Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահը Գերմանիային առաջարկել է ՀՀ-ում թոքերի օդափոխման սարքերի համատեղ արտադրություն հիմնել

Նախագահը Գերմանիային առաջարկել է ՀՀ-ում թոքերի օդափոխման սարքերի 
համատեղ արտադրություն հիմնել

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանրապետության նախագահը և դեսպանը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի, դրա կանխարգելման, հաղթահարման և բուժման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանն իր ողջույններն ու բարեմաղթանքն է փոխանցել նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին՝ հույս հայտնելով, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսված նրա պաշտոնական այցը Հայաստան կկայանա: Այս առնչությամբ դեսպանը նշել է, որ նախագահ Շտայնմայերի այցն օրակարգում է: Նախագահն իր լավագույն բարեմաղթանքներն է հղել նաև իր լավ բարեկամ, կանցլեր Անգելա Մերկելին, որին ճանաչում է երկար տարիներ, դեռ 1990-ականներից:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև գլոբալ համավարակի դեմ պայքարում հնարավոր համատեղ քայլերին: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գերմանիայի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը, մասնավորապես՝ պաշտպանիչ միջոցներ, հանդերձանք, համապատասխան պարագաներ։

Բարձր գնահատելով գերմանական ինժեներական փորձն ու գիտելիքները՝ նախագահն ասել է, որ հնարավորության դեպքում ակնկալում է գերմանական ընկերությունների խորհրդատվությունը և նաև Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը:

Անդրադարձ է եղել նաև ATOM նախագահական նախաձեռնությանը և դրա շրջանակում համատեղ ծրագրերին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ թեմայով քննարկումներ է ունեցել գերմանական մի շարք գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև խոշոր ընկերությունների, մասնավորապես Siemens-ի հետ: Ծրագրի նպատակն է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ Հայաստանում զարգացնել արհեստական բանականությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]