաշտոնատար անձինք, ներկայացուցիչները, կառույցները եւ պետության անունից հանդես եկող այլ դերակատարներ գործեն սույն պարտավորությանը համապատասխան։

2. Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ գործելու համար պատշաճ զգուշավորությամբ՝ ոչ պետական դերակատարների կողմից կատարված՝ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտի մեջ մտնող բռնարարքները կանխելու, քննելու, պատժելու եւ դրանց համար հատուցում ապահովելու նպատակով:

Հոդված 6. Գենդերային խնդիրները հաշվի առնող քաղաքականություն

Կողմերը հանձն են առնում սույն Կոնվենցիայի դրույթների կիրարկմանը եւ դրանց ներգործության գնահատմանը մոտենալ նաեւ գենդերային խնդիրների տեսանկյունից եւ խթանել ու գործնականորեն իրականացնել կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարությանն ու կանանց ազատականացմանն ուղղված քաղաքականություն։

Գլուխ II. Միասնական քաղաքականություն եւ տվյալների հավաքում

Հոդված 7. Համապարփակ եւ համակարգված քաղաքականություն

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ընդունելու եւ իրականացնելու համար արդյունավետ, համապարփակ եւ համակարգված համապետական քաղաքականություն, որը կներառի սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերը կանխելու եւ դրանց դեմ պայքարելու, ինչպես նաեւ կանանց նկատմամբ բռնությանն ամբողջական պատասխան առաջարկելու համար բոլոր համապատասխան միջոցառումները:

2.   Կողմերը ապահովում են, որ 1-ին պարբերության մեջ նշված քաղաքականության մեջ զոհի իրավունքները դրվեն բոլոր միջոցառումների հիմքում, եւ այդ քաղաքականությունն իրականացվի բոլոր շահագրգիռ գերատեսչությունների, կառույցների եւ կազմակերպությունների միջեւ արդյունավետ համագործակցության միջոցով:

3.   Սույն հոդվածի համաձայն ձեռնարկված բոլոր միջոցառումները, անհրաժեշտության դեպքում, պետք է ընդգրկեն բոլոր համապատասխան դերակատարներին, ինչպիսիք են՝ պետական գերատեսչությունները, ազգային, տարածքային եւ տեղական խորհրդարաններն ու կառավարման մարմինները, մարդու իրավունքների ազգային կառույցները եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները:

Հոդված 8. Ֆինանսական ռեսուրսները

Կողմերը համապատասխան ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ են հատկացնում սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկված բռնության բոլոր ձեւերը կանխելուն եւ դրանց դեմ պայքարելուն ուղղված միասնական քաղաքականությունը, միջոցառումներն ու ծրագրերը պատշաճ ձեւով իրականացնելու համար, այդ թվում՝ այնպիսիք, որոնք իրականացվում են հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության կողմից։

Հոդված 9.  Հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական հասարակությունը

Կողմերը բոլոր մակարդակներում ճանաչում, խրախուսում եւ սատարում են կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի գործում ակտիվություն ցուցաբերող համապատասխան հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության աշխատանքը եւ արդյունավետ համագործակցություն են հաստատում այդ կազմակերպությունների հետ։

Հոդված 10.  Համակարգող մարմինը

1.  Կողմերը նշանակում կամ հիմնադրում են մեկ կամ ավելի պաշտոնական մարմիններ, որոնք պատասխանատու են սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի համար մշակված քաղաքականության ու միջոցառումների համակարգման, իրականացման, մոնիթորինգի եւ գնահատման համար։ Այս մարմինները համակարգում են 11-րդ հոդվածում նշված տվյալների հավաքումը, վերլուծում եւ տարածում են դրանց արդյունքները:

2. Կողմերն ապահովում են, որ սույն հոդվածի համաձայն նշանակված կամ հիմնադրված մարմիններն ստանան VIII գլխի համաձայն ձեռնարկված միջոցառումների մասին ընդհանուր բնույթի տեղեկություններ։

3. Կողմերն ապահովում են, որ սույն հոդվածի համաձայն նշանակված կամ հիմնադրված մարմինները հնարավորություն ունենան անմիջականորեն հաղորդակցվելու այլ Կողմերի՝ իրենց գործընկեր մարմինների հետ եւ զարգացնելու նրանց հետ հարաբերությունները։

Հոդված 11.    Տվյալների հավաքում եւ հետազոտություն

1. Սույն Կոնվենցիայի իրականացման նպատակով Կողմերը պարտավորվում են՝

ա) կանոնավոր պարբերականությամբ հավաքել սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի դրսեւորման դեպքերի մասին համապատասխան տարաբաժանված վիճակագրական տվյալներ.

բ) օժանդակել սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի ոլորտում հետազոտությունների անցկացմանը՝ ուսումնասիրելու համար դրա արմատական պատճառներն ու ազդեցությունները, դրսեւորման դեպքերն ու դատապարտման ցուցանիշները, ինչպես նաեւ սույն Կոնվենցիայի կիրարկման համար ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը։

2. Կողմերը ձեռնամուխ են լինում կանոնավոր պարբերականությամբ բնակչության շրջանում հարցումներ անցկացնելուն՝ գնահատելու համար սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի տարածվածությունն ու զարգացման միտումները։

3. Կողմերը սույն Կոնվենցիայի 66-րդ հոդվածում նշված փորձագետների խմբին տրամադրում են սույն հոդվածի համաձայն հավաքված տեղեկությունները՝ միջազգային համագործակցությունը խթանելու եւ միջազգային ցուցանիշների հիման վրա կատարողականի գնահատման հնարավորություն տալու նպատակով։

4. Կողմերն ապահովում են, որ սույն հոդվածի համաձայն հավաքված տեղեկությունները մատչելի լինեն հանրության համար։

Գլուխ III.      Կանխարգելում

Հոդված 12.    Ընդհանուր պարտավորությունները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները՝ կանանց եւ տղամարդկանց վարքագծի սոցիալական եւ մշակութային մոդելներում փոփոխությունները խթանելու համար՝ նպատակով, որ արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթներն ու մյուս բոլոր երեւույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասության կամ կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ կանխելու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության ցանկացած ձեւի դրսեւորում։

3.   Սույն գլխի համաձայն ցանկացած միջոցառում ձեռնարկելիս պետք է հաշվի առնվեն եւ բավարարվեն առանձին հանգամանքների բերումով խոցելի վիճակում հայտնված անձանց հատուկ կարիքները, եւ զոհերի մարդու իրավունքները պետք է դրվեն այդ միջոցառումների կիզակետում:

4.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները՝ խրախուսելու համար հասարակության բոլոր անդամներին, հատկապես՝ տղամարդկանց եւ տղաներին, ակտիվորեն նպաստել սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի կանխարգելմանը։

5.   Կողմերն ապահովում են, որ մշակույթը, սովորույթները, կրոնը, ավանդույթները կամ այսպես կոչված «պատիվը» չդիտարկվեն որպես սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող որեւէ բռնարարքի հիմնավորում։

6.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները՝ կանանց ազատականացմանն ուղղված ծրագրերն ու գործունեությունը խթանելու համար։

Հոդված 13.   Իրազեկության բարձրացումը

1.    Կողմերը կանոնավոր հիմունքներով եւ բոլոր մակարդակներով խթանում են իրազեկության բարձրացմանն ուղղված արշավների կամ ծրագրերի անցկացումը կամ անցկացնում են նման արշավներ ու ծրագրեր, այդ թվում, համապատասխան դեպքերում՝ համագործակցելով մարդու իրավունքների ներպետական կառույցների եւ հավասարության հարցերով մարմինների, քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների, հատկապես՝ կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ՝ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի տարբեր դրսեւորումների, երեխաների վրա դրանց հետեւանքների եւ նման բռնությունը կանխելու անհրաժեշտության մասին լայն հասարակության իրազեկության եւ ընկալման մակարդակը բարձրացնելու նպատակով։

2.   Կողմերն ապահովում են լայն հասարակության շրջանում սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնարարքները կանխելու առկա միջոցների մասին տեղեկատվության լայն տարածումը։

Հոդված 14.   Կրթությունը

1.    Կողմերը համապատասխան դեպքերում ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր, որպեսզի պաշտոնական ուսումնական ծրագրերում եւ կրթական բոլոր մակարդակներում ընդգրկվեն կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի, փոխադարձ հարգանքի, միջանձնային հարաբերություններում տարաձայնություններն առանց բռնության լուծելու, կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի թեմաներով ուսումնական նյութեր՝ մշակված ըստ ուսումնառողների կարողությունների զարգացվածության:

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ քայլերը՝ 1-ին պարբերության մեջ նշված սկզբունքների ներդրումը ոչ ֆորմալ կրթական հաստատություններում, ինչպես նաեւ մարզական, մշակութային եւ ժամանցի հաստատություններում ու լրատվամիջոցներում խթանելու ուղղությամբ։

Հոդված 15.   Մասնագետների վերապատրաստումը

1.    Կողմերը սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բոլոր բռնարարքների զոհերի եւ դրանք կատարողների հետ առնչվող համապատասխան մասնագետների համար ապահովում կամ կատարելագործում են համապատասխան դասընթացներ՝ նման բռնության կանխարգելման ու բացահայտման, տղամարդկանց եւ կանանց միջեւ հավասարության, զոհերի կարիքների ու իրավունքների, ինչպես նաեւ կրկնակի վիկտիմիզացիան կանխելու վերաբերյալ։

2.   Կողմերը խրախուսում են, որ 1-ին պարբերության մեջ նշված դասընթացները ներառեն համակարգված բազմագերատեսչական համագործակցության վերաբերյալ դասընթաց՝ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության՝ իրենց փոխանցված դեպքերով համապարփակ եւ պատշաճ աշխատանք տանելու համար։

Հոդված 16.   Կանխարգելիչ միջամտության եւ բուժման ծրագրեր

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ այնպիսի ծրագրեր հիմնելու կամ դրանց օժանդակելու համար, որոնք ուղղված են ընտանեկան բռնություն կատարողներին միջանձնային հարաբերություններում բռնությունից զերծ վարքագիծ որդեգրել սովորեցնելուն՝ հետագա բռնությունը կանխելու եւ բռնի վարքագծի դրսեւորումները փոխելու նպատակով։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ այնպիսի բուժման ծրագրեր հիմնելու կամ դրանց օժանդակելու համար, որոնք ուղղված են բռնարարքներ, մասնավորապես՝ սեռական բնույթի բռնարարքներ կատարած անձանց շրջանում նման արարքների ռեցիդիվը կանխելուն։

3.   1-ին եւ 2-րդ պարբերությունների մեջ նշված միջոցառումները ձեռնարկելիս Կողմերն ապահովում են, որ զոհերի անվտանգությունը, նրանց օժանդակություն տրամադրելն ու նրանց մարդու իրավունքները լինեն առաջնահերթ, եւ որ անհրաժեշտության դեպքում այդ ծրագրերը մշակվեն եւ իրականացվեն զոհերին մասնագիտական օժանդակություն տրամադրող ծառայությունների հետ սերտորեն համակարգված ձեւով։

Հոդված 17.    Մասնավոր հատվածի եւ լրատվամիջոցների մասնակցությունը

1.    Կողմերը, պատշաճ կերպով պահպանելով արտահայտվելու ազատությունն ու մասնավոր հատվածի, տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի եւ լրատվամիջոցների ինքնուրույնությունը, խրախուսում են նրանց՝ մասնակցելու քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, ուղեցույցների եւ ինքնակարգավորման չափանիշների սահմանմանը՝ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման եւ նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքը բարձրացնելու նպատակով։

2.   Կողմերը, համագործակցելով մասնավոր հատվածի դերակատարների հետ, զարգացնում եւ խթանում են երեխաների, ծնողների եւ ուսուցանողների համապատասխան հմտությունները՝ կապված նրա հետ, թե ինչպես վարվել տեղեկատվական եւ հաղորդակցման այնպիսի միջավայրում, որտեղ սեռական կամ բռնի բնույթ կրող նվաստացուցիչ նյութերը, որոնք կարող են վնասակար լինել, դառնում են հասանելի։

Գլուխ IV.      Պաշտպանություն եւ օժանդակություն

Հոդված 18.   Ընդհանուր պարտավորությունները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ բոլոր զոհերին հետագա բռնարարքներից պաշտպանելու նպատակով։

2.   Կողմերը, ներպետական օրենքով սահմանված կարգով, ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար համապատասխան այնպիսի մեխանիզմների առկայությունը, որոնք արդյունավետ համագործակցություն կապահովեն շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, այդ թվում՝ դատական մարմինների, դատախազության, իրավապահ մարմինների, տեղական եւ տարածքային իշխանությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ու այլ շահագրգիռ կազմակերպությունների ու մարմինների միջեւ՝ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի զոհերին ու վկաներին պաշտպանելու եւ օժանդակելու գործում, այդ թվում՝ սույն Կոնվենցիայի 20-րդ եւ 22-րդ հոդվածներում մանրամասն ներկայացված ընդհանուր բնույթի եւ մասնագիտական օժանդակություն տրամադրող ծառայություններ ուղղորդելու միջոցով։

3.   Կողմերն ապահովում են, որ սույն գլխի համաձայն ձեռնարկված միջոցառումները՝

– հիմնված լինեն կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության գենդերային ընկալման վրա, եւ դրանց առանցքում դրված լինեն զոհի մարդու իրավունքներն ու անվտանգությունը.

– հիմնված լինեն զոհերի, բռնություն կատարողների, երեխաների եւ նրանց շրջապատող սոցիալական ավելի լայն միջավայրի միջեւ փոխհարաբերությունները հաշվի առնող միասնական մոտեցման վրա.

– ուղղված լինեն կրկնակի վիկտիմիզացիայից խուսափելուն.

– ուղղված լինեն բռնության կին զոհերի ազատականացմանն ու տնտեսական անկախության ապահովմանը.

– հնարավորություն տան, որ նպատակահարմարության դեպքում միեւնույն հաստատության տարածքում տեղակայված լինեն պաշտպանության եւ օժանդակության տարատեսակ ծառայություններ.

– անդրադառնան խոցելի անձանց, այդ թվում՝ երեխա զոհերի հատուկ կարիքներին եւ հասանելի լինեն նրանց համար։

4.   Ծառայությունների տրամադրումը չպետք է կախված լինի զոհի կողմից բռնություն կատարած որեւէ անձի դեմ բողոք ներկայացնելու կամ ցուցմունք տալու պատրաստակամության հանգամանքից։

5.   Կողմերը համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում՝ իրենց քաղաքացիներին ու հյուպատոսական եւ այլ տեսակի պաշտպանության իրավունք ունեցող այլ զոհերի նման պաշտպանություն եւ օժանդակություն տրամադրելու նպատակով՝ այդ Կողմերի՝ միջազգային իրավունքի ներքո ստանձնած պարտավորություններին համապատասխան։

Հոդված 19.   Տեղեկատվությունը

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ զոհերն իրենց համար հասկանալի լեզվով ժամանակին ստանան պատշաճ տեղեկատվություն՝ օժանդակության հասանելի ծառայությունների եւ իրավական պաշտպանության հասանելի միջոցների մասին։

Հոդված 20.   Ընդհանուր օժանդակության ծառայությունները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ զոհերի համար հասանելի լինեն բռնությունից նրանց վերականգնումը դյուրացնող ծառայություններ։ Այս միջոցառումները, անհրաժեշտության դեպքում, պետք է ներառեն այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվությունը, ֆինանսական աջակցությունը, կացարանով ապահովումը, կրթությունը, վերապատրաստումն ու աշխատանք գտնելու հարցում աջակցությունը։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ զոհերի համար առողջապահական ու սոցիալական ծառայությունների հասանելիությունը եւ ծառայությունների՝ անհրաժեշտ ռեսուրսներով հագեցվածությունը, ինչպես նաեւ զոհերին աջակցելու եւ նրանց համապատասխան ծառայություններ ուղղորդելու համար մասնագետների պատրաստումն ապահովելու նպատակով։

Հոդված 21.  Աջակցություն անհատական (կոլեկտիվ) բողոքներ ներկայացնելու հարցում

Կողմերն ապահովում են, որ զոհերը տեղեկացված լինեն անհատական (կոլեկտիվ) բողոքարկման տարածաշրջանային եւ միջազգային գործող մեխանիզմների մասին եւ դրանցից օգտվելու հնարավորություն ունենան։ Կողմերը խթանում են որեւէ նման բողոք ներկայացնելու հարցում զոհերին նրբանկատ եւ բանիմաց աջակցության տրամադրումը։

Հոդված 22.   Մասնագիտական օժանդակության ծառայությունները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող ցանկացած բռնարարքի ենթարկված ցանկացած զոհի աշխարհագրական բավարար տարածվածությամբ հասանելի անհապաղ, երկարաժամկետ եւ կարճաժամկետ մասնագիտական օժանդակության ծառայություններ տրամադրելու կամ դրանց տրամադրումը կազմակերպելու նպատակով։

2.   Կողմերը բռնության բոլոր կին զոհերին եւ նրանց երեխաներին տրամադրում են կանանց մասնագիտական օժանդակության ծառայություններ կամ կազմակերպում են դրանց տրամադրումը։

Հոդված 23.   Ապաստարաններ

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ զոհերին, հատկապես՝ կանանց եւ նրանց երեխաներին անվտանգ կացարանով ապահովելու եւ նախաձեռնողական օգնություն ցուցաբերելու նպատակով բավարար թվով պատշաճ ու հեշտ հասանելի ապաստարաններ հիմնելու ուղղությամբ։

Հոդված 24.   Օգնության թեժ գծեր

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ շուրջօրյա (24/7) ռեժիմով գործող օգնության անվճար համապետական թեժ հեռախոսագծեր հիմնելու համար, որոնցով զանգահարողներին գաղտնի կամ անանուն ձեւով խորհրդատվություն կտրամադրվի սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի վերաբերյալ։

Հոդված 25.   Աջակցությունը սեռական բռնության զոհերին

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ բռնաբարության ճգնաժամային կամ սեռական բռնության հարցերով ուղղորդման՝ բավարար թվով հասանելի կենտրոններ հիմնելու ուղղությամբ՝ զոհերի համար բժշկական եւ դատական փորձագիտական հետազոտություններ կատարելու, նրանց հետտրավմատիկ խնամքով եւ խորհրդատվությամբ ապահովելու նպատակով։

Հոդված 26.   Պաշտպանությունը եւ աջակցությունը երեխա վկաներին

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ զոհերին պաշտպանություն եւ օժանդակության ծառայություններ տրամադրելիս պատշաճորեն հաշվի առնվեն սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերին վկա դարձած երեխաների իրավունքներն ու կարիքները։

2.   Սույն հոդվածի համաձայն ձեռնարկված միջոցառումները պետք է ներառեն սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերին վկա դարձած երեխաներին իրենց տարիքին համապատասխան սոցիալ-հոգեբանական խորհրդատվության տրամադրումը, եւ դրանցում պետք է պատշաճորեն հաշվի առնվեն երեխայի լավագույն շահերը։

Հոդված 27.   Հաղորդումներ ներկայացնելը

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները՝ խրախուսելու համար բոլոր այն անձանց, որոնք վկա են դարձել սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնարարքների կամ ողջամիտ հիմքեր ունեն կարծելու, որ նման արարք է կատարվել կամ ակնկալվում են նոր բռնարարքներ, այդ մասին հաղորդում ներկայացնել իրավասու կազմակերպություններին կամ մարմիններին։

Հոդված 28.   Հաղորդումներ ներկայացնելը մասնագետների կողմից

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները՝ ապահովելու համար, որ որոշ մասնագետների համար ներպետական օրենքով նախատեսված գաղտնապահության կանոնները խոչընդոտ չհանդիսանան համապատասխան պայմանների առկայության դեպքում նրանց կողմից իրավասու կազմակերպություններին կամ մարմիններին համապատասխան հաղորդումներ ներկայացնելու հնարավորության համար, եթե նրանք ողջամիտ հիմքեր ունեն կարծելու, որ կատարվել է սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող որեւէ ծանր բռնարարք, եւ որ ակնկալվում են նոր ծանր բռնարարքներ։

Գլուխ V.       Նյութական իրավունք

Հոդված 29.   Քաղաքացիական հայցերը եւ պաշտպանության քաղաքացիաիրավական միջոցները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ զոհերին բռնություն կատարող անձանց դեմ քաղաքացիաիրավական պաշտպանության պատշաճ միջոցներով ապահովելու համար։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ զոհերին, միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքների համաձայն, քաղաքացիաիրավական պաշտպանության պատշաճ միջոցներով ապահովելու համար՝ այն պետական մարմինների դեմ, որոնք թերացել են իրենց լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ կանխարգելիչ կամ պաշտպանիչ միջոցառումներ ձեռնարկելու իրենց պարտականությունը կատարելու հարցում։

Հոդված 30.   Փոխհատուցումը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ զոհերը սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումներից ցանկացածի դեպքում բռնություն կատարող անձից փոխհատուցում պահանջելու իրավունք ունենան։

2.   Այն անձանց, որոնց պատճառվել է ծանր մարմնական վնասվածք կամ որոնց առողջությանը ծանր վնաս է հասցվել, տրվում է պատշաճ պետական փոխհատուցում՝ այնքանով, որքանով պատճառված վնասը չի կարող փոխհատուցվել այլ աղբյուրներից, ինչպիսիք են բռնությունը կատարողը եւ ապահովագրական կամ պետական ֆինանսավորում ունեցող առողջապահական ու սոցիալական ծառայությունները։ Սա Կողմերի համար հատկացված փոխհատուցման դիմաց բռնությունը կատարողի դեմ հետադարձ պահանջ ներկայացնելու համար խոչընդոտ չէ՝ պայմանով, որ պատշաճորեն հաշվի է առնվում զոհի անվտանգությունը։

3.   2-րդ պարբերության համաձայն ձեռնարկված միջոցառումներով պետք է ապահովվի փոխհատուցման տրամադրումը ողջամիտ ժամկետում։

Հոդված 31.   Խնամակալությունը, տեսակցության իրավունքը եւ անվտանգությունը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ երեխաների նկատմամբ խնամակալության եւ տեսակցության իրավունքների վերաբերյալ որոշումներ կայացնելիս հաշվի առնվեն սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկված բռնության միջադեպերը։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ տեսակցության կամ խնամակալության որեւէ իրավունքի իրականացմամբ չվտանգվեն զոհի կամ երեխաների իրավունքներն ու անվտանգությունը։

Հոդված 32.   Հարկադիր ամուսնությունների քաղաքացիաիրավական հետեւանքները

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ հարկադրաբար կնքված ամուսնությունները հնարավոր լինի ճանաչել վիճարկելի, անվավեր կամ լուծված՝ առանց զոհի համար ֆինանսական կամ վարչական անհարկի բարդություններ ստեղծելու։

Հոդված 33.   Հոգեբանական բռնությունը

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվի մեկ այլ անձի հոգեբանական անձեռնմխելիությունը հարկադրանքի կամ սպառնալիքների միջոցով դիտավորությամբ լրջորեն խախտելը։

Հոդված 34.   Հետամտելը

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվի մեկ այլ անձի նկատմամբ դիտավորությամբ շարունակաբար սպառնալից վարքագիծ դրսեւորելը, որն այդ անձի մոտ վախ է առաջացնում սեփական անվտանգության համար:

Հոդված 35.   Ֆիզիկական բռնությունը

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվի մեկ այլ անձի դեմ դիտավորությամբ ֆիզիկական բռնարարքներ կատարելը:

Հոդված 36.   Սեռական բռնությունը՝ ներառյալ բռնաբարությունը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվեն դիտավորությամբ կատարվող հետեւյալ արարքները՝

ա)    մեկ այլ անձի մարմին առանց այդ անձի համաձայնության հեշտոցային, հետանցքային կամ բերանային ճանապարհով սեքսուալ բնույթի ներթափանցումը՝ մարմնի որեւէ մասի կամ որեւէ առարկայի միջոցով.

բ)   մեկ այլ անձի հետ առանց այդ անձի համաձայնության սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը.

գ)   մեկ այլ անձի, առանց այդ անձի համաձայնության, երրորդ անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն հարկադրելը.

2.   Համաձայնությունը պետք է տրվի կամովին՝ անձի ազատ կամահայտնության հիման վրա, որը պետք է գնահատվի հարակից հանգամանքների համատեքստում։

3.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ 1-ին պարբերության դրույթները կիրառվեն նաեւ այն արարքների նկատմամբ, որոնք կատարվում են նախկին կամ ներկա ամուսնու կամ զուգընկերոջ (դրանց՝ ներպետական օրենքով սահմանված իմաստով) նկատմամբ։

Հոդված 37.   Հարկադիր ամուսնությունը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվի չափահաս անձին կամ երեխային դիտավորությամբ ամուսնանալու հարկադրելը:

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվի չափահաս անձին կամ երեխային ամուսնանալու հարկադրելու մտադրությամբ այդ չափահաս անձին կամ երեխային իր բնակության վայրի պետություն չհանդիսացող Կողմի կամ պետության տարածք տանելու նպատակով դիտավորությամբ մոլորության մեջ գցելը:

Հոդված 38.   Կանանց սեռական օրգանների խեղումը

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվեն դիտավորությամբ կատարվող հետեւյալ արարքները՝

ա)    կնոջ սեռական մեծ կամ փոքր շուրթերի կամ ծլիկի լրիվ կամ մասնակի անդամահատումը, ինֆիբուլյացիան կամ այլ կերպ խեղումը.

բ)   կնոջը (ա) կետում թվարկված գործողություններին ենթարկվելուն հարկադրելը կամ դրանց ենթարկվելու նպատակով կնոջ համար պայմաններ ստեղծելը.

գ)   աղջկան (ա) կետում թվարկված գործողություններին ենթարկվելուն հրահրելը, հարկադրելը կամ դրանց ենթարկվելու նպատակով աղջկա համար պայմաններ ստեղծելը։

Հոդված 39.   Հղիության հարկադիր արհեստական ընդհատումը կամ հարկադիր ամլացումը

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քրեականացվեն դիտավորությամբ կատարվող հետեւյալ գործողությունները՝

ա)    կնոջ հղիության արհեստական ընդհատումը՝ առանց նրա կողմից նախապես եւ տեղեկացված կերպով տրված համաձայնության.

բ)   կնոջը կամ աղջկան բնական վերարտադրության կարողությունից զրկելու նպատակ հետապնդող կամ դրան հանգեցնող վիրահատության կատարումը՝ առանց նրա կողմից նախապես տրված եւ տեղեկացված համաձայնության կամ գործընթացը հասկանալու։

Հոդված 40.   Սեռական հետապնդումը

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սեքսուալ բնույթի ցանկացած անցանկալի վերբալ, ոչ վերբալ կամ ֆիզիկական արարք, որը նպատակ ունի ոտնահարելու անձի արժանապատվությունը կամ հանգեցնում է դրան, մասնավորապես՝ ճնշող, թշնամական, ստորացուցիչ, նվաստացուցիչ կամ վիրավորական մթնոլորտ ստեղծելը, ենթակա լինի քրեական կամ այլ իրավական պատժամիջոցի:

Հոդված 41.   Օժանդակությունը կամ դրդելը եւ փորձը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-ի (ա) եւ 39-րդ հոդվածներին համապատասխան սահմանված իրավախախտումների կատարմանը օժանդակելը կամ դրդելը, դիտավորությամբ կատարվելու դեպքում, սահմանվի որպես իրավախախտում:

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-ի (ա) եւ 39-րդ հոդվածներին համապատասխան սահմանված իրավախախտումները կատարելու փորձը, դիտավորությամբ կատարվելու դեպքում, սահմանվի որպես իրավախախտում:

Հոդված 42.   Հանցագործությունների անընդունելի հիմնավորումները՝ ներառյալ հանուն այսպես կոչված «պատվի» կատարված հանցագործությունները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող որեւէ բռնարարքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում մշակույթը, սովորույթները, կրոնը, ավանդույթները կամ այսպես կոչված «պատիվը» չդիտվեն որպես նման արարքների հիմնավորում։ Սա, մասնավորապես, տարածվում է այն պնդումների վրա, ըստ որոնց՝ զոհի կողմից խախտվել են պատշաճ վարքագծի մշակութային, կրոնական, սոցիալական կամ ավանդութային նորմերը կամ սովորույթները։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ որեւէ անձի կողմից 1-ին պարբերության մեջ նշված արարքներից որեւէ մեկը կատարելուն որեւէ երեխայի հրահրելը չմեղմացնի այդ անձի քրեական պատասխանատվությունը կատարված արարքների համար։

Հոդված 43.   Քրեական իրավախախտումներն ամրագրող նորմերի կիրառությունը

Սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումներն ամրագրող նորմերը պետք է կիրառվեն անկախ զոհի եւ բռնությունը կատարողի միջեւ եղած հարաբերության բնույթից։

Հոդված 44.   Իրավազորությունը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված ցանկացած իրավախախտման վրա իրենց իրավազորությունը տարածելու համար, եթե իրավախախտումը կատարվել է՝

ա)    իրենց տարածքում, կամ

բ)   իրենց դրոշի տակ գտնվող նավի վրա, կամ

գ)   իրենց օրենքների համաձայն գրանցված օդանավի վրա, կամ

դ)   իրենց քաղաքացիներից մեկի կողմից, կամ

ե)   այնպիսի անձի կողմից, որի փաստացի հիմնական բնակության վայրը գտնվում է իրենց տարածքում։

2.   Կողմերը ձգտում են ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված ցանկացած իրավախախտման նկատմամբ իրենց իրավազորությունը տարածելու համար, եթե այդ իրավախախտումը կատարվել է իրենց քաղաքացու կամ այնպիսի անձի դեմ, որի փաստացի հիմնական բնակության վայրը գտնվում է իրենց տարածքում։

3.   Սույն Կոնվենցիայի 36-րդ, 37-րդ, 38-րդ եւ 39-րդ հոդվածների համաձայն սահմանված իրավախախտումների առնչությամբ հետապնդում իրականացնելու նպատակով Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ իրենց իրավազորությունը պայմանավորված չլինի այդ արարքները դրանց կատարման տարածքում քրեականացված լինելու հանգամանքով։

4.   Սույն Կոնվենցիայի 36-րդ, 37-րդ, 38-րդ եւ 39-րդ հոդվածների համաձայն սահմանված իրավախախտումների առնչությամբ հետապնդում իրականացնելու նպատակով Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ 1-ին պարբերության (դ) եւ (ե) կետերի հիմքով իրենց իրավազորությունը պայմանավորված չլինի այն պահանջի կատարմամբ, ըստ որի՝ հետապնդում կարող է հարուցվել միայն զոհի կողմից իրավախախտման մասին հաղորդում ներկայացնելու կամ իրավախախտման կատարման վայրի պետության կողմից տեղեկատվություն տրամադրվելու դեպքում։

5.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ իրենց իրավազորությունը սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումների նկատմամբ տարածելու համար՝ այն դեպքերում, երբ ենթադրյալ կատարողը գտնվում է իրենց տարածքում եւ իրենք չեն հանձնում նրան մեկ այլ Կողմի՝ բացառապես նրա քաղաքացիության հիմքով։

6.   Եթե կան մեկից ավելի Կողմեր, որոնք պնդում են, որ սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված ենթադրաբար կատարված որեւէ իրավախախտման նկատմամբ տարածվում է իրենց իրավազորությունը, ապա շահագրգիռ Կողմերն անհրաժեշտության դեպքում խորհրդակցում են միմյանց հետ, որպեսզի որոշեն, թե իրենցից որ մեկի իրավազորությունն է առավել համապատասխանում տվյալ դեպքի առնչությամբ հետապնդում իրականացնելու համար։

7.   Չսահմանափակելով միջազգային իրավունքի ընդհանուր նորմերի գործողությունը՝ սույն Կոնվենցիան չի բացառում որեւէ Կողմի կողմից իր ներպետական օրենքի համաձայն քրեական ոլորտում սահմանված իր իրավազորությունների իրականացումը։

Հոդված 45.   Պատժամիջոցները եւ միջոցառումները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումների համար սահմանվեն արդյունավետ, համաչափ եւ տարհամոզիչ պատժամիջոցներ՝ հաշվի առնելով այդ իրավախախտումների ծանրությունը: Այս պատժամիջոցները ներառում են, ըստ անհրաժեշտության, ազատությունից զրկելու հետ կապված պատիժներ, որոնց դեպքում կարող է հանձնում կատարվել:

2.   Կողմերը կարող են բռնություն կատարողների հետ կապված այլ միջոցառումներ ձեռնարկել, մասնավորապես՝

–       դատապարտված անձանց վարքագծի նկատմամբ մոնիթորինգ կամ վերահսկողություն.

–       ծնողական իրավունքներից զրկում, եթե երեխայի լավագույն շահերը, որոնց թվում կարող է լինել զոհի անվտանգությունը, չեն կարող երաշխավորվել այլ կերպ:

Հոդված 46.   Ծանրացուցիչ հանգամանքները

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումների համար պատիժ սահմանելիս հետեւյալ հանգամանքները հնարավոր լինի ներպետական օրենքի համապատասխան դրույթների համաձայն դիտել որպես ծանրացուցիչ հանգամանքներ՝ այնքանով, որքանով դրանք արդեն իսկ իրավախախտման բաղկացուցիչ տարրեր չեն կազմում.

ա)    եթե իրավախախտումը կատարվել է նախկին կամ ներկա ամուսնու կամ զուգընկերոջ (դրանց՝ ներպետական օրենքով սահմանված իմաստով) նկատմամբ՝ ընտանիքի անդամի, զոհի հետ համատեղ բնակվող կամ իր իրավասությունները չարաշահած անձի կողմից.

բ)   եթե իրավախախտումը կամ հարակից իրավախախտումները կատարվել են մի քանի անգամ.

գ)   եթե իրավախախտումը կատարվել է որոշակի հանգամանքների բերումով խոցելի վիճակում հայտնված անձի նկատմամբ.

դ)   եթե իրավախախտումը կատարվել է երեխայի նկատմամբ կամ երեխայի ներկայությամբ.

ե)   եթե իրավախախտումը կատարվել է միասին գործող երկու կամ ավելի անձանց կողմից.

զ)   եթե իրավախախտմանը նախորդել է ծայրահեղ բռնության գործադրում կամ այն զուգորդվել է նման բռնության գործադրմամբ.

է)   եթե իրավախախտումը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով.

ը)   եթե իրավախախտմամբ զոհին պատճառվել է ծանր ֆիզիկական կամ հոգեբանական վնաս.

թ)   եթե բռնություն կատարողը նախկինում դատապարտվել է նմանատիպ բնույթի իրավախախտումներ կատարելու համար։

Հոդված 47.   Այլ Կողմի նշանակած պատիժները

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ պատժամիջոցներ որոշելիս սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերով այլ Կողմի նշանակած վերջնական պատիժները հաշվի առնելու հնարավորություն նախատեսելու համար։

Հոդված 48.  Վեճերի լուծման պարտադիր այլընտրանքային ընթացակարգերի կամ պարտադիր այլընտրանքային պատիժների արգելումը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի հետ կապված վեճերի լուծման պարտադիր այլընտրանքային ընթացակարգերն արգելելու համար՝ ներառյալ միջնորդությունը եւ հաշտարարությունը։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ տուգանք վճարելու կարգադրություն տալու դեպքում պատշաճորեն հաշվի առնվեն բռնությունը կատարողի կողմից զոհի նկատմամբ ունեցած իր ֆինանսական պարտավորությունները կատարելու հնարավորությունը։

Գլուխ VI.      Քննությունը, հետապնդումը, դատավարական օրենսդրությունը եւ պաշտպանիչ միջոցառումները

Հոդված 49.   Ընդհանուր պարտավորությունները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի առնչությամբ քննությունը եւ դատական վարույթն իրականացվեն առանց անհարկի ձգձգումների՝ միեւնույն ժամանակ հաշվի առնելով զոհի իրավունքները քրեական վարույթի բոլոր փուլերում:

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին համապատասխան եւ հաշվի առնելով բռնության գենդերային ընկալումը՝ ապահովելու համար սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումների արդյունավետ քննությունն ու դրանց առնչությամբ արդյունավետ հետապնդումը:

Հոդված 50.   Անհապաղ արձագանքումը, կանխարգելումը եւ պաշտպանությունը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ պատասխանատու իրավապահ մարմինները սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերին արձագանքեն անհապաղ եւ պատշաճորեն՝ զոհերի համար համարժեք եւ անհապաղ պաշտպանություն ապահովելով:

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ պատասխանատու իրավապահ մարմիններն անհապաղ եւ պատշաճորեն ներգրավվեն սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի կանխարգելման ու դրանց դեմ պաշտպանության, այդ թվում՝ կանխարգելիչ օպերատիվ միջոցառումներ իրականացնելու եւ ապացույցներ հավաքելու գործում:

Հոդված 51.   Ռիսկերի գնահատումը եւ ռիսկերի կառավարումը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ մահ պատճառելու ռիսկի, իրավիճակի լրջության եւ բռնության կրկնվելու ռիսկի գնահատումն իրականացվի համապատասխան բոլոր մարմինների կողմից՝ ռիսկը կառավարելու եւ անհրաժեշտության դեպքում համակարգված անվտանգություն ու օժանդակություն ապահովելու նպատակով:

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ 1-ին պարբերության մեջ նշված գնահատման շրջանակներում քննության եւ պաշտպանիչ միջոցառումների կիրառման բոլոր փուլերում պատշաճորեն հաշվի առնվի սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնարարքներ կատարող անձանց տիրապետության տակ հրազենի առկայության կամ նրանց համար հրազենի հասանելիության առկայության հանգամանքը:

Հոդված 52.   Արտակարգ իրավիճակներում արգելող կարգադրություններ

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ իրավասու մարմիններին լիազորություն վերապահվի ընտանեկան բռնություն կատարողին անմիջական վտանգի իրավիճակներում կարգադրելու բավարար ժամկետով ազատել զոհի կամ ռիսկի տակ գտնվող անձի բնակարանը եւ կատարողին արգելելու մտնել զոհի կամ ռիսկի տակ գտնվող անձի բնակարան կամ շփվել նրա հետ: Սույն հոդվածին համապատասխան միջոցառումներ ձեռնարկելիս պետք է առաջնահերթություն տալ զոհերի եւ ռիսկի տակ գտնվող անձանց անվտանգությանը:

Հոդված 53.   Սահմանափակող կամ պաշտպանիչ կարգադրություններ

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի զոհերի համար հասանելի լինի սահմանափակող կամ պաշտպանիչ համապատասխան կարգադրությունների հնարավորությունը:

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ 1-ին պարբերության մեջ նշված սահմանափակող կամ պաշտպանիչ կարգադրությունները՝

–       հնարավոր լինի արձակել անհապաղ պաշտպանություն տրամադրելու նպատակով եւ առանց զոհի համար անհարկի ֆինանսական կամ վարչական բարդություններ ստեղծելու.

–       արձակվեն կոնկրետ ժամկետով կամ մինչեւ դրանց փոփոխումը կամ վերացումը.

–       անհրաժեշտության դեպքում արձակվեն ex parte կարգով՝ ուժի մեջ մտնելով անմիջապես.

–       հնարավոր լինի արձակել այլ իրավական վարույթներից անկախ կամ ի լրումն դրանց.

–       թույլատրելի լինի ներառել հետագա վարույթներում։

3.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ 1-ին պարբերության համաձայն արձակված սահմանափակող կամ պաշտպանիչ կարգադրությունների պահանջների խախտումների համար սահմանվեն արդյունավետ, համաչափ եւ տարհամոզիչ քրեական կամ այլ իրավական պատժամիջոցներ:

Հոդված 54.   Քննությունը եւ ապացույցները

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ քաղաքացիական կամ քրեական ցանկացած վարույթի շրջանակներում զոհի սեռական կյանքի պատմությանը եւ սեռական վարքագծին առնչվող ապացույցները թույլատրելի ճանաչվեն միայն այն դեպքում, երբ առնչվում են գործին եւ անհրաժեշտ են։

Հոդված 55.   Ex parte եւ ex officio ընթացակարգերը

1.    Կողմերն ապահովում են, որ սույն Կոնվենցիայի 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ եւ 39-րդ հոդվածների համաձայն սահմանված իրավախախտումներն ամբողջությամբ կամ մասամբ իրենց տարածքում կատարվելու դեպքում իրավախախտումների քննությունը կամ դրանց առնչությամբ հետապնդում իրականացնելը ամբողջովին կախված չլինի զոհի կողմից հաղորդում կամ բողոք ներկայացվելու փաստից, եւ որ վարույթը հնարավոր լինի շարունակել անգամ այն դեպքում, երբ զոհը հրաժարվում է իր ցուցմունքներից կամ հետ է վերցնում իր բողոքը։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ իրենց ներպետական օրենքով սահմանված պայմաններին համապատասխան՝ պետական ու հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ ընտանեկան բռնության ոլորտի խորհրդատուները հնարավորություն ունենան սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումներին առնչվող քննությունների եւ դատական վարույթի ընթացքում աջակցելու եւ (կամ) օժանդակելու զոհերին՝ վերջիններիս հայցմամբ:

Հոդված 56.   Պաշտպանություն ապահովելուն ուղղված միջոցառումները

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ քննության եւ դատական վարույթի բոլոր փուլերում զոհերի իրավունքները եւ շահերը, այդ թվում՝ որպես վկաներ՝ նրանց հատուկ կարիքները պաշտպանելու նպատակով, մասնավորապես՝

ա)    պաշտպանելով զոհերին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին եւ վկաներին ճնշումներից, վրեժխնդրությունից եւ կրկնակի վիկտիմիզացիայից.

բ)   ապահովելով, որ զոհերը տեղեկացվեն բռնությունը կատարողի փախուստի կամ ժամանակավորապես կամ վերջնականապես ազատ արձակվելու մասին՝ առնվազն այն դեպքերում, երբ զոհին կամ նրա ընտանիքի անդամներին կարող է վտանգ սպառնալ.

գ)   նրանց տեղեկացնելով, ներպետական օրենքով սահմանված պայմաններին համապատասխան, իրենց իրավունքների եւ իրենց տրամադրության տակ եղած ծառայությունների, իրենց բողոքներին տրված ընթացքի, առաջադրված մեղադրանքների, քննության կամ վարույթի ընթացքի, դրանցում իրենց դերի, ինչպես նաեւ իրենց գործի ելքի մասին.

դ)   հնարավորություն տալով զոհերին, ներպետական օրենքով սահմանված դատավարական կանոնների համաձայն, ուղղակիորեն կամ միջնորդի միջոցով լսվելու, ապացույցներ, ինչպես նաեւ իրենց տեսակետները, կարիքներն ու մտահոգությունները ներկայացնելու, եւ որ դրանք հաշվի առնվեն.

ե)   զոհերին տրամադրելով օժանդակության համապատասխան ծառայություններ՝ այնպես, որ նրանց իրավունքներն ու շահերը պատշաճորեն ներկայացվեն եւ հաշվի առնվեն.

զ)   ապահովելով զոհի մասնավոր կյանքը եւ հեղինակությունը պաշտպանելուն ուղղված միջոցառումներ նախատեսելու հնարավորությունը.

է)   ապահովելով, որ հնարավորության դեպքում դատարանում կամ իրավապահ մարմիններում գտնվելու ընթացքում զոհերի եւ բռնություն կատարողների միջեւ շփումը բացառվի.

ը)   զոհերի համար ապահովելով անկախ եւ պատշաճ թարգմանչական ծառայություններ՝ այն դեպքերում, երբ զոհը դատավարության կողմ է կամ երբ նրանք ապացույցներ են ներկայացնում.

թ)   հնարավորություն տալով զոհերին, ներպետական օրենքով սահմանված կանոնների համաձայն, ցուցմունքներ տալու՝ առանց դատական նիստին ներկայանալու կամ, առնվազն, ենթադրաբար բռնություն կատարած անձի բացակայությամբ, մասնավորապես, հասանելիության դեպքում, հաղորդակցման համապատասխան տեխնոլոգիաների օգտագործմամբ։

2.   Կանանց նկատմամբ բռնության կամ ընտանեկան բռնության զոհ կամ վկա դարձած երեխաներին, համապատասխան դեպքերում, պետք է տրամադրվեն պաշտպանության հատուկ միջոցներ՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը։

Հոդված 57.   Իրավաբանական օգնությունը

Կողմերը, ներպետական օրենքով սահմանված պայմանների համաձայն, զոհերի համար ապահովում են իրավաբանական ծառայություններից եւ անվճար իրավաբանական օգնությունից օգտվելու իրավունքը։

Հոդված 58.   Վաղեմության ժամկետները

Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի 36-րդ, 37-րդ, 38-րդ եւ 39-րդ հոդվածների համաձայն սահմանված իրավախախտումների առնչությամբ ցանկացած տեսակի վարույթ հարուցելու վաղեմության ժամկետները լինեն այնպիսի տեւողությամբ, որը կլինի բավարար եւ խնդրո առարկա իրավախախտման ծանրությանը համաչափ՝ թույլ տալով արդյունավետորեն վարույթ հարուցել զոհի չափահաս դառնալուց հետո:

Գլուխ VII.     Միգրացիան եւ ապաստանը

Հոդված 59.   Կացության կարգավիճակը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ այն զոհերը, որոնց կացության կարգավիճակը կախված է ամուսինների կամ զուգընկերների (դրանց՝ ներպետական օրենքով սահմանված իմաստով) կարգավիճակից, ամուսնալուծվելու կամ հարաբերությունը դադարելու դեպքում եւ եթե առկա են առանձնակի բարդ հանգամանքներ, իրենց դիմումի հիման վրա ստանան կացության առանձին թույլտվություն՝ անկախ ամուսնության կամ հարաբերության տեւողությունից։ Կացության առանձին թույլտվություն տալու պայմանները եւ դրա տեւողությունը սահմանվում են ներպետական օրենքով։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ զոհերին տրվի արտաքսման վարույթի կասեցման հնարավորություն՝ այն դեպքում, երբ տվյալ վարույթը հարուցված է այն հիմքով, որ իրենց կացության կարգավիճակը կախված է ամուսնու կամ զուգընկերոջ (դրանց՝ ներպետական օրենքով սահմանված իմաստով) կացության կարգավիճակից, որպեսզի նրանք կարողանան դիմել կացության առանձին թույլտվություն ստանալու համար։

3.   Կողմերը զոհերին տրամադրում են թարմացման հնարավորությամբ կացության թույլտվություն՝ հետեւյալ երկու իրավիճակներից մեկի կամ միաժամանակ երկուսի առկայության դեպքում՝

ա)    եթե իրավասու մարմինը կարծում է, որ զոհի մնալն անհրաժեշտ է նրա անձնական դրության բերումով.

բ)   եթե իրավասու մարմինը կարծում է, որ զոհի մնալն անհրաժեշտ է քննության կամ քրեական վարույթի ընթացքում իրավասու մարմինների հետ համագործակցելու նպատակով։

4. Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ հարկադիր ամուսնության զոհերը, որոնք այլ երկիր են բերվել ամուսնանալու նպատակով եւ որոնք դրա հետեւանքով կորցրել են իրենց փաստացի հիմնական բնակության վայրի երկրում ունեցած կացության կարգավիճակը, հնարավորություն ունենան վերականգնելու այն։

Հոդված 60.   Գենդերային հիմքով ապաստան ստանալու հայցերը

1.    Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնությունը հնարավոր լինի ճանաչել որպես հետապնդում՝ Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայի 1-ին հոդվածի «ա» մասի 2-րդ կետի իմաստով, եւ որպես ծանր վնասի ձեւ, որը հիմք է տալիս լրացուցիչ կամ սուբսիդիար պաշտպանության համար։

2. Կողմերն ապահովում են, որ Կոնվենցիայի հիմքերից յուրաքանչյուրը մեկնաբանվի նաեւ գենդերային տեսանկյունից, եւ որ այդ հիմքերից մեկի կամ մի քանիսի պատճառով հետապնդման երկյուղի առկայությունը հաստատվելու դեպքում դիմումատուներին տրվի փախստականի կարգավիճակ՝ կիրառելի համապատասխան իրավական փաստաթղթերին համապատասխան։

3. Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ, որպեսզի ապաստան հայցողների համար մշակվեն գենդերային խնդիրները հաշվի առնող ընդունման ընթացակարգեր եւ օժանդակության ծառայություններ, ինչպես նաեւ գենդերային ուղեցույցներ եւ գենդերային խնդիրները հաշվի առնող՝ ապաստան տրամադրելու ընթացակարգեր՝ ներառյալ փախստականի կարգավիճակ տալու հարցի լուծումը եւ միջազգային պաշտպանության համար դիմելը։

Հոդված 61.   Արտաքսելուց հրաժարվելը

1.    Կողմերը ձեռնարկում են օրենսդրական եւ այլ անհրաժեշտ միջոցառումներ՝ գործող միջազգային իրավունքի համաձայն ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ արտաքսելուց հրաժարվելու սկզբունքը պահպանելու համար։

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ կանանց նկատմամբ բռնության զոհ դարձած եւ պաշտպանության կարիք ունեցող անձինք, անկախ իրենց կացության կամ այլ կարգավիճակից, որեւէ պարագայում հետ չուղարկվեն որեւէ երկիր, որտեղ նրանց կյանքը կարող է ռիսկի տակ լինել կամ որտեղ նրանք կարող են ենթարկվել խոշտանգման կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։

Գլուխ VIII.    Միջազգային համագործակցությունըՀոդվ

ած 62.   Ընդհանուր սկզբունքները

1.    Կողմերը հնարավորինս լայն համագործակցություն են իրականացնում միմյանց հետ՝ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան եւ քաղաքացիական ու քրեական գործերով համագործակցության մասին միջազգային եւ տարածաշրջանային իրավական փաստաթղթերի, միասնական կամ փոխադարձ օրենսդրությամբ եւ ներպետական օրենքներով նախատեսվող կարգավորումների հիման վրա՝ հետեւյալ նպատակներով՝

ա)    սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի կանխարգելում, դրանց դեմ պայքար ու դրանց առնչությամբ հետապնդման իրականացում.

բ)   զոհերի համար պաշտպանության ապահովում եւ աջակցության տրամադրում.

գ)   սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումների առնչությամբ քննության կամ վարույթի իրականացում.

դ)   Կողմերի դատական մարմինների կողմից կայացված՝ քաղաքացիական եւ քրեական գործերով համապատասխան դատական ակտերի, այդ թվում՝ պաշտպանիչ կարգադրությունների կատարում:

2.   Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված ցանկացած իրավախախտման զոհ դարձած անձինք իրավախախտումը զոհի բնակության վայրի պետություն չհանդիսացող Կողմի տարածքում կատարվելու դեպքում հնարավորություն ունենան իրավախախտման մասին բողոք ներկայացնելու իրենց բնակության վայրի պետության իրավասու մարմիններ։

3.   Եթե որեւէ Կողմ, որը քրեական գործերով փոխադարձ իրավական օգնությունը, հանձնումը կամ սույն Կոնվենցիայի մեկ այլ Կողմի կողմից քաղաքացիական եւ քրեական գործերով կայացված դատական ակտերի կատարումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, նման փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ հայցում է ստանում այնպիսի Կողմից, որի հետ նա չունի այդպիսի պայմանագիր, ապա այն կարող է սույն Կոնվենցիան դիտարկել որպես իրավական հիմք՝ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության, հանձնման եւ մեկ այլ Կողմի կողմից սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումների առնչությամբ քաղաքացիական ու քրեական գործերով կայացված դատական ակտերը կատարելու նպատակով։

4.   Կողմերը կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը պետք է ձգտեն ընդգրկել հօգուտ երրորդ պետությունների իրականացվող զարգացման նպատակով աջակցության ծրագրերում՝ ի թիվս այլնի՝ երրորդ պետությունների հետ զոհերի պաշտպանությունը 18-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն դյուրացնելու նպատակով երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր կնքելու միջոցով։

Հոդված 63.   Ռիսկի տակ գտնվող անձանց հետ կապված միջոցառումները

Եթե Կողմը, որը տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որոնք ողջամիտ հիմքեր են տալիս ենթադրելու, որ որեւէ անձ գտնվում է մեկ այլ Կողմի տարածքում սույն Կոնվենցիայի 36-րդ, 37-րդ, 38-րդ եւ 39-րդ հոդվածներում նշված բռնարարքների ենթարկվելու անմիջական ռիսկի տակ, ապա այդ տեղեկություններին տիրապետող Կողմին կոչ է արվում այդ տեղեկություններն անհապաղ փոխանցել այն Կողմին, որտեղ այդ արարքները կարող են կատարվել՝ ապահովելու համար, որ ձեռնարկվեն պաշտպանության համապատասխան միջոցներ։ Համապատասխան դեպքերում այս տեղեկությունները պետք է մանրամասներ պարունակեն պաշտպանությանն առնչվող գործող դրույթների մասին, որոնք սահմանված են հօգուտ ռիսկի տակ գտնվող անձի։

Հոդված 64.   Տեղեկատվությունը

1.    Հայցվող Կողմը հայցող Կողմին անհապաղ տեղյակ է պահում սույն գլխի դրույթների համաձայն ձեռնարկված գործողությունների վերջնական արդյունքի մասին: Հայցվող Կողմը հայցող Կողմին անհապաղ տեղյակ է պահում նաեւ այն բոլոր հանգամանքների մասին, որոնք անհնարին են դարձնում կամ որոնց պատճառով հավանական է, որ նշանակալիորեն կձգձգվի հայցվող գործողությունների կատարումը։

2.   Կողմը, իր ներպետական օրենքի սահմաններում, առանց նախապես հայցում ստանալու, կարող է մեկ այլ Կողմի փոխանցել իր սեփական քննության շրջանակներում ձեռք բերված տեղեկությունները, եթե կարծում է, որ նման տեղեկությունների բացահայտումը ստացող Կողմին կարող է օգնել սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված իրավախախտումներ կանխելու կամ նման իրավախախտումների առնչությամբ քննություն կամ վարույթ հարուցելու կամ իրականացնելու հարցում, կամ եթե կարծում է, որ դրա արդյունքում այդ Կողմը կարող է դիմել համագործակցության հայցմամբ։

3.   Սույն հոդվածի 2-րդ պարբերությանը համապատասխան որեւէ տեղեկություն ստացող Կողմն այդ տեղեկությունը ներկայացնում է իր իրավասու մարմիններին, որպեսզի նպատակահարմար համարվելու դեպքում հարուցվի համապատասխան վարույթ կամ որպեսզի այդ տեղեկությունը հաշվի առնվի քաղաքացիական եւ քրեական համապատասխան վարույթների շրջանակներում։

Հոդված 65.   Տվյալների պաշտպանությունը

Կողմերն անձնական տվյալները պետք է պահպանեն եւ օգտագործեն «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի (ETS թիվ 108) ներքո ստանձնած պարտավորություններին համապատասխան։

Գլուխ IX.      Մոնիթորինգի մեխանիզմը

Հոդված 66.   Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ գործողությունների հարցերով փորձագիտական խումբը

1.    Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ գործողությունների հարցերով փորձագիտական խումբը (այսուհետ՝ ԳՐԵՎԻՕ) մոնիթորինգ է իրականացնում Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի կիրարկման նկատմամբ։

2.   ԳՐԵՎԻՕ-ն պետք է ունենա նվազագույնը տասը եւ առավելագույնը տասնհինգ անդամ՝ պահպանելով գենդերային եւ աշխարհագրական հավասարակշռություն, ինչպես նաեւ ապահովելով փորձագիտական բազմաշերտություն։ Դրա անդամներն ընտրվում են Կողմերի կոմիտեի կողմից՝ Կողմերի կողմից ներկայացված՝ իրենց քաղաքացիների թվից ընտրված թեկնածուների ցանկից, չորս տարի ժամկետով՝ անընդմեջ վերընտրվելու մեկ հնարավորությամբ։

3.   Առաջին տասն անդամների ընտրությունը պետք է անցկացվի սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։ Լրացուցիչ հինգ անդամների ընտրությունը պետք է անցկացվի 25-րդ վավերացումից կամ միացումից հետո։

4.   ԳՐԵՎԻՕ-ի անդամների ընտրության հիմքում պետք է դրվեն հետեւյալ սկզբունքները՝

ա)    նրանք պետք է ընտրվեն թափանցիկ ընթացակարգով՝ բարոյական բարձր բնութագիր ունեցող, մարդու իրավունքների, գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կամ զոհերին աջակցություն ու պաշտպանություն տրամադրելու ասպարեզում իրենց ձեռնահասությամբ հայտնի կամ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բնագավառներում մասնագիտական փորձառություն դրսեւորած անձանց թվից.

բ)   միեւնույն պետության քաղաքացի հանդիսացող երկու անձանց անդամությունը ԳՐԵՎԻՕ-ում արգելվում է.

գ)   նրանք պետք է ներկայացնեն հիմնական իրավական համակարգերը.

դ)   նրանք պետք է ներկայացնեն կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության բնագավառում գործող համապատասխան դերակատարների եւ գերատեսչությունների.

ե)   նրանք հանդես են գալիս անձամբ իրենց անունից, իրենց գործառույթներն իրականացնելիս անկախ են ու անկողմնակալ եւ պետք է հասանելի լինեն՝ իրենց պարտականություններն արդյունավետորեն կատարելու համար։

5.   ԳՐԵՎԻՕ-ի անդամների ընտրության կարգը որոշվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից՝ Կողմերի հետ խորհրդակցելուց եւ նրանց միաձայն համաձայնությունն ստանալուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում։

6.   ԳՐԵՎԻՕ-ն ընդունում է իր սեփական կանոնակարգը։

7.   ԳՐԵՎԻՕ-ի անդամները, ինչպես նաեւ 68-րդ հոդվածի 9-րդ եւ 14-րդ պարբերություններով սահմանված կարգով այլ երկրներ այցելություններ կատարող պատվիրակությունների այլ անդամներ օգտվում են սույն Կոնվենցիայի հավելվածով սահմանված արտոնություններից եւ անձեռնմխելիությունից։

Հոդված 67.   Կողմերի կոմիտեն

1.    Կողմերի կոմիտեն կազմված է Կոնվենցիայի Կողմերի ներկայացուցիչներից։

2.   Կողմերի կոմիտեն գումարվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից։ Դրա առաջին նիստն անցկացվում է Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ ԳՐԵՎԻՕ-ի անդամների ընտրության նպատակով։ Այնուհետեւ դրա նիստերը գումարվում են Կողմերի մեկ երրորդի, Կողմերի կոմիտեի նախագահի կամ գլխավոր քարտուղարի հայցմամբ։

3.   Կողմերի կոմիտեն ընդունում է իր սեփական կանոնակարգը։

Հոդված 68.  Ընթացակարգը

1.    Կողմերը ԳՐԵՎԻՕ-ի քննարկմանը ներկայացվելու նպատակով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին են ներկայացնում ԳՐԵՎԻՕ-ի կողմից կազմված հարցաշարի հիման վրա նախապատրաստված զեկույց՝ սույն Կոնվենցիայի դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկված օրենսդրական եւ այլ միջոցառումների մասին։

2.   Սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն ներկայացված զեկույցը ԳՐԵՎԻՕ-ի կողմից քննարկվում է տվյալ Կողմի ներկայացուցիչների հետ։

3.   Գնահատման հետագա ընթացակարգը բաժանվում է փուլերի, որոնց տեւողությունը որոշվում է ԳՐԵՎԻՕ-ի կողմից։ Յուրաքանչյուր փուլի սկզբում ԳՐԵՎԻՕ-ն առանձնացնում է այն դրույթները, որոնց վրա հիմնվելու է գնահատման ընթացակարգը, եւ ուղարկում է հարցաշար։

4.   ԳՐԵՎԻՕ-ն սահմանում է մոնիթորինգի ընթացակարգն իրականացնելու համար նպատակահարմար միջոցները։ Մասնավորապես, այն կարող է գնահատման յուրաքանչյուր փուլի համար մշակել հարցաշար, որը կծառայի որպես հիմք՝ Կողմերի կողմից կիրարկման գնահատման ընթացակարգի համար։ Այդ հարցաշարը պետք է հասցեագրվի բոլոր Կողմերին։ Կողմերը պետք է պատասխանեն այդ հարցաշարին, ինչպես նաեւ տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ ԳՐԵՎԻՕ-ի ցանկացած այլ հայցման։

5.   ԳՐԵՎԻՕ-ն Կոնվենցիայի կիրարկման վերաբերյալ տեղեկություններ կարող է ստանալ հասարակական կազմակերպություններից եւ քաղաքացիական հասարակությունից, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ազգային կառույցներից։

6.   ԳՐԵՎԻՕ-ն պետք է պատշաճ ուշադրություն դարձնի արդեն իսկ առկա տեղեկություններին, որոնք հասանելի են սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բնագավառներում գործող տարածաշրջանային եւ միջազգային այլ իրավական փաստաթղթերի ու մարմինների միջոցով։

7.   Գնահատման յուրաքանչյուր փուլի համար հարցաշար մշակելիս ԳՐԵՎԻՕ-ն պատշաճորեն հաշվի է առնում առկա այն տվյալները եւ հետազոտությունները, որոնք Կողմերի կողմից համապատասխանաբար հավաքվել եւ կատարվել են սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածին համապատասխան։

8.   ԳՐԵՎԻՕ-ն Կոնվենցիայի կատարման վերաբերյալ տեղեկություններ կարող է ստանալ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարից, Խորհրդարանական վեհաժողովից եւ Եվրոպայի խորհրդի, ինչպես նաեւ միջազգային իրավական այլ փաստաթղթերի հիման վրա ստեղծված այլ համապատասխան մասնագիտացված մարմիններից։ Այդ մարմիններին ներկայացված բողոքները եւ վերջիններիս քննության արդյունքները պետք է հասանելի լինեն ԳՐԵՎԻՕ-ի համար։

9.   Ստացված տեղեկությունները ոչ բավարար լինելու կամ սույն հոդվածի 14-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերում ԳՐԵՎԻՕ-ն կարող է լրացուցիչ կազմակերպել այցելություններ այլ երկրներ՝ ազգային իշխանությունների համագործակցությամբ եւ անկախ ազգային փորձագետների աջակցությամբ։ Այդ այցերի ընթացքում ԳՐԵՎԻՕ-ին կարող են աջակցել առանձին ոլորտների մասնագետներ։

10.   ԳՐԵՎԻՕ-ն պետք է պատրաստի զեկույցի նախագիծ, որը կպարունակի գնահատման հիմքում ընկած դրույթների կիրարկման վերաբերյալ իր վերլուծությունը, ինչպես նաեւ իր խորհուրդներն ու առաջարկություններն այն մասին, թե ինչպես կարող է տվյալ Կողմը լուծել արձանագրված խնդիրները։ Զեկույցի նախագիծն ուղարկվում է գնահատում անցնող Կողմին՝ վերջինիս մեկնաբանություններն ստանալու նպատակով։ Այդ մեկնաբանությունները ԳՐԵՎԻՕ-ի կողմից հաշվի են առնվում իր զեկույցն ընդունելիս։

11.    Ստացված բոլոր տեղեկությունների եւ Կողմերի կողմից ներկայացված մեկնաբանությունների հիման վրա ԳՐԵՎԻՕ-ն ընդունում է իր զեկույցը եւ եզրակացությունները՝ համապատասխան Կողմի կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կիրարկման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ։ Այս զեկույցն ու եզրակացություններն ուղարկվում են համապատասխան Կողմին եւ Կողմերի կոմիտեին։ ԳՐԵՎԻՕ-ի զեկույցն ու եզրակացությունները հրապարակվում են դրանց ընդունման պահին՝ համապատասխան Կողմի կողմից դրանց վերաբերյալ արված հնարավոր մեկնաբանությունների հետ։

12.    Չսահմանափակելով սույն հոդվածի 1-8-րդ պարբերություններով նախատեսված ընթացակարգը՝ Կողմերի կոմիտեն կարող է ԳՐԵՎԻՕ-ի զեկույցի եւ եզրակացությունների հիման վրա ընդունել այդ Կողմին ուղղված հանձնարարականներ՝ ա) ԳՐԵՎԻՕ-ի եզրակացությունները կիրարկելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների մասին՝ անհրաժեշտության դեպքում նշելով դրանց կիրարկման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու ժամկետ, եւ բ) Կոնվենցիայի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով այդ Կողմի հետ համագործակցությունը խթանելուն ուղղված։

13.    Եթե ԳՐԵՎԻՕ-ն ստանում է հավաստի տեղեկություններ, որոնք մատնացույց են անում այնպիսի իրավիճակի առկայություն, որը պահանջում է անհապաղ արձագանք՝ Կոնվենցիայի ծանր խախտումները կանխելու կամ դրանց մասշտաբները կամ թիվը սահմանափակելու համար, ապա այն կարող է հայցել, որ անհապաղ ներկայացվի հատուկ զեկույց՝ այն միջոցառումների վերաբերյալ, որոնք ձեռնարկվել են կանանց նկատմամբ բռնության ծանր, մասսայական կամ շարունակական դրսեւորումները կանխելու նպատակով։

14.    Հաշվի առնելով համապատասխան Կողմի կողմից ներկայացված, ինչպես նաեւ իրեն հասանելի ցանկացած այլ հավաստի տեղեկություններ՝ ԳՐԵՎԻՕ-ն իր անդամներից մեկին կամ մի քանիսին կարող է օժտել հետաքննություն անցկացնելու եւ ԳՐԵՎԻՕ-ին անհապաղ զեկուցելու լիազորությամբ։ Անհրաժեշտության դեպքում եւ տվյալ Կողմի համաձայնությամբ՝ այդ հետաքննությունը կարող է ներառել նաեւ այցելություն այդ Կողմի տարածք։

15.    Սույն հոդվածի 14-րդ պարբերության մեջ նշված հետաքննությամբ պարզված տեղեկություններն ուսումնասիրելուց հետո ԳՐԵՎԻՕ-ն դրանք ուղարկում է համապատասխան Կողմին եւ, նպատակահարմարության դեպքում, Կողմերի կոմիտեին եւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին՝ բոլոր մեկնաբանություններով եւ հանձնարարականներով։

Հոդված 69.   Ընդհանուր հանձնարարականները

Նպատակահարմարության դեպքում ԳՐԵՎԻՕ-ն կարող է ընդունել սույն Կոնվենցիայի կիրարկման վերաբերյալ ընդհանուր հանձնարարականներ։

Հոդված 70.   Խորհրդարանական մասնակցությունը մոնիթորինգի գործընթացին

1.    Ազգային խորհրդարանները հրավիրվում են մասնակցելու սույն Կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների նկատմամբ մոնիթորինգի իրականացման գործընթացին։

2.   Կողմերը ԳՐԵՎԻՕ-ի զեկույցները ներկայացնում են իրենց ազգային խորհրդարաններ։

3.   Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրավիրվում է պարբերաբար ամփոփելու սույն Կոնվենցիայի կիրարկման արդյունքները։

ԳԼՈՒԽ X.    Հարաբերակցությունը այլ միջազգային իրավական փաստաթղթերի հետ

Հոդված 71.    Հարաբերակցությունը այլ միջազգային իրավական փաստաթղթերի հետ

1.    Սույն Կոնվենցիայով չեն սահմանափակվում այլ այնպիսի միջազգային իրավական փաստաթղթերից բխող պարտավորությունները, որոնց Կողմ են կամ Կողմ եմ դառնալու սույն Կոնվենցիայի Կողմերը եւ որոնք պարունակում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերին վերաբերող դրույթներ։

2.   Սույն Կոնվենցիայի Կողմերը սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի շուրջ միմյանց միջեւ կարող են կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր՝ Կոնվենցիայի դրույթները լրացնելու կամ ամրապնդելու կամ դրանով ամրագրված սկզբունքների կիրառումը դյուրացնելու նպատակով։

Գլուխ XI.      Կոնվենցիայի փոփոխությունները

Հոդված 72.   Փոփոխությունները

1.    Որեւէ Կողմի կողմից սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու մասին ներկայացված ցանկացած առաջարկ հաղորդվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին եւ վերջինիս կողմից ուղարկվում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, բոլոր ստորագրողներին, բոլոր Կողմերին, Եվրոպական միություն, 75-րդ հոդվածի դրույթների համաձայն սույն Կոնվենցիան ստորագրելու հրավիրված բոլոր պետություններ եւ 76-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ սույն Կոնվենցիային միանալու հրավիրված բոլոր պետություններ։

2.   Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննարկում է առաջարկված փոփոխությունը եւ Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող սույն Կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելուց հետո կարող է ընդունել փոփոխությունը Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 20(դ) հոդվածով սահմանված՝ ձայների մեծամասնությամբ։

3.   Նախարարների կոմիտեի կողմից սույն հոդվածի 2-րդ պարբերության համաձայն ընդունված ցանկացած փոփոխության տեքստ ուղարկվում է Կողմերին՝ ընդունման համար։

4.   Սույն հոդվածի 2-րդ պարբերության համաձայն ընդունված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում բոլոր Կողմերի կողմից դրա ընդունման մասին Գլխավոր քարտուղարին հայտնելու օրվանից մեկամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

Գլուխ XII.     Եզրափակիչ դրույթներ

Հոդված 73.   Կոնվենցիայի գործողությունը

Սույն Կոնվենցիայի դրույթներով չեն սահմանափակվում արդեն իսկ ուժի մեջ մտած կամ հետագայում ուժի մեջ մտնող ներպետական օրենքով եւ պարտադիր ուժ ունեցող միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված այն դրույթները, որոնց համաձայն, անձանց համար սահմանվում են կամ կարող են սահմանվել ավելի բարենպաստ իրավունքներ՝ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի հարցում:

Հոդված 74.   Վեճերի կարգավորումը

1.    Ցանկացած վեճի դեպքում, որը կարող է ծագել սույն Կոնվենցիայի դրույթների կիրառության կամ մեկնաբանության շուրջ, տվյալ վեճի Կողմերն առաջին հերթին փորձում են դա կարգավորել բանակցությունների, հաշտեցման, արբիտրաժի միջոցով կամ իրենց միջեւ փոխադարձ համաձայնությամբ ընդունված խաղաղ կարգավորման ցանկացած այլ եղանակներով:

2.   Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կարող է սահմանել վեճերի կարգավորման ընթացակարգեր, որոնք կարող են օգտագործվել վեճի մեջ գտնվող Կողմերի կողմից՝ այդ մասին նրանց համաձայնության առկայության դեպքում:

Հոդված 75.   Ստորագրումը եւ ուժի մեջ մտնելը

1.    Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, անդամ չհանդիսացող, բայց Կոնվենցիայի մշակմանը մասնակցած պետությունների եւ Եվրոպական միության կողմից ստորագրման համար:

2.   Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

3.   Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն օրվանից հետո եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ 10 ստորագրողներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի առնվազն 8 անդամ պետություն, 2-րդ պարբերության դրույթներին համապատասխան, հայտնած կլինեն Կոնվենցիայով սահմանված պարտավորություններն ստանձնելու վերաբերյալ իրենց համաձայնությունը:

4.   1-ին պարբերության մեջ նշված ցանկացած պետության կամ Եվրոպական միության համար, հետագայում դրանով սահմանված պարտավորություններն ստանձնելու վերաբերյալ իր համաձայնությունը տալու դեպքում, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն օրվանից հետո եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ դրա վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ է հանձնվում:

Հոդված 76.   Կոնվենցիային միանալը

1.    Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն սույն Կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելուց եւ նրանց միաձայն համաձայնությունն ստանալուց հետո կարող է Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող եւ Կոնվենցիայի մշակմանը մասնակցություն չունեցած ցանկացած պետության հրավիրել՝ միանալու Կոնվենցիային՝ Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20(դ) հոդվածով նախատեսված ձայների մեծամասնությամբ եւ Նախարարների կոմիտեի անդամ հանդիսացող Կողմերի ներկայացուցիչների միաձայն քվեարկությամբ կայացված որոշմամբ:

2.   Միացող ցանկացած պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

Հոդված 77.   Տարածքային կիրառությունը

1.    Ցանկացած պետություն կամ Եվրոպական միությունը կարող է ստորագրման ժամանակ կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ պետք է կիրառվի սույն Կոնվենցիան:

2.   Ցանկացած Կողմ կարող է ավելի ուշ՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ, սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի վրա, որի միջազգային հարաբերությունների համար այն պատասխանատվություն է կրում կամ ի դեմս որի այն իրավասու է ստանձնելու պարտավորություններ: Այդպիսի տարածքի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից հայտարարությունն ստանալու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

3.   Նախորդ երկու պարբերությունների համաձայն արված ցանկացած հայտարարություն կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով հետ վերցվել՝ հայտարարության մեջ նշված ցանկացած տարածքի մասով: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

Հոդված 78.   Վերապահումները

1.    Սույն Կոնվենցիայի որեւէ դրույթի մասով որեւէ վերապահում չի կարող արվել՝ բացառությամբ 2-րդ եւ 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերի:

2.   Ցանկացած պետություն կամ Եվրոպական միությունը կարող է ստորագրման ժամանակ կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում չկիրառելու կամ միայն առանձնահատուկ դեպքերում կամ պայմաններում կիրառելու այն դրույթները, որոնք սահմանված են՝

–  30-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ,

–  44-րդ հոդվածի 1 (ե), 3-րդ եւ 4-րդ պարբերություններով,

–  55-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ՝ 35-րդ հոդվածի համաձայն սահմանված ոչ մեծ ծանրության իրավախախտումների առնչությամբ,

–  58-րդ հոդվածով՝ 37-րդ, 38-րդ, 39-րդ հոդվածների առնչությամբ,

–  59-րդ հոդվածով:

3.   Ցանկացած պետություն կամ Եվրոպական միությունը կարող է ստորագրման ժամանակ կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարության միջոցով հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում 33-րդ եւ 34-րդ հոդվածներում նշված արարքների համար սահմանված քրեական պատժամիջոցների փոխարեն սահմանել ոչ քրեական պատժամիջոցներ:

4.   Ցանկացած Կողմ կարող է ամբողջությամբ կամ մասամբ հետ վերցնել ցանկացած վերապահում՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարության միջոցով: Այդ հայտարարությունն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից այն ստանալու օրվանից:

Հոդված 79. Վերապահումների վավերականությունն ու վերանայումը

1. 78-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ պարբերություններում նշված վերապահումները վավերական են 5 տարի ժամկետով՝ տվյալ Կողմի համար Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից: Այնուամենայնիվ, նման վերապահումները կարող են թարմացվել նույն տեւողությամբ ժամկետներով:

2. Վերապահման ժամկետի ավարտի օրվանից տասնութ ամիս առաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարությունը տվյալ Կողմին ծանուցում է ժամկետի ավարտի մասին: Ոչ ուշ, քան ժամկետի ավարտից 3 ամիս առաջ Կողմը ծանուցում է Գլխավոր քարտուղարին վերապահումն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ հետ վերցնելու մասին: Տվյալ Կողմի կողմից ծանուցման բացակայության դեպքում Գլխավոր քարտուղարությունն այդ Կողմին տեղեկացնում է, որ նրա վերապահումը համարվում է 6 ամիս ժամկետով ինքնաբերաբար երկարաձգված: Տվյալ Կողմի կողմից իր վերապահումն անփոփոխ թողնելու կամ փոփոխելու մտադրության մասին նախքան այդ ժամկետի ավարտը չծանուցելու դեպքում տվյալ վերապահումը համարվում է ուժը կորցրած:

3.   Եթե Կողմը վերապահում է անում 78-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ պարբերություններին համապատասխան, ապա, նախքան այն թարմացնելը կամ հայցման դեպքում տվյալ Կողմը պետք է ԳՐԵՎԻՕ-ին ներկայացնի բացատրություն՝ դրա շարունակականությունը հիմնավորող պատճառների մասին:

Հոդված 80.  Կոնվենցիայից դուրս գալը

1. Ցանկացած Կողմ ցանկացած ժամանակ կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով դուրս գալ սույն Կոնվենցիայից:

2. Դուրս գալն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

Հոդված 81. Ծանուցումը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, անդամ չհանդիսացող, սակայն սույն Կոնվենցիայի մշակմանը մասնակցած բոլոր պետություններին, բոլոր ստորագրողներին, բոլոր Կողմերին, Եվրոպական միությանը եւ սույն Կոնվենցիային միանալու հրավիրված բոլոր պետություններին տեղեկացնում է՝

ա)    սույն Կոնվենցիան ստորագրելու ցանկացած դեպքի մասին.

բ)   վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին.

գ)   75-րդ եւ 76-րդ հոդվածներին համապատասխան՝ սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ցանկացած օրվա մասին.

դ)   72-րդ հոդվածին համապատասխան ընդունված ցանկացած փոփոխության եւ նման փոփոխությունն ուժի մեջ մտնելու օրվա մասին.

ե)   78-րդ հոդվածի համաձայն արված ցանկացած վերապահման եւ վերապահումը հետ վերցնելու ցանկացած դեպքի մասին.

զ)   80-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ Կոնվենցիայից դուրս գալու ցանկացած դեպքի մասին.

է)   սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդման մասին.

Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է [Ստամբուլում], [2011] թվականի [մայիսի 11]-ին, երկու հավասարազոր՝ անգլերեն եւ ֆրանսերեն տեքստերով, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, անդամ չհանդիսացող, սակայն Կոնվենցիայի մշակմանը մասնակցած պետություններին, Եվրոպական միությանը եւ սույն Կոնվենցիային միանալու հրավիրված բոլոր պետություններին փոխանցում է հաստատված պատճեններ:

Հավելված. Արտոնություններն ու անձեռնմխելիությունը (66-րդ հոդված)

1.    Սույն հավելվածը կիրառվում է Կոնվենցիայի 66-րդ հոդվածում նշված ԳՐԵՎԻՕ-ի անդամների, ինչպես նաեւ երկրներ այցելություններ կատարող պատվիրակությունների այլ անդամների նկատմամբ: Սույն հավելվածի նպատակներով՝ «երկրներ այցելություններ կատարող պատվիրակությունների այլ անդամներ» արտահայտությունը ներառում է Կոնվենցիայի 68-րդ հոդվածի 9-րդ պարբերության մեջ նշված անկախ ազգային փորձագետներին եւ մասնագետներին, Եվրոպայի խորհրդի անձնակազմի անդամներին եւ Եվրոպայի խորհրդի կողմից ներգրավված թարգմանիչներին, որոնք ուղեկցում են ԳՐԵՎԻՕ-ին երկրներ այցելությունների ընթացքում:

2.   ԳՐԵՎԻՕ-ի անդամները եւ երկրներ այցելություններ կատարող պատվիրակությունների մյուս անդամները երկրներ այցելությունների նախապատրաստման եւ դրանք կատարելու, ինչպես նաեւ դրանց հետագա ընթացքի հետ կապված իրենց գործառույթներն իրականացնելիս եւ այս գործառույթների հետ կապված ճամփորդելիս օգտվում են հետեւյալ արտոնություններից ու անձեռնմխելիությունից՝

ա)    անձեռնմխելիություն՝ անհատական ձերբակալությունից կամ կալանավորումից եւ իրենց անձնական ուղեբեռի առգրավումից, ինչպես նաեւ անձեռնմխելիություն իրենց պաշտոնեական լիազորությունների սահմաններում իրենց կողմից արտաբերված կամ գրված խոսքերի եւ կատարված բոլոր արարքների առնչությամբ ամեն տեսակի իրավական գործընթացներից.

բ)   ազատում տեղաշարժվելու ազատության ցանկացած սահմանափակումներից՝ իրենց բնակության երկրից դուրս գալիս կամ այնտեղ վերադառնալիս, այն երկիր մուտք գործելիս կամ այն երկրից դուրս գալիս, որտեղ իրենք իրականացնում են իրենց գործառույթները, ինչպես նաեւ ազատում օտարերկրացիների հաշվառումից՝ այն երկրում, որն իրենք այցելում են կամ որի միջով անցնում են իրենց գործառույթներն իրականացնելիս:

3.   Իրենց գործառույթներն իրականացնելիս կատարվող ճանապարհորդությունների ընթացքում ԳՐԵՎԻՕ-ի անդամներին եւ երկրներ այցելություններ կատարող պատվիրակությունների մյուս անդամներին մաքսային եւ արժութային վերահսկողության հարցերում տրամադրվում են նույն հնարավորությունները, ինչ օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչներին՝ նրանց ժամանակավոր պաշտոնական առաքելության ընթացքում:

4.   Կոնվենցիայի կիրարկման՝ ԳՐԵՎԻՕ-ի անդամների եւ երկրներ այցելություններ կատարող պատվիրակությունների մյուս անդամների կողմից կատարվող գնահատման հետ կապված փաստաթղթերն անձեռնմխելի են այնքանով, որքանով դրանք վերաբերում են ԳՐԵՎԻՕ-ի գործունեությանը: ԳՐԵՎԻՕ-ի պաշտոնական թղթակցությունը եւ ԳՐԵՎԻՕ-ի անդամների ու երկրներ այցելություններ կատարող պատվիրակությունների մյուս անդամների պաշտոնական հաղորդակցությունը չի կարող ընդհատվել կամ ենթարկվել գրաքննության:

5.   ԳՐԵՎԻՕ-ի անդամների եւ երկրներ այցելություններ կատարող պատվիրակությունների մյուս անդամների համար խոսքի լիարժեք ազատություն եւ իրենց պարտականությունները կատարելիս լիարժեք անկախություն ապահովելու նպատակով՝ իրենց պարտականությունները կատարելիս իրենց կողմից արտաբերված կամ գրված խոսքերի եւ կատարված բոլոր արարքների առնչությամբ իրավական գործընթացներից անձեռնմխելիությունը պահպանվում է՝ անկախ այդ անձանց կողմից այդ պարտականությունների կատարմանն այլեւս ներգրավված չլինելու հանգամանքից։

6.   Արտոնություններն ու անձեռնմխելիությունը տրվում են սույն հավելվածի 1-ին պարբերությունում նշված անձանց՝ ԳՐԵՎԻՕ-ի շահերից բխող իրենց գործառույթների անկախ իրականացումը երաշխավորելու նպատակով, այլ ոչ հանուն նրանց անձնական շահի: Սույն հավելվածի առաջին պարբերության մեջ նշված անձինք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից զրկվում են անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ վերջինիս կարծիքով այդ անձեռնմխելիությունը կխոչընդոտեր արդարադատության իրականացման ընթացքը եւ եթե առանց ԳՐԵՎԻՕ-ի շահերին վնաս հասցնելու հնարավոր է դրանից զրկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս