Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խումբ. 25-ամյա միջնորդական ձևաչափի արդյունավետությունը

Քաղաքագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի հետազոտությունը:

Այս տարի լրանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ձևաչափի ստեղծման 25-րդ տարին, ինչը լավ առիթ է նրա գործունեությունն ամփոփելու և գործադրված ջանքերի արդյունավետությունը գնահատելու տեսանկյունից:

Սույն հետազոտության առաջին հատվածը փաստագրական է և նպատակ ունի ամփոփել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԽ/ԵԱՀԿ ներգրավման, նրա միջնորդական առաքելության կայացման և ինստիտուցիոնալացման գործընթացը, ինչպես նաև 25 տարվա միջնորդական ջանքերը:

Հետազոտության երկրորդ հատվածում ներկայացված են դիտարկումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ձևաչափի արդյունավետության և խոչընդոտող գործոնների վերաբերյալ:

ԵԱՀԽ/ԵԱՀԿ ՆԵՐԳՐԱՎՎՈՒՄ

Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին խորհրդային հանրապետությունները, որպես միջազգային իրավունքի ինքնիշխան սուբյեկտներ, մուտք գործեցին միջազգային հարաբերությունների բարդ համակարգ՝ հնարավորություն ստանալով դիվանագիտական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ և անդամակցել միջազգային տարբեր կառույցների ու կազմակերպությունների։ Այսպես, 1992թ. հունվարի 30-ին Պրահայում  կայացած Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության Խորհրդի երկրորդ հանդիպման շրջանակներում հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը կառույցին։ Անդամակցության գործընթացը համընկավ այդ կառույցի դերակատարման վերանայման և ամրապնդման շրջանի հետ (1995թ. վերանվանվեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ)): Ուստի պատահական չէր, որ կառույցը սկսեց հետաքրքրություն ցուցաբերել նաև հետխորհրդային տարածքի հակամարտությունների, այդ թվում՝ Ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ, և Պրահայի խորհրդաժողովի շրջանակներում որոշում կայացվեց պատվիրակություն ուղարկել տարածաշրջան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։

ԵԱՀԽ միջնորդական նախաձեռնությունն առաջինը չէր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում։ Ավելի վաղ՝ 1991թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բ. Ելցինի և Ն. Նազարբաևի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Ժելեզնովոդսկի գործընթացը, 1992թ. փետրվարից-հունիս ընկած ժամանակահատվածում միջնորդական ակտիվ ջանքեր էր գործադրում Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին։ Այս նախաձեռնությունները, սակայն, շոշափելի արդյունքներ այդպես էլ չունեցան, և ԵԱՀԽ-ին էր վիճակված ստանձնել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդական առաքելությունը։

Հատկանշական է, որ հայկական կողմն էապես շահագրգռված էր հիմնախնդրի միջազգայնացմամբ։  Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի, Հայաստանի ու Արցախի ամբողջական շրջափակման պայմաններում հիմնախնդրի միջազգայնացումը կարող էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակի վրա, ինչպես նաև նպաստել հիմնախնդրի քաղաքական կարգավորմանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա հիմնախնդիրը դիտարկում էր որպես իր ներքին գործ, ուստի միջազգային հանրության ներգրավումը չէր բխում Բաքվի շահերից։

1992թ. փետրվարի 11-18-ը, ԵԱՀԽ գործող նախագահի հանձնարարությամբ կառույցի առաջին պատվիրակությունն այցելեց Հայաստան, Ադրբեջան և Արցախ և այցի արդյունքներով կազմեց Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ միջանկյալ զեկույց։ Այն քննարկման առարկա դարձավ 1992թ. փետրվարի 27-28-ին Պրահայում և մարտի 13-14-ին Հելսինկիում կայացած ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեի (Committee of Senior Officials)[1] 7-րդ և 8-րդ նիստերին։ Նիստերի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունվեց նաև 2 որոշում, որոնց շատ դրույթներ կրկնվում էին։ Որոշումները նախատեսում էին՝ կրակի անհապաղ դադարեցում, մարդասիրական միջանցքների ստեղծում, տարածաշրջանային և ԵԱՀԽ անդամ երկրների կողմից հակամարտության տարածաշրջան սպառազինության մատակարարման էմբարգո, հումանիտար կազմակերպությունների կողմից օգնության ցուցաբերում բոլոր կողմերին, հակամարտության կողմերի՝ «ԼՂ տեղական իշխանությունների, հայկական և ադրբեջանական բնակչության ներկայացուցիչների» միջև երկխոսության հաստատում և այլն:

ԵԱՀԽ ԱՊԿ 7-րդ և 8-րդ նիստերի ժամանակ կայացված այս որոշումներն այդպես էլ կյանքի չկոչվեցին, իսկ տարածաշրջանում իրավիճակն ավելի արագ էր զարգանում: ԱՊԿ որոշումներից բացառություն կազմեցին միայն երկուսը․ 1992թ. մարտի 19-23-ը ևս մեկ պատվիրակություն ուղարկվեց տարածաշրջան, և մարտի 24-ին Հելսինկիում նախարարների խորհրդի արտակարգ հանդիպում հրավիրվեց։ ԵԱՀԽ երկրորդ պատվիրակության տարածաշրջանային այցը մի քանի խնդիր էր հետապնդում` համապարփակ տեղեկատվություն ստանալ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ, փորձել հասնել զինադադարի հաստատման, ինչպես նաև նախապատրաստել ԵԱՀԽ գործող նախագահի այցը։ Ինչ վերաբերում է ԵԱՀԽ նախարարների խորհրդի արտակարգ հանդիպմանը, դրա նպատակն էր քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները և ԵԱՀԽ հնարավոր դերակատարությունը։

ՄԻՆՍԿԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ

1992թ. մարտի 24-ին ԱՊԿ առաջարկությամբ Հելսինկիում տեղի ունեցավ ԵԱՀԽ խորհրդի արտաքին գործերի նախարարների մակարդակով առաջին լրացուցիչ հանդիպումը, որն առանցքային դեր խաղաց ԵԱՀԽ միջնորդական նախաձեռնության զարգացման տեսանկյունից: Հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց, որ «ԵԱՀԽ-ը պետք է մեծ դերակատարում ունենա հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին նպաստելու գործում. Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տիրող իրավիճակը պահանջում է ԵԱՀԽ հետագա գործողություններ»։

Հելսինկյան նիստի ամենակարևոր որոշումներից մեկը, թերևս, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նպատակով Մինսկում խորհրդաժողովի հրավիրումն էր: ԱՊԿ-ը դիմեց ԵԱՀԿ խորհրդին՝ գործող նախագահին խորհուրդ տալով «հնարավորինս արագ հրավիրել Մինսկի խաղաղության խորհրդաժողով և բանակցությունների անցկացման համար ապահովել գործող մշտական ֆորում՝ ԵԱՀԿ սկզբունքներին և պարտավորություններին համապատասխան հակամարտության խաղաղ կարգավորումն ապահովելու նպատակով»։

Խորհրդաժողովին պետք է մասնակցեին Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխիայի և Սլովակիայի Դաշնային Հանրապետությունը (այնուհետև Ֆինլանդիան), Շվեդիան: Որպես շահագրգիռ կողմեր` «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները» ևս պետք է մասնակցեին հանդիպմանը գործող նախագահի հրավերով:

Համաժողովը նշանակվեց 1992թ. հունիսի 21-ին։ Դրան ընդառաջ՝ ապրիլի 7-ին, ԵԱՀԿ գործող նախագահը խորհրդաժողովի նախագահ նշանակեց իտալացի Մարիո Ռաֆաելիին, իսկ մայիսի 1-ին հաստատվեցին խորհրդաժողովի ընթացակարգի կանոնները։

 Ժամանակի ընթացքում նշված պետություններն ու շահագրգիռ կողմերը նախատեսվող համաժողովի տեղանունով ստացան «Մինսկի խումբ» անվանումը, որն օգտագործվում է մինչ օրս։ Ըստ էության, այն ոչ ֆորմալ աշխատանքային խումբ էր` առանց ֆորմալ որոշումների կայացման իրավասության, որի գլխավոր խնդիրը խորհրդաժողովի նախապատրաստումն էր:

   Հունիսին նախատեսված Մինսկի խորհրդաժողովը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ տարածաշրջանում օր-օրի փոփոխվող իրավիճակի պատճառով: 1992թ. մայիսի 8-14-ն ընկած հատվածում Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Շուշին, ապա նաև Լաչինը` վերջապես ճեղքելով ադրբեջանական շրջափակումը: Ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմը հայտարարեց, որ առանց 1992թ. ապրիլի դրությամբ գործող ստատուս-քվոյի վերականգնման Մինսկի խորհրդաժողովի անցկացումն անհնար է։

Կողմերի հակասությունների հաղթահարման և խաղաղության հաստատման նպատակով նախաձեռնվեց Մինսկի խորհրդաժողովի 11 մասնակից պետությունների  միջանկյալ հանդիպումների շարք։ Հռոմում անցկացվեց նման 5 հանդիպում, սակայն առանց շոշափելի արդյունքների։ Հանդիպումների ժամանակ քննարկումների առանցքային հարցերից մեկը ԵԱՀԽ Մինսկի խմբում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն էր։ Ըստ Հելսինկյան հանդիպման որոշման՝ բանակցություններին մասնակցելու իրավունք ունեին «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները»։ Ադրբեջանը պնդում էր, որ հիմնական խնդիրների լուծման ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը չի պահանջվում։ Առավելագույնը, ինչին համաձայնվում էր ադրբեջանական կողմը, աշխատանքային խմբերի շրջանակներում խորհրդակցական ձայն տրամադրելն էր։ Ինչ վերաբերում է արցախյան կողմին, ապա Ստեփանակերտը բանակցային գործընթացին իր մասնակցությունը պայմանավորում էր իր կարգավիճակի և մասնակցության ձևաչափի հստակեցմամբ։ Քանի որ նման պարզաբանումներ չէին տրամադրվում, ԼՂՀ պատվիրակությունը չմասնակցեց առաջին երկու հանդիպումներին և Հռոմ ժամանեց միայն 3-րդ հանդիպման վերջում։ Արցախի ներկայացուցչի առաջին իսկ ելույթը կտրուկ հակազդեցություն առաջացրեց. Ադրբեջանի պատվիրակությունը և նրան միացած Թուրքիայի ներկայացուցիչները որպես բողոքի նշան հեռացան հանդիպումից:

Հռոմում բանակցությունների հինգ փուլերի արդյունքում ակնհայտ դարձավ, որ հակամարտող կողմերի միջև խիստ տարաձայնությունների պատճառով Մինսկի խորհրդաժողովը չի գումարվելու (և մինչ օրս չի կայացել)։

Միջանկյալ հանդիպումները և դրանց հաջորդած միջնորդական ջանքերը ցույց տվեցին, որ Մինսկի խմբի ոչ բոլոր անդամներն են հավասար հետաքրքրություն ցուցաբերում գործընթացի նկատմամբ, ինչն արդյունքում Մինսկի խմբի ներսում հանգեցրեց երկրների խմբավորման`առաջնորդների և դիտորդների: Հատկանշական է, որ 1993թ.-ից հիմնական առաջարկները ներկայացվում էին ոչ թե ողջ Մինսկի խմբի կողմից, այլ առանձնացած «եռյակի»` ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Թուրքիայի կողմից։ Ընդ որում, առաջարկները ներկայացվում էին հակամարտության բոլոր կողմերի համաձայնությանը, այդ թվում` Ստեփանակերտի:

1993թ․ վերջին և 1994թ. Ռուսաստանը զգալիորեն ակտիվացրեց իր առանձին միջնորդական ջանքերը, և ակնհայտ էր, որ Մոսկվան ուներ հիմնախնդրի կարգավորման սեփական տեսլականը: Նման ակտիվացումը պայմանավորված էր նաև ՌԴ արտաքին քաղաքական դոկտրինի (1993թ.) հստակեցմամբ, որը սևծովյան տարածաշրջանը, Կովկասը և կասպյան տարածաշրջանը դիտարկում էր որպես ռուսական շահերի գոտի:

Ռուսաստանի անմիջական ջանքերի շնորհիվ 1994թ. մայիսին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից ստորագրվեց հրադադարի եռակողմ համաձայնագիրը, որը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունների նոր պատուհան էր բացում:

Մոսկվայի առանձին միջնորդական ակտիվության (որոնք երբեմն ավելի արդյունավետ էին) պատճառով ՌԴ և ԵԱՀԽ միջև սկսեց նկատվել քաղաքական մրցակցություն: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և ԵԱՀԽ ջանքերը համախմբելու համար 1994թ. դեկտեմբերին ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթնաժողովում տրվեց Մինսկի գործընթացի մեկնարկը և ստեղծվեց Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը (2 համանախագահ)։ Ռուսաստան-ԵԱՀԽ մրցակցությունը հանգուցալուծվեց Մինսկի խմբում Ռուսաստանին համանախագահի կարգավիճակի տրամադրմամբ, մյուս համանախագահի կարգավիճակը ստացավ Շվեդիան (1996թ. ապրիլից փոխարինեց Ֆինլանդիան)։ Այդպիսով, Ռուսաստանը մի կողմից դառնում էր ԵԱՀԽ-ին հաշվետու, մյուս կողմից նրա առաջարկները դառնում էին նաև Մինսկի խմբի առաջարկներ։

Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ սահմանվեցին նաև Մինսկի գործընթացի հիմնական խնդիրները`

  • ներկայացնել հակամարտության լուծման համար համապատասխան շրջանակ` ապահովելով բանակցային գործընթաց, որն աջակցություն է ստանում Մինսկի խմբի կողմից,
  • ստանալ կողմերի համաձայնությունը զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ Մինսկի խորհրդաժողովի կազմակերպումը թույլատրելու համար,
  • խթանել խաղաղության գործընթացը` տեղակայելով ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժեր:

Կատարելով Բուդապեշտի համաժողովի որոշումը` 1995թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը Մինսկի գործընթացի համանախագահներին շնորհեց մանդատ: Հատկանշական է, որ ԵԱՀԿ նախագահը մանդատը շնորհել է ոչ թե ողջ Մինսկի խմբին, այլ համանախագահներին: Այս կարևոր նրբությունը, ցավոք, շատ հաճախ անտեսվում է որոշ փորձագետների կողմից: 1995թ. օգոստոսի 10-ին սահմանվեց նաև Մինսկի խորհրդաժողովին քննարկվելիք հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատը[2]։

Մինսկի գործընթացի խնդիրների կյանքի կոչման համար Մինսկի խմբի համանախագահներին տրված մանդատը սահմանում է գործողությունների հստակ շրջանակ:

  1. Համատեղ ջանքեր գործադրել հրադադարի ամրապնդման ուղղությամբ:
  2. Մշակել հակամարտության կողմերի հետ բանակցությունների ընդհանուր հիմք:
  3. Բանակցություններ վարել հակամարտության կողմերի հետ՝ զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ քաղաքական համաձայնագրի կնքման համար՝ հիմք ընդունելով նախորդ միջնորդական գործունեության ընթացքում արձանագրված առաջընթացը:
  4. Խթանել հակամարտության կողմերի միջև անմիջական շփումները, անհրաժեշտության դեպքում՝ ներառյալ բովանդակային բանակցությունները:
  5. Շարունակել աշխատել հակամարտության կողմերի հետ` վստահության ամրապնդման միջոցառումների, մասնավորապես հումանիտար ոլորտում՝ դրանք սինխրոնիզացնելով քաղաքական գործընթացին:
  6. Աջակցել գործող նախագահին՝ ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի ստեղծման, կազմավորման և  գործունեության ծրագրի մշակման գործում:
  7. ԵԱՀԿ գործող նախագահին փոխանցել ԵԱՀԿ խաղաղապահ գործողության վերաբերյալ հակամարտության կողմերից ստացված համաձայնությունները և պաշտոնական դիմումները:
  8. ԵԱՀԿ գործող նախագահին զեկուցել մանդատի նախագծի, Փոխըմբռնման հուշագրի և ներգրավված անձնակազմի անվտանգության երաշխիքների դրույթների վերաբերյալ  հակամարտության կողմերի հետ բանակցությունների մասին:
  9. Համատեղ անցկացնել Մինսկի խմբի պարբերական խորհրդատվություններ, համատեղ Մինսկի խմբի անդամներին ուղարկել փաստաթղթեր, տեղեկատվություն և առաջարկություններ, այդ թվում` Մինսկի խմբի հանդիպումների ամսաթվի և վայրի վերաբերյալ առաջարկներն ու քննարկվելիք հարցերի ցանկը:
  10. Աշխատանքի ընթացքի մասին համատեղ և շարունակաբար տեղեկացնել ԵԱՀԿ գործող նախագահին, նրա հետ խորհրդակցել, պարբերաբար տեղեկացնել ԵԱՀԿ Մշտական Խորհրդին:
  11. Գործող նախագահի հետ խորհրդակցելուց հետո համատեղ տեղեկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Նախագահին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին՝ Մինսկի գործընթացի ընթացքի և տեղում առկա իրավիճակի բոլոր ասպեկտների, համապատասխան բանաձևի իրականացման, ինչպես նաև այս առումով ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի միջև ներկա և ապագա համագործակցության վերաբերյալ։  Անհրաժեշտության դեպքում և գործող նախագահի հետ համապատասխան խորհրդակցությունից հետո ՄԱԿ-ին ներկայացնել նոր բանաձևերի վերաբերյալ նկատառումներ և առաջարկություններ, որոնք կարող են ընդունվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից  հակամարտության խաղաղ կարգավորման համար:
  12. Համատեղ կամ, անհրաժեշտության դեպքում, առանձին, համաձայնեցված կարգով, այցելել հակամարտության տարածաշրջան՝ վերոհիշյալ և հարակից այլ հարցերի վերաբերյալ հակամարտության կողմերի հետ կապեր պահպանելու համար:
  13. Գործող նախագահի հետ խորհրդակցելուց հետո անհրաժեշտ կապեր հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և համապատասխան այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և հաստատությունների հետ:
  14. Համատեղ անցկացնել Մինսկի խորհրդաժողովը և դրա նախապատրաստական հանդիպումները:
  15. Համանախագահները կհամագործակցեն Նախագահի անձնական ներկայացուցչի հետ` անձնական ներկայացուցչի մանդատում առկա  դրույթներին համապատասխան:

Բուդապեշտի գագաթնաժողովից հետո` 1995թ. հունվարին, Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսվեցին։ Հատկանշական է, որ բանակցությունները, Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման համաձայն, անց էին կացվում հակամարտության երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ։

Ստեփանակերտի մասնակցությունը լուրջ հակազդեցության էր արժանանում Բաքվի կողմից: Այս ձևաչափով վերջին հանդիպումը կայացավ 1997թ. ապրիլին։ Այս հանդիպումները ևս էական արդյունքներ չտվեցին, ինչը մի կողմից պայմանավորված էր հակամարտության կողմերի ներքաղաքական գործընթացներով, մյուս կողմից` հրադադարի գործոնով, ինչը համեմատաբար նվազեցրել էր բանակցային գործընթացում կողմերի գործադրած ջանքերը:

Միջնորդական ձևաչափի արդյունավետության բարձրացման համար ԵԱՀԿ-ը նախաձեռնեց Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի փոփոխություններ: 1996թ. վերջին Ռուսաստանի ներկայացուցիչը ստացավ ՄԽ-ում մշտական համանախագահողի կարգավիճակ, իսկ մեկ տարի անց՝ 1997թ. հունվարի 1-ին, Ֆրանսիան դարձավ խմբի համանախագահ։  Ֆրանսիայի համանախագահության հետ կապված Ադրբեջանն ուներ առարկություններ՝ այդ երկրին համարելով հայամետ դիրքորոշում ունեցող: Պաշտոնական Բաքուն դիմեց ԵԱՀԿ-ին՝ պահանջելով վերանայել իր որոշումը և Ֆրանսիայի փոխարեն համանախագահ նշանակել ԱՄՆ-ին։ Արդյունքում 1997թ. փետրվարի 14-ին ընդունվեց կոմպրոմիսային որոշում, և հաստատվեց եռանախագահության ինստիտուտը՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ, որը գործում է մինչ օրս:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, 1997-2020

1997թ.-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կողմից ակտիվ աշխատանք ծավալվեց` հակամարտության կողմերին ներկայացնելով կարգավորման առաջարկներ: Հաշվի առնելով, որ սույն հետազոտության նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ամփոփումն է, չենք վերլուծի ներկայացված առաջարկների բովանդակությունը, քանզի դա առանձին հետազոտության առարկա է, և կսահմանափակվենք միայն դրանք ներկայացնելով:

Միայն 1997-1998թթ. համանախագահների կողմից հակամարտող կողմերին առաջարկվել է կարգավորման 3 տարբերակ: 1997թ. հուլիսին ներկայացվեց «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիրը» (առավել հայտնի` որպես «փաթեթային» տարբերակ), 1997թ. դեկտեմբերին՝ «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը» (առավել հայտնի` որպես «փուլային» տարբերակ), 1998թ. նոյեմբերին` «Ադրբեջանա-ղարաբաղյան զինված հակամարտության կարգավորման համապարփակ սկզբունքների վերաբերյալ համաձայնագիրը» (առավել հայտնի` որպես «Ընդհանուր պետության» տարբերակ): Առաջին երկու տարբերակները մերժվել են Ստեփանակերտի, իսկ երրորդ տարբերակը` Ադրբեջանի կողմից:

1999թ.-ից բանակցային գործընթացն արդեն ընթանում էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտգործնախարարների հանդիպումների (համանախագահների մասնակցութամբ կամ առանց նրանց) և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Ստեփանակերտ, Բաքու և Երևան կատարած մաքոքային այցերի ձևաչափով։

2001թ. Փարիզում տեղի ունեցավ ՀՀ և ԱՀ նախագահների միջև բանակցությունների երկու փուլ, որոնք այնուհետև շարունակվեցին ԱՄՆ-ում՝ Քի-Վեսթում՝ ապրիլի 3-7-ը։ Քի-Վեսթում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք մինչ օրս ամբողջությամբ գաղտնազերծված չեն, կյանքի չկոչվեցին, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց դրանցից։

 Քի Վեսթից հետո բանակցային գործընթացում տևական դադար էր։ Համանախագահները կազմակերպեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մի շարք հանդիպումներ, որով 2004թ. սկսվեց բանակցությունների մի նոր փուլ, որն ընդունված է անվանել «Պրահյան գործընթաց»: Փակուղուց դուրս գալու համար համանախագահներն առաջարկեցին նոր մոտեցումներ, որոնք արտահայտված են 2004թ. դեկտեմբերի 30-ին ԵԱՀԿ Խորհրդին ՄԽ համանախագահների ներկայացրած զեկույցում: Նորարարությունը կայանում էր հետևյալում. «Համաձայնեցվել էր նոր մեթոդ` ոչ մի օրակարգ, ոչ մի հանձնառություն, ոչ մի բանակցություն, փոխարենը` ազատ քննարկում Հայաստանի, Ադրբեջանի կամ համանախագահների կողմից առաջարկված ցանկացած հարցի շուրջ»: Ըստ համանախագահների` այս մոտեցումը նրանց հնարավորություն էր տվել.

  • մեթոդաբանորեն ուսումնասիրել ապագա կարգավորման չափորոշիչները և հստակ պատկերացում կազմել կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշման վերաբերյալ,
  • աստիճանաբար առանձնացնել հիմնախնդրի կորիզը, այսինքն այն հիմքը, որի շուրջ կարող են սկսվել իրական բանակցություններ` անհրաժեշտաբար բոլոր կողմերից փոխզիջումներ ենթադրող։

Պրահյան գործընթացի արդյունքում համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրեցին կարգավորման 4-րդ փաթեթը (որն անվանում են նաև «խառը»՝ «փաթեթային-փուլային»): 2005-2006թթ․ տեղի ունեցան ինտենսիվ բանակցություններ` բարձր մակարդակի հանդիպումներ Վարշավայում, Կազանում, Ռամբույեում, Բուխարեստում, Մինսկի խմբի համանախագահող երկրների  փոխարտգործնախարարների աննախադեպ տարածաշրջանային այց: Չնայած համանախագահների գործադրած ջանքերին և այն համոզմունքին, որ 2006թ. «հնարավորության բաց պատուհան է», կողմերին չհաջողվեց համաձայնության գալ բոլոր  վիճելի հարցերի շուրջ: Ի պատասխան` համանախագահները գաղտնազերծեցին բանակցությունների առարկա հանդիսացող առաջարկները՝ միաժամանակ խոստովանելով, որ «սպառել են իրենց երևակայությունն առաջարկված սկզբունքները ճանաչելու, ձևակերպելու և վերջնական տեսք տալու հարցում»:

2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին հանձնեցին 14 կետից բաղկացած նոր աշխատանքային փաստաթուղթ (ժամանակի ընթացքում ստացավ «Մադրիդյան սկզբունքներ» անվանումը), որտեղ ներկայացված են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները: Նոր փաթեթն իր բնույթով և նպատակով տարբերվում է համանախագահների կողմից առաջարկված նախորդ փաթեթներից. այն չի ենթադրում որևէ հստակություն, այլ միայն ամրագրում է սկզբունքները, որոնց շուրջ համաձայնության գալուց հետո կողմերը պետք է անցնեն դրանց հստակեցմանն ու համապարփակ կարգավորման համաձայնագրի շուրջ բանակցություններին։

Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակի մի մասը գաղտնազերծվեց 2010թ. հուլիսի 10-ին` Լ՚Աքվիլայում G8-ի գագաթնաժողովի շրջանակներում համանախագահող երկրների ղեկավարների ընդունած համատեղ հայտարարության մեջ։ Նմանատիպ հայտարարություններ են ընդունվել նաև 2010թ. հունիսի  26-ին` Մուսկոկայում,  2011թ․ մայիսի 26-ին՝ Դովիլում, 2012թ. հունիսի 19-ին՝ Լոս-Կաբոսում,  2013թ. հունիսի 18-ին՝ Էնիսկիլենում տեղի ունեցած գագաթնաժողովների ժամանակ։

Հատկանշական է, որ այս շրջանում ՌԴ միջնորդական քայլերը կրկին ակտիվացան: ՌԴ նախագահի միջնորդությամբ 2008թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Մոսկվայում ստորագրեցին Մայնդորֆյան հռչակագիրը, որով կողմերը հանձնառություն էին ստանձնում, որ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: Այս հռչակագիրը, փաստացի, 1994թ.-ից ի վեր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միակ ստորագրված համաձայնությունն է (թեև երկկողմ):

Մոսկվայի միջնորդությամբ բարձր մակարդակի բանակցությունները շարունակվեցին նաև հաջորդ տարիներին, և դրանց բարձրակետը դարձավ 2011թ. հունիսի 24-ի գագաթնաժողովը: Ենթադրվում էր, որ Կազանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության կգան ապագա խաղաղության համաձայնագրի շուրջ՝ նշված սկզբունքների շրջանակներում։ Սակայն Կազանյան փաստաթուղթը (որը, ըստ էության, Մադրիդյան սկզբունքների փոփոխված տարբերակ էր) չստորագրվեց, քանի որ Ադրբեջանը հանդես եկավ համաձայնագրում փոփոխություններ մտցնելու պահանջով։

Կազանյան հանդիպումից հետո բանակցային գործընթացի ինտենսիվությունը համեմատաբար նվազեց: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում էին իրենց միջնորդական ջանքերը` առաջնորդվելով «Մադրիդյան սկզբունքներով», փորձելով մշակել կողմերի համար փոխադարձաբար ընդունելի ձևակերպումներ և մոդիֆիկացիաներ:

Հատկանշական է, որ բանակցային գործընթացն ուղեկցվում էր սահմանային լարվածության պարբերական աճով, ինչը հավելյալ դժվարություններ էր ստեղծում կարգավորման գործընթացի և միջնորդների համար: Համանախագահների կողմից առանձին միջադեպերի հետ կապված ընդունվում էին ոչ հասցեական հայտարարություններ, որոնք որևէ կերպ համարժեք չէին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների (այդ թվում` դիվերսիոն փորձերի) ինտենսիվացման և գործողությունների բնույթի փոփոխության (ուղղաթիռի խոցում, կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծացում, հրասայլից արկակոծում և այլն) վտանգավոր միտումներին:

2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանն Արցախի նկատմամբ նախաձեռնեց լայնամասշտաբ ագրեսիա, որն իր բնույթով աննախադեպ էր 1994թ. հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր: Ապրիլի 5-ին ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերվեց կրակի դադարեցման պայմանավորվածություն, որը հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Նույն օրը համատեղ հայտարարությունով հանդես եկան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 9 անդամները` «…խստորեն դատապարտում ենք շփման գծի երկայնքով բռնությունների աննախադեպ բռնկումը: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին: Կողմերին հորդորում ենք անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը: Հակամարտությունը չունի ռազմական լուծում: Տեղում իրադրության վատթարացումը ցույց է տալիս անհետաձգելի բանակցության անհրաժեշտությունը ՄԽ համանախագահների հովանու ներքո համապարփակ կարգավորման շուրջ: Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների միջնորդական ջանքերին և ողջունում են կողմերի հետ հնարավորինս արագ ուղիղ խորհրդակցություններ սկսելու նրանց ծրագրերը»:

2016թ. ապրիլյան պատերազմը մեծ հարված հասցրեց նաև բանակցային գործընթացին` առավել խորացնելով կողմերի միջև առկա անվստահության անդունդը: Իրավիճակը կարգավորելու համար մեկ ամիս անց`մայիսի 16-ին, կայացավ Վիեննայի հանդիպումը (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ) և հունիսի 20-ին` Սանկտ Պետերբուրգի հանդիպումը (ՌԴ միջնորդությամբ): Այս հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շարքում ուշագրավ են հատկապես միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը և ԵԱՀԿ դիտորդների թվի ընդլայնումը, որոնց իրականացումից  Ադրբեջանը մինչ օրս խուսանավում է:

Հատկանշական է, որ Ապրիլյան պատերազմից հետո ռուսական կողմն ակտիվացրեց իր միջնորդական ջանքերը նաև բանակցային գործընթացում: Կողմերին ներկայացվեց մադրիդյան սկզբունքների նոր մոդիֆիկացիա (խմբագրում), որը մամուլում ստացավ «Լավրովի պլան»/«Ռուսական պլան» անվանումը: Չնայած ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ ջանքերին՝ այս տարբերակը ևս կողմերից որևէ մեկը չի ընդունել:

2018թ. հունվարին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված մեկ այլ առաջարկ է ներկայացվել Հայաստանին և Ադրբեջանին, որի շուրջ բանակցությունները, սակայն, ընդհատվեցին 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության արդյունքում:

Հաշվի առնելով, որ ՀՀ նոր իշխանություններին (բանակցային թիմին) բանակցային գործընթացի ողջ փաթեթին ծանոթանալու համար անհրաժեշտ էր ժամանակ՝ բանակցային գործընթացում արձանագրվեց որոշակի դադար և միայն մեկ տարի անց` 2019թ. մարտին, Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը:

Հատկանշական է, որ կողմերի վերջին երկու տարվա պաշտոնական հայտարարությունների (երբեմն բավականին կոշտ) վերլուծությունը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացում առկա է կողմերի վերադիրքավորման, նոր մարտավարությունների և գործիքակազմի կիրառման (և փորձարկման) միտում սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով: Ստեղծված պայմաններում 2019թ. դեկտեմբերին Բրատիսլավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ, որում ընդգծում էին. «Արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի  Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքների վրա՝ վկայակոչելով համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների՝ 2009թ. Աթենքում նախարարական խորհրդի հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարությունը[3]։ Այն պետք է ներառի նաև հավելյալ կետեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից 2009-2012թթ.»: Հայտարարությունից հետևում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հակամարտության կարգավորման հիմքում շարունակում են տեսնել Մադրիդյան սկզբունքները՝ հնարավոր վերափոխումներով, որոնք պետք է վերջնական տեսքի բերեն և համաձայնեցնեն բանակցող կողմերը: Կարևոր է նշել, որ պաշտոնական Երևանն այս փուլում առաջնային է համարում Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքների ու 6 տարրերի պարզաբանումը, ինչից հետո միայն հնարավոր կլինի դիրքորոշում արտահայտել դրանց վերաբերյալ:

2020թ. Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կազմակերպված առաջին և միակ հանդիպումը եղել է հունվարի 30-ին Ժնևում` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: Հատկանշական է, որ COVID-19 կորոնավիրուսի պանդեմիան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա ևս ազդեցություն է թողնում:

Մարտի 19-ին  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարություն տարածեց, որ COVID-19 տարածումից հետո ստեղծված իրավիճակով և տարբեր սահմանափակումներով պայմանավորված, դադարեցվում են մոնիտորինգային դիտարկումները, ինչն աննախադեպ է կարգավորման գործընթացի ողջ պատմության ընթացքում: Բացի այդ բավականին անորոշ է համանախագահների միջնորդությամբ ԱԳ նախարարների կամ երկրների ղեկավարների մակարդակով հնարավոր հանդիպումների կազմակերպման հեռանկարը:

Թե որքան կպահպանվի այս իրավիճակը, բարդ է կանխատեսել, այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից վերջին շրջանում Հայաստանի հետ սահմաններին իրականացվող սադրանքները պատշաճ արձագանքի չարժանանալու դեպքում կարող են հանգեցնել իրավիճակի նոր էսկալացիայի:

ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ՁԵՎԱՉԱՓԻ ԱՐԴՅՈւՆԱՎԵՏՈւԹՅՈւՆԸ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետության հարցը պարբերաբար եղել է քննարկման առարկա, և այսօր ևս, երբ լրացել է այդ միջնորդական ձևաչափի 25-րդ տարին, նման հարցադրումն առավել քան հիմնավոր է թվում: Գնահատականները կարող են տարբերվել, սակայն միանշանակ է` 25 տարի շարունակվող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակի համար համանախագահներն ունեն թե՛ զգալի ներդրում, թե՛ մեղավորության որոշակի բաժին:

25 տարվա ընթացքում Մինսկի խմբի գործունեությունը տարբեր առիթներով և հակամարտության բոլոր մասնակիցների կողմից ենթարկվել է քննադատության: Ավելին, ադրբեջանական կողմը հնարավոր ամեն առիթ օգտագործում է Ղարաբաղյան հակամարտության քննարկումն այլ հարթակ տեղափոխելու, Մինսկի խմբի համանախագահության կազմը փոփոխելու համար: Չնայած այդ ջանքերին՝ Մինսկի խմբի համանախագահությունը շարունակում է մնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ միջազգային ձևաչափը, որը վայելում է նաև առանցքային միջազգային կազմակերպությունների ու կառույցների աջակցությունը: Ավելին, ձևաչափում ներգրավված երեք երկրները` ՌԴ-ը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որոնք  նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, միջուկային տերություններ և ուժային կարևոր բևեռներ են, ունեն բավարար ռեսուրսներ և հնարավորություններ հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար:

Այդուհանդերձ, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի վերլուծությունը հիմք է տալիս առանձնացնել մի շարք գործոններ և հանգամանքներ, որոնք այս կամ այն չափով ազդում են կամ կարող են ազդել միջնորդական այդ ձևաչափի արդյունավետության վրա:

Անդրադառնանք դրանցից մի քանիսին:

  • Պայմանավորվածությունների և որոշումների իրականացում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԽ/ԵԱՀԿ միջնորդական առաքելության ողջ ընթացքում քիչ չեն այն դեպքերը, երբ ընդունվել են որոշումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, սակայն դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվել: Նման ճակատագրի են արժանացել ինչպես ԵԱՀԽ/ԵԱՀԿ տարբեր մարմինների կողմից ընդունված որոշումները (օրինակ, 1992թ. ԵԱՀԿ ԱՊԿ 7-րդ և 8-րդ նիստերի որոշումները),  այնպես էլ համանախագահների միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները (օրինակ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ): Պատճառները տարբեր են` որոշ որոշումների անիրատեսականությունից մինչև իրականացման գործիքակազմի բացակայություն, վերահսկողության մեխանիզմների բացակայությունից մինչև ոչ բավարար քաղաքական կամք: Չնայած այդ ամենին՝ պետք է արձանագրել, որ բոլոր կյանքի չկոչված որոշումներն ու պայմանավորվածությունները, ըստ էության, կորսված հնարավորություններ են, որոնց պատճառով հնարավոր չի եղել կանխել տեղում իրավիճակի էսկալացիաները, կարգավորել հումանիտար բնույթի հարցերի լայն շրջանակը, արձանագրել առաջընթաց բանակցային գործընթացում:

Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի սահմանափակ բնույթը` միջնորդական առաքելության արդյունավետության բարձրացման տեսանկյունից առավել քան կարևոր է ԵԱՀԿ կողմից կայացված որոշումների, կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, և այդ գործընթացում համանախագահ երկրները պետք է առավել հետևողական դերակատարում ունենան: Խոսքը հատկապես վերաբերում է այն որոշումներին, որոնք ընդունվել են համանախագահների միջնորդությամբ, քանզի որպես միջնորդ հենց նրանք պետք է երաշխավորեն այդ որոշումների իրականացումը: Բացի այդ անհրաժեշտության դեպքում կարելի է դիտարկել նաև առավել վաղ ընդունված որոշումների (օրինակ, զենքի վաճառքի էմբարգոն) կյանքի կոչման հնարավորությունը, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվել:

  • Համանախագահների շահեր

Ի սկզբանե մեծ թվով երկրների ներգրավումը ԵԱՀԽ միջնորդական նախաձեռնության մեջ ավելի շուտ խոչընդոտեց, քան նպաստեց դրա արդյունավետությանը: Ուստի համանախագահության ինստիտուտի ձևավորումը ԵԱՀԽ միջնորդական առաքելության շրջանակներում, թերևս, ամենաառանցքային որոշումներից էր:

Բանակցությունների տարբեր փուլերում համանախագահ երկրների միջև ևս նկատվել են հակասություններ, շահերի բախում: Անշուշտ միամտություն կլիներ կարծել, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան իրենց գործողություններում կդադարեն հաշվի առնել սեփական շահերը: Ավելին, բանակցային որևէ փուլում այս կամ այն համանախագահի ակտիվացումը, ինքնուրույն քայլերի ձեռնարկումը որոշակի մարտահրավերներ կարող են ստեղծել ողջ բանակցային գործընթացի համար: Ուստի առավել քան կարևոր է, որ բոլոր համանախագահ երկրները ցուցաբերեն ակտիվություն միջնորդական ձևաչափի շրջանակներում` այդ կերպ հավասարակշռելով միմյանց:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության արդյունավետության վրա ազդող հնարավոր գործոններից է նաև աշխարհաքաղաքական գործընթացների հնարավոր ազդեցությունը ձևաչափի վրա: Վերջին տարիներին Ֆրանսիա-Ռուսաստան, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում արձանագրվել է լարվածության զգալի աճ և դրանց հետագա զարգացումը բարդ է կանխատեսել:

Մինչ օրս հաջողվել է խուսափել աշխարհաքաղաքական լարվածության՝ համանախագահության ձևաչափ տեղափոխվելուց: Ավելին, օրինակ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների ճգնաժամային իրավիճակներում Մինսկի խումբը շարունակել է մնալ երկու երկրների համագործակցության փոքրաթիվ ձևաչափերից մեկը: Այդուհանդերձ, փոփոխվող աշխարհակարգի պայմաններում նոր մարտահրավերների առաջացումը հնարավոր չէ բացառել:

  • Տեղում առկա իրողությունների արտահայտություն բանակցային գործընթացում

Դեռևս 1992թ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱԽՀ/ԵԱՀԿ ներգրավման առաջին քայլերից և որոշումներից ակնհայտ էր, որ իրավիճակը տեղում զարգանում է շատ ավելի արագ, քան կառույցի միջնորդական նախաձեռնությունը: Բացի այդ տարածաշրջանային իրողությունները ոչ միշտ են բավարար չափով արժանացել միջնորդների ուշադրությանը, օրինակ, 1990-ականների սկզբին արցախահայության հումանիտար ծանր վիճակը (շրջափակում, սով), մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման դեպքերը չդարձան միջազգային կառույցների քննարկման առարկա, 2016թ. Ադրբեջանի ապրիլյան աննախադեպ ագրեսիան և դրա հետևանքները ևս պատշաճ գնահատական չստացան ԵԱՀԿ-ի և/կամ համանախագահ երկրների կողմից:

  Տեղական իրողությունների անտեսումը որևէ ձևով չի կարող նպաստել բանակցային գործընթացի առաջմղմանը, ավելին` տեղում ցանկացած անկայունություն, միջադեպ կարող է խաթարել բանակցային գործընթացը: Ուստի համանախագահները պետք է առավելագույնս շահագրգռված լինեն բանակցային գործընթացի համար նպաստավոր միջավայրի ձևավորման հարցում` ցուցաբերելով լրացուցիչ նախաձեռնողականություն: Այս համատեքստում բավականին օգտակար կարող է լինել այսօր գործող մեխանիզմների հնարավոր վերանայումը: Խոսքը վերաբերում է ԵԱՀԿ մոնիտորինգային դիտարկումներին: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ գործող նախագահի դիտորդական առաքելության ընդլայնման (դիտորդների թվի մեծացման)  հարցը գտնվում է բանակցային օրակարգում: Սակայն այս մեխանիզմի արդյունավետությունն առավել կմեծանա, եթե, օրինակ, ապահովվի դիտորդների մշտական ներկայությունը տեղում, կամ ընդլայնվեն գրասենյակի դիտարկման կարողությունները, այդ թվում` համապատասխան տեխնիկական միջոցներով, ինչը կստեղծեր հնարավորություն նաև հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության համար:

  • Խախտված բանակցային ձևաչափ

Բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման տեսանկյունից առավել քան կարևոր է ապահովել հակամարտության բոլոր կողմերի մասնակցությունը: Ցավոք, 1997-1998թթ. խախտված բանակցային ձևաչափը պահպանվում է մինչև օրս, և Արցախը լիարժեքորեն ներգրավված չէ բանակցային գործընթացում:

Համանախագահների՝ Արցախ կատարվող պարբերական այցերը, Հայաստանի և Արցախի իշխանությունների հաճախակի կոնսուլտացիաները թեև ապահովում են ոչ անմիջական մասնակցություն, սակայն բավարար չեն բանակցային գործընթացում Ստեփանակերտի շահերի լիարժեք արտահայտման տեսանկյունից:

Թերևս անվիճելի է, որ հակամարտությունը չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի, ուստի բանակցային գործընթացի շահերից է բխում Ստեփանակերտի լիարժեք վերադարձը բանակցային սեղան:

Այս համատեքստում պարադոքսալ է նաև այն հանգամանքը, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացով անմիջականորեն զբաղվող միջազգային կառույցը` ԵԱՀԿ-ը, այսօր չունի որևէ ներկայացվածություն հակամարտության 3 կողմերից որևէ մեկում և առաջին հերթին` Արցախում:

  • Շտապողականություն

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է արդեն ավելի քան երկուսուկես տասնամյակ: Այս հանգամանքն ինքնին հավելյալ ճնշում է ստեղծում գործընթացի վրա, իսկ պարբերաբար տեղի ունեցող սահմանային միջադեպերը դառնում են կողմերին ուղղված շտապողականության կոչերի առիթ:

Նման կոչեր շատ հաճախ հնչում են այնպիսի կառույցների և անհատների կողմից, որոնք առնվազն չեն տիրապետում հակամարտության և բանակցային գործընթացի առանձնահատկություններին, չեն պատկերացնում, թե ինչ ազդեցություն է ունեցել Ապրիլյան պատերազմն ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ հանրային տրամադրությունների վրա: Հաշվի առնելով այս ամենը՝ անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել բանակցային գործընթացում շտապողականություն խրախուսելու հարցում, քանզի այն կարող է ոչ միայն վնասել, այլ անգամ տապալել 25 տարվա միջնորդական ջանքերը:

Ավելին, այս տարիների բանակցային փորձը, թերևս, ակնհայտ է դարձրել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ են մեթոդաբանական վերանայումներ: «Փաստաթղթի ստորագրումից դեպի փոխվստահություն և հաշտեցում» մոդելն այս պարագայում չի աշխատում, ուստի անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել «փոխադարձ վստահությունից դեպի հակամարտության լիարժեք (այդ թվում` ֆորմալ) կարգավորման» տարբերակին: Այս մոդելի կյանքի կոչումն ավելի բարդ է և ժամանակատար, սակայն հաջողության հավանականությունը ևս բարձր է:

Այս շարքը, անշուշտ, կարելի է շարունակել, իսկ ներկայացված կետերի հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել:

Սակայն միանշանակ է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի արդյունավետության բարձրացման հարցում կան անելիքներ: Վերջին շրջանում բավականին շատ է բարձրաձայնվում բանակցային գործընթացում նորարարական գաղափարների և ստեղծարարության անհրաժեշտության մասին: Նորարարությունները կարող են բավական օգտակար լինել նաև համանախագահության ձևաչափի արդյունավետության բարձրացման համար, եթե, իհարկե, կա բավարար  քաղաքական կամք:

Նարեկ Մինասյան

Քաղաքագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում