×


«Ինքս արտասվել եմ նկարահանումներին, բայց մեր նպատակը դիտողից արցունքներ կորզելը չէ». Արշո Հարությունյան

Ավելի քան 68 անգամ բեմ բարձրացած «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էկրանավորվել է, հունվարի 28-ից այն արդեն հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում. ֆիլմը նվիրվում է հայ զինվորին: Էկրանավորման պրեմիերան պետք է կայանար դեռ նախորդ տարի՝ ապրիլի 2-ին, սակայն համավարակի պատճառով հետաձգվել էր: Դերասանական կազմը նույնն է, սակայն ռեժիսորի դերը ստանձնել է Արշալույս Հարությունյանը, ում խոսքով՝ եթե չլիներ իր հարազատ՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գործոնը, չէր ընդունի առաջարկը, քանի որ ներկայացումն արդեն իսկ հաջողված էր:

Ըստ Արշալույս Հարությունյանի՝  կա նաեւ մասնագիտական սոլիդարություն, սակայն չէր կարող չընդունել իր ընկերների՝ բեմադրող Լյուդվիգ Հարությունյանի,  նախագծի հեղինակ Տիգրան Վիրաբյանի եւ պրոդյուսեր Արման Միտոյանի առաջարկը:

«Այս ամենին ես չվերաբերվեցի որպես գործնական առաջարկի, սա ինձ համար աշխատանք էր, որը պետք է անեինք ընտանիքի անդամներով: Միակ մտածմունքն այն էր, թե ինչպես անենք, որ ավելի լավ ստացվի, այսինքն՝ նպատակը բոլորի ունակությունները ծառայեցնելն էր ի շահ ներկայացման էկրանավորման: Այս պարագայում բարդ էր նաեւ այնքանով, որ խոսքը սիրված եւ մեծ հաջողություն ունեցած ներկայացման մասին էր»,- ասաց ռեժիսորը:

«Հարսանիք թիկունքում» ֆիլմի նկարահանումներին


Արշալույս Հարությունյանը նշեց նաեւ, որ ֆիլմի նկարահանումները տեղի ունեցել հենց բեմում, ինչը Հայաստանում մինչ այդ երբեք չէր արվել: Ըստ ռեժիսորի՝ նկարահանել են բեմում, սակայն սա հեռուստաթատրոն չէ, լիարժեք ֆիլմ է, քանի որ նկարահանումներն արվել են կինոյին հատուկ լեզվով, միաժամանակ, պահպանելով ներկայացման հուզականությունը եւ էներգետիկան.

«Մենք հնարավորություն ունեինք Գյումրիում որեւէ հարմար տուն, բակ գտնելու եւ այնտեղ նկարահանելու, սակայն որոշեցինք անել մի բան, որը նախկինում Հայաստանում երբեւէ չէր արվել՝ թատրոնի բեմում նկարահանել ֆիլմ. սա նոր փորձ է: Գուցե հանդիսատեսը նույնիսկ չնկատի, որ գործողությունները կատարվում են թատրոնի բեմում, սակայն մենք այնքան խանդավառված ենք մեր կատարած աշխատանքով, որ ցանկանում ենք անպայման ասել այս փորձի մասին»:

Ռեժիսորի խոսքով՝ էկրանավորման շնորհիվ հույս ունեն, որ կկարողանան մեծացնել գործի աշխարհագրությունը, ինչը ներկայացման դեպքում միշտ չէ, որ կարող էր ստացվել, սակայն սցենարային փոփոխություններ չեն եղել.

«Փոփոխություն ասվածը հարաբերական է, փոփոխություններ շատ են եղել, կարելի է ասել այդ փոփոխությունները պայմանավորված են ժանրի, ձեւաչափի թելադրանքով: Վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր սիրել են ներկայացումը, կսիրեն նաեւ ֆիլմը, կվերապրեն նույն էմոցիաները, որոնք արդեն ունեցել են այս գործից: Զգացմունքային այս ներկայացումը Հայաստանում եւ Սփյուռքում խաղացել են լեփ-լեցուն դահլիճներում: Ցանկություն կար, որ ներկայացումը հասանելի դառնար ավելի մեծ լսարանի համար, այդ պատճառով որոշվեց ֆիլմ նկարահանել, էկրանավորել ներկայացումը, որի միջոցով այն նաեւ կմնա պատմության մեջ»:

Արշալույս Հարությունյանը խոստովանեց, որ նկարահանման հրապարակում չի կարողացել զսպել իր արցունքները.

«Ես ինքս արտասվել եմ նկարահանման ժամանակ, նույնիսկ եղել են դրվագներ, որ մի քանի անգամ են նկարահանել, եւ ես ամեն անգամ էլ հուզվել եմ, արտասվել եմ: Զգացմունքային մարդը չի կարող այս գործին այլ ձեւով մոտենալ: Չնայած պետք է ասեմ, որ մեր նպատակը հանդիսատեսից արցունքներ կորզելը չէ, սա ֆիլմ է՝ ի հիշատակ մեր զինվորների, նվիրվում է հայ զինվորին»:

Ռեժիսորի կարծիքով՝ այս շրջանում «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորումն ավելի քանի արդիական է.

«Վերջին իրադարձություններից հետո հապաղելու կարիք չկար, հիմա ճիշտ ժամանակն է: Ցավոք սրտի, այսօր ֆիլմի ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի՝ պայմանավորված վերջին պատերազմով, վերքերը դեռ թարմ են: Թեեւ թեման էլ չի կարող հնանալ: Կապ չունի՝ ֆիլմն ապրիլյան դեպքերի՞, թե՞ սեպտեմբերին սկսված պատերազմի մասին է, սա մեր կյանքի պատմությունն է»:

«Հարսանիք թիկունքում» ֆիլմի նկարահանումներին


«Հարսանիք թիկունքում» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 2016 թվականին տեղի ունեցած Ապրիլյան պատերազմի ժամանակ:

Ֆիլմը ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է:  Գործողությունները տեղի են ունենում ոչ թե մարտի դաշտում, այլ թիկունքում: Սյուժեի հիմքում գյումրեցի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են գերդաստանի միակ արու զավակին ամուսնացնել: Ներկայացվում են ապրիլի 2-ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս ընտանիքի՝ արտագաղթած եւ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարազատները: Սակայն, ցավոք, պատերազմի հետեւանքով հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված թողնում է հարսնացուին ու մեկնում ռազմադաշտ:

Առանց կրակոցի, առանց վառոդի հոտի, առանց խրամատի ու մահվան տեսարանի. ընդամենը մեկ ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է ապրիլյան քառօրյայի ողջ ողբերգությունը՝ միաժամանակ շեշտելով, որ չնայած ծանր փորձությանը՝ կյանքը շարունակվում է:


Ֆիլմի սցենարի հեղինակն Անահիտ Աղասարյանն է, դերերում հանդես են գալիս  ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյանը, Տարոն Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը, Ջեմմա Ադամյանը:

BRAVO.am
Լուսանկարները՝ Գուրգեն Գինոսյանի եւ «Հարսանիք թիկունքում» ֆիլմի




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին