57-ամյա Մոնիկա Բելուչին Ինստագրամում ոչ հաճախ, բայց սովորաբար հետաքրքիր լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակում: Նրա գեղեցիկ տանգոն շատերին անտարբեր չի թողել:
View this post on Instagram
Միջոցառումներին նրա հայտնվելը միշտ քննարկումների առիթ է դառնում: Բելուչիի արտաքին տեսքն ամեն անգամ կանանց նոր ուղերձ է հղում՝ չվախենալ տարիքից ու վայելել կյանքը որքան կարող են:
Վերջին շրջանում թատրոնում նա խաղացել է Մարիա Կալասի դերն ու հայտնվել հանրահայտ մի քանի ամսագրերի շապիկին, այդ թվում՝ չինական Schön!-ի:
View this post on Instagram
Բելուչին ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 30-ին՝ 40 հազար բնակչություն ունեցող Չիտտա դի Կաստելլո քաղաքում: Հայրը բեռնափոխադրումներով էր զբաղվում, իսկ մայրը նկարչուհի էր:
Մոնիկան դեռ մանկուց գրավում էր բոլորի հայացքները: Հայրը պատմել է, որ մի անգամ ռեստորանում իրենցից գումար չեն վերցրել, քանի որ հաստատության տերը հիացած է մնացել դստեր գեղեցկությամբ:
Մանկության տարիներին Բելուչին այնքան էլ շփվող չէր ու երեխաների հետ խաղալու փոխարեն նախընտրում էր ծնողների կողքին լինել: Ընտանիքի միակ երեխան էր, լավ էր սովորում, շատ գրքեր կարդում ու ցանկանում իրավաբան դառնալ: Մինչդեռ Պերուջայի համալսարանի վճարը չափազանց թանկ էր նրա ծնողների համար, դրա համար էլ ազատ ժամանակ Մոնիկան սկսեց աշխատել: Սկզբում մատուցող էր, ապա ընկերներից մեկը խորհուրդ տվեց որպես մոդել աշխատել:
Դեռ 13 տարեկանում էր մոդելային բիզնեսում ուժերը փորձել, սակայն ավելի պրոֆեսիոնալ սկսեց զբաղվել 23-ում եւ շատ արագ էլ հաջողության հասավ: Ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ 1987-ին, հայտնվեց ֆրանսիական Elle ամսագրի շապիկին: Մոնիկան տեղափոխվեց Միլան ու պայմանագիր կնքեց Elite Model Management գործակալության հետ: Ու սկսվեց նրա աստեղային կյանքը. համագործակցում էր Valentino, Prada, Hermes, Escada ու նման հայտնի ապրանքանիշերի հետ:
Ամենաերկար ու ամուր հարաբերությունները հաստատվել են Dolce & Gabbana-ի հետ: 1992-ին առաջին անգամ նկարվեց ապրանքանիշի գովազդում, ու մինչ օրս էլ շարունակվում է համագործակցությունը: Մոնիկան միշտ Dolce & Gabbana-ի մուսան է եղել, ընկերության շրթներկերից մեկը նրա անունով են կոչել: Մոդել-դերասանուհին էլ իր հերթին հավատարիմ է Dolce & Gabbana-ին ու բազմաթիվ անգամներ է կարմիր գորգ դուրս եկել այս բրենդի հագուստով:
«25 տարեկան էի ու Dolce & Gabbana-ի ցուցադրությունն իմ կյանքում առաջինն էր: Այն ժամանակ պատկերացում չունեի, թե ինչ է նշանակում սուպերմոդել լինել: Ես շրջագայում էի ամբողջ աշխարհով մեկ, հետագայում մեր հարաբերություններն իսկական ընկերության վերածվեցին»,- պատմել է Մոնիկան:
Որքան մոդելի կարիերան զարգանում էր, պարզ էր դառնում, որ իրավաբանի մասնագիտությանը պետք է հրաժեշտ տալ: Փոխարենը Բելուչին նոր երազանք ուներ՝ նկարահանվել կինոյում: Ինչով էլ սկսեց զբաղվել 1990-ականներից. նրան իրենց ֆիլմերում սկսեցին նկարել իտալացի ռեժիսորները: Նորամուտը եղավ «Կյանք երեխաների հետ» ֆիլմում, Մոնիկայի համար դա բոլորովին նոր ու անսովոր փորձ էր:
«Լուսանկարում նստած ես անշարժ դիրքում, ինչը մի տեսակ պաշտպանության զգացողություն է տալիս: Բայց երբ քեզ դիտում ես էկրանին, ասես մերկ լինես, առաջին անգամ քեզ շարժման մեջ ես տեսնում: Իտալիայում դժվար էր նկարահանվել, այնտեղ բոլոր գեղեցիկ կանանց վրա հիմար մոդելի պիտակ են կախում: Մաշկիս վրա եմ զգացել, թե գեղեցկությունը որքան նախանձ է ծնում»,- ասել է դերասանուհին:
Փոխարենը ռեժիսորներին Մոնիկայի արտաքինը շատ էր գրավում, շուտով նրան նկատեցին նաեւ Հոլիվուդում. նկարահանվեց Ֆրենսիս Ֆորդ Կոպոլլայի «Դրակուլա» ֆիլմում, որում հայտնի վամպիրի 3 հարսնացուներից մեկին է մարմնավորում: Մոնիկան գլխավոր դերում չէր, սակայն Կոպոլլայի հեղինակության շնորհիվ շուտով հայտնի դարձավ: Բացի այդ էլ աստղային կազմի հետ էր աշխատել՝ Գարի Օլդմեն, Էնթոնի Հոփքինս, Կիանու Ռիվզ, Վայնոնա Ռայդեր:
Բելուչին այդ տարիներին ավելի շատ նկարահանվում էր եվրոպացի ռեժիսորների ֆիլմերում: 1996-ին առաջադրվեց «Սեզար» մրցանակի «Բնակարան» ֆիլմի համար, որում նրա խաղընկերն իր ապագա ամուսին Վենսան Կասելն էր:
2000-ին նկարահանվեց իր ամենահայտնի ֆիլմերից մեկում՝ իտալացի Ջուզեպե Տորնատորեի «Մալենա»-ում: Նրա հետ Մոնիկան ծանոթացել է Dolce & Gabbana-ի օծանելիքի գովազդի շնորհիվ:
««Մալենան» ավելի շատ ոչ թե գեղեցկության, այլ նախանձի մասին է: Կարող եմ հասկանալ իմ հերոսուհուն, ես էլ փոքր քաղաքում եմ ծնվել ու գիտեմ, թե ինչպես է, երբ քայլում ես փողոցում, ու բոլորը միայն քեզ են նայում»,-անկեղծացել է դերասանուհին:
Սցենարը կարդալուց հետո Մոնիկան միանգամից չի ընդունել առաջարկը: Հատկապես տխրել էր, որ իր կերպարը շատ քիչ տեքստ ունի ասելու: Սակայն հետո համաձայնել է, որ իր ասելիքը լինի մարմնի լեզվով:
1990-ին՝ իր մոդելային կարիերայի գագաթնակետին, նա ամուսնացել է լուսանկարիչ Կլաուդիո Կարլոս Բասսոյի հետ, որի հետ նկարահանումների ժամանակ է ծանոթացել: Ամուսնությունն երկար չի տեւել, բաժանման պատճառները չեն նշվում:
1996-ին բուռն սիրավեպ է սկսվել նրա ու Կասելի միջեւ: Պատմում է դերասանը. «Երիտասարդ տարիներին քչերի հետ եմ հանդիպել: Կարճ սիրավեպեր շատ եմ ունեցել, բայց դրանք 3-4 ամսից երկար չեն տեւել: Մոնիկան իմ առաջին լուրջ սերն էր, միասին 15 տարի ենք ապրել: Մենք ծանոթացել ենք «Բնակարան»-ի նկարահանումների ընթացքում, ու դեռ այն ժամանակ հստակ որոշել էի, որ խաղընկերուհիներիս հետ էլ սիրախաղեր չեմ ունենալու: Կարծում էի՝ Մոնիկային հրավիրել են, քանի որ մոդել է: Որքան էլ տարօրինակ է, միանգամից չենք գրավել իրար: Հետո հասկացա, որ նա դերը ստացել է ոչ թե գեղեցկության համար, այլ հիանալի դերասանուհի լինելու շնորհիվ: Իսկ ես ինչպե՞ս կարող էի հաջողության հասնել նման քթով: Ախր այս տեսքով ինձ մոտ լավ են ստացվում չար ու դաժան կերպարները»:
3 տարի անց ամուսնացել են, 2004-ին ծնվել է նրանց ավագ դուստրը՝ Դեւան, 2010-ին՝ Լեոնին: «Երբ երեխա եք ունենում, նա է ձեր կյանքում գլխավորը դառնում: Չեմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր երեխայից հեռու լինել, ինձ համար դա անհնար է: Անգամ ճանապարհորդությունների ընթացքում աղջկանիցս չեմ բաժանվում»,- պատմել է Մոնիկան:
Զույգի նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է եղել, The Guardian-ը գրել է, որ «Ողջ Ֆրանսիան էր նրանցով տարված», ռեժիսորներն էլ նրանց միասին էին ցանկանում տեսնել էկրանին: Մոնիկան ու Վենսանը համատեղ 9 ֆիլմ ունեն:
«Շատ զույգեր պնդում են, որ չեն սիրում միասին նկարահանվել, մենք նրանից չենք: Բայց կարողանում ենք սահմաններ դնել աշխատանքի ու ընտանիքի միջեւ: Երբեք քնելուց առաջ անկողնում սցենար չենք կարդում»,- խոստովանել է Վենսանը:
Ընտանիքում խնդիրներ են սկսել առաջանալ 2013 թվականից, նույն տարվա օգոստոսին էլ նրանք բաժանվել են: Նախկին ամուսինները լավ հարաբերություններ ունեն ու միասին են դաստիարակում իրենց դուստրերին:
«Իմ որոշումն էր բաժանվել, բայց երբ էլ միասին չեք ապրում, չի նշանակում, որ դադարում եք իրար սիրել, պարզապես այդ սերը ձեւափոխվում է ու այլ կերպ արտահայտվում»,- նշել է դերասանուհին:
Միայն ամուսնալուծությունից տարիներ անց Բելուչին հանրության առաջ ներկայացել է այլ տղամարդու հետ: Նա քանդակագործ Նիկոլյա Լեֆեւրն էր, որը 18 տարով փոքր է Բելուչիից: Սակայն դրանից ամիսներ անց զույգը բաժանվել է:
Երբ 2015 թվականին Բելուչին նկարահանվել է Բոնդի մասին պատմող «007. Սպեկտոր» ֆիլմում, 50-նն անց է եղել: Նա ֆիլմաշարի պատմության ընթացքում Բոնդի ամենատարեց ընկերուհին է դարձել: Երբ Դանիել Քրեյգին հարցրել են՝ այդ ինչպես է, որ նրա մարմնավորած կերպարը չի դիմանում իրենից ավելի մեծ կնոջ հմայքներին, ընդհատել է ու պատասխանել.«Աստված իմ, ախր մենք խոսում ենք Մոնիկա Բելուչիի մասին: Եթե նա համաձայնել է խաղալ Բոնդի ընկերուհուն, ուրեմն՝ կարող եմ միայն մի բան ասել՝ բախտս բերել է»:
Մոնիկան հիշում է, թե ինչ է ասել ռեժիսոր Սեմ Մենդեսին.«Ի՞նչ եմ անելու Բոնդի մասին ֆիլմում: Ախր ինձնից ի՞նչ Բոնդի ընկերուհի, ես կարող եմ լինել լեդի Բոնդ կամ Բոնդի կին: Բայց նա ուզում էր անպայման նկարել հասուն կնոջ: Ու ինձ թվում է՝ ինչ-որ առումով դա հեղափոխական միտք էր»:
Տարիքը երբեք էլ Մոնիկային չի խանգարել փայլել ֆիլմերում ու գովազդում: Նա շարունակում է ներկայացնել Dolce & Gabbana-ի արտադրանքը.«Հետաքրքիր է, որ որոշել են իմ տարիքի կնոջ հրավիրել նկարվելու: Չնայած՝ հիմա ժամանակակից կնոջ կյանքը լրիվ այլ է, քան իմ մայրիկի ու տատիկի օրերին էր: Տարիքն այնքան էլ էական չէ, կարեւորն այն է, թե ինչպես եք ձեզ զգում»,- ասել է Բելուչին:
Իր տարիքն ու գեղեցկությունն էլ նա յուրահատուկ կերպով է բացատրում.«Ես կորցրել եմ պատանեկան գեղեցկությունս, բայց այլ տեսակի գեղեցկություն եմ ձեռք բերել, որն ինձ տվել է կյանքիս փորձը: Հաճելի է լավ տեսք ունենալ, երբ 40 տարեկան ես, ու չձեւացնել, թե 30 ես: Դա պարզապես ծիծաղելի է: Ուզում եմ երկար կյանք ապրել, ուրեմն` պետք է համբերատար լինեմ ու պատրաստ դեմքին շատ կնճիռներ տեսնել: 54 տարեկանում զգացել եմ, որ ազատություն եմ ձեռք բերել, ու դա ամենահրաշալի պահն էր: Երբ 50 ես, ծիծաղում ես այն բաների վրա, որոնց համար արտասվել ես 20-ում: Այդ տարիքը յուրահատուկ թեթեւություն ունի: Առաջվա պես ուզում եմ նոր բաներ սովորել, նոր նախագծերի մասնակցել: 20 տարեկանում չէի էլ կարող պատկերացնել, թե որքան ակտիվ կյանք եմ ունենալու ու անգամ ավելի հետաքրքիր դերերում նկարվելու»:
Այդ յուրահատուկ նկարահանումներից մեկն էլ Մոնիկան ունեցավ իր դստեր՝ Դեւայի հետ: Միասին նրանք հայտնվեցին Vogue Italia ամսագրի հուլիսյան շապիկին:
Իսկ կյանքը լիարժեք վայելելու ու արած գործը սիրելու համար Բելուչին բոլորիս այսպիսի խորհուրդ է տալիս.«Էներգիան սիրո ու կրքի մեջ է: Բայց կիրք կարող է լինել ինչն ուզեք: Դա սերն է աշխատանքի հանդեպ, ընտանիքի, ամեն ինչի, որ շրջապատում է ձեզ: Կիրքը հոգու վիճակ է, ինձ համար առաջին տեղում են հմայքն ու ինտուիցիան: Երբ սցենար եմ կարդում, այն պետք է հուզի ինձ: Նույնն է նաեւ հարաբերություններում, ընկերության մեջ ու ամեն ինչում: Այդ էներգիան հնարավոր չէ նկարագրել»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: