×


«Հուսամ՝ այդ օրը շուտ կգա». Մանո Գրիգորյան

Տարեվերջին Մանո եւ Սարգիս Գրիգորյանները մեկնել են Հայաստանից եւ բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում: BRAVO.am-ի հետ զրույցում Մանոն անկեղծացել է մեկնելու պատճառների, ամերիկյան կյանքի, իր ընտանիքի հասցեին չարախոսողների մասին, եւ ոչ միայն:

Ընտանիքից խոսելիս

- Մանրամասն ոչինչ չեմ ուզում ասել: Պատճառն այլակարծությունից վախենալը կամ խուսափելը չէ: Հասկացա, որ չարախոսներն ու չարակամները շատ դեպքում ազդում են ոչ թե ինձ վրա, այլ իմ հարազատների, բարեկամների վրա, ովքեր շատ ավելի ծանր են տանում մեր ընտանիքի մասին մեկնաբանությունները:

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները


Անկեղծության եւ վատ մեկնաբանությունների մասին

- Հասկացել եմ, որ անկեղծությունն ու պարզությունը ոչ թե չի գնահատվում, այլ չի ընդունվում: Դիմացինը հաճախ չի մտածում, որ դու էլ հստակ կարծիք ունես այս կամ այն երեւույթների մասին ու կարող ես խոսել: Ոչինչ չեմ մեկնաբանում: Ապրում եմ այնպես, ինչպես ես եմ ուզում ապրել: Պայքարում եմ իմ լավ կյանքի, բարեկեցության, դրական էներգետիկ դաշտի, իմ ընտանիքի, հարազատների լավ լինելու համար: Իմ կյանքն իմն է, եւ ես եմ որոշում՝ որն է լավ կամ վատ ինձ համար: Ոչ ոք իրավունք չունի ասելու ինձ, թե ես ինչպես ապրեմ:

Մեր կյանքում ընտրությունը կարեւոր դեր ունի: Թող մարդիկ այնքան գիտակից եւ հոգեւոր ներքին կուլտուրա ունենան, որ հասկանան, չքննադատեն դիմացինին: Անպայման չէ ասել՝ լավ կամ վատ ես արել: Կարելի է պարզապես չխանգարել: Բացասական մեկնաբանություններ տեսնելիս մտածում եմ՝ ինչքան վատ ու չար բան կա նրանց մեջ կուտակված:

Սարգիս եւ Մանո Գրիգորյանների դուստրերը


Կյանքն օվկիանոսից այն կողմ

- Հարմարվում ենք այստեղի կյանքին: Երեխաներն էլ արդեն համակերպվել են:
Դժվարություններից, դժգոհություններին չեմ ցանկանում անդրադառնալ: Հանդիպել ենք թե՛ դրական, թե՛ բացասական երեւույթների, մարդկանց: Կյանք է, այդ ամենն ինձ համար շատ բնական է: Ամենադժվարն այն է, որ ծնողներից, ընկերներից եմ հեռու, իսկ մնացածը ժամանակի հարց է:

Թե ինչ կլինի, կերեւա հետո: Կվերադառնանք այն ժամանակ, երբ կվերադառնանք: Հուսամ՝ այդ օրը շուտ կգա: Այս շրջանում նախընտրում ենք լուռ մնալ եւ ապրել հեռու բացասական մթնոլորտից: Ժամանակն ամեն ինչ տեղը կգցի, եւ բոլորս կունենանք այն, ինչին որ արժանի ենք:

Շնորհակալ լինելով

- Իմ բոլոր դժվարությունների դեմ պայքարում եմ սիրով: Յուրաքանչյուր չարախոսին շնորհակալություն եմ հայտնում, որովհետեւ ուժ են տալիս, որպեսզի պայքարեմ երազանքներիս համար: Շատ եմ ուզում, որ այդ չարախոսները կյանքում այնքան հաջողություններ ունենան, որ ժամանակ չունենան քննարկելու, թե ով ինչ ասաց:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մանո Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին