Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերն արագանում են, դեպքերի թիվը մոտենում է 10 միլիոնին


Ուզբեկստան - Տաշքենդում կարանտին է, 24-ը հունիսի, 2020թ.
Ուզբեկստան - Տաշքենդում կարանտին է, 24-ը հունիսի, 2020թ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումների համաձայն՝ արդեն հաջորդ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կհասնի 10 միլիոնի, այս պահին այն հատել է 9 միլիոն 400 հազարի շեմը, զոհերի թիվը մոտենում է կես միլիոնին:

10 հազար՝ առաջին ամսում, 4 միլիոն՝ անցած ամիս

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուս, արխիվ
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուս, արխիվ

«Վարակի բռնկման առաջին ամսվա ընթացքում արձանագրվել է 10 հազար դեպք, անցյալ ամիս հաստատվել է 4 միլիոն։ Ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ մենք կունենանք 10 միլիոն վարակակիր։ Սա սթափեցնող հիշեցում է, որ չնայած մենք շարունակում ենք պատվաստանյութի և բուժող դեղորայքի ոլորտում ուսումնասիրությունները, մենք պատասխանատվություն ենք կրում, որպեսզի մեր ունեցած գործիքակազմով անենք հնարավորը հիվանդացությունը նվազեցնելու և մարդկանց կյանքերը փրկելու համար», - հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:

Պատվաստանյութի բացակայության պայմաններում կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու ամենաարդյունավետ գործիքակազմն առայժմ, մասնագետների պնդմամբ, դիմակներն են, սոցիալական հեռավորությունը, ձեռքերի հաճախակի ախտահանումը: Ամենալավատեսական գնահատականների համաձայն՝ վարակի դեմ դեղամիջոցը կարող է պատրաստ լինել միայն տարեվերջին:

Համաճարակների դեմ պայքարի ոլորտում նորարարությունների կոալիցիայի հաշվարկներով, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հաջողությամբ ստեղծվի, ապա գլոբալ պահանջարկը հնարավոր կլինի բավարարել ամենասեղմ ժամկետներում` մեկ տարվա ընթացքում իրատեսական է ընդհուպ մինչև 4 միլիոն չափաբաժնի արտադրությունը, Reuters-ի հետ զրույցում հայտարարել է կառույցի ներկայացուցիչ Ջեյմս Ռոբինսոնը:

Մինչ այդ, վարակի բռնկման վեց ամիսների ընթացքում տասնյակ երկրներ բախվում են համաճարակի երկրորդ ալիքին:

ԱՄՆ մի շարք նահանգներում վերադառնում են կոշտ սահմանափակումներին

Ամերիկայում, որը հիվանդացության և մահացության ցուցանիշներով ՝ավելի քան 2 միլիոն 300 հազար վարակակիր և շուրջ 121 հազար մահվան դեպք, առաջինն է աշխարհում, մի շարք նահանգների իշխանություններ ստիպած են վերականգնել հակահամաճարակային կոշտ սահմանափակումները։ «Վտանգավոր գոտի» են համարվում մասնավորապես Ալաբաման, Արկանզասը, Արիզոնան, Ֆլորիդան, Հարավային Կարոլինան և Հյուսիսային Կարոլինան, Տեքսասը, Վաշինգտոնը և Յուտան:

ԱՄՆ - Պետքարտուղար Մայք Փոմփեոն ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 24-ը հունիսի, 2020թ.
ԱՄՆ - Պետքարտուղար Մայք Փոմփեոն ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 24-ը հունիսի, 2020թ.

Վաշինգտոնի համալսարանի կանխատեսումներով՝ հոկտեմբերին Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով մահվան ցուցանիշը կարող է հասնել 180 հազարի, սակայն, ըստ հետազոտության, եթե բնակչության 95 տոկոսը պաշտպանիչ դիմակներ կրի, հնարավոր կլինի մինչև աշուն փրկել ոչ միայն շուրջ 40 հազար մարդու կյանք, այլ նաև երկրի տնտեսությունը:

ԱՄՆ-ում, չնայած համաճարակային անբարենպաստ կացությանը, քննարկում են մի շարք եվրոպական և այլ երկրների հետ սահմանները բացելու հարցը: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմփեոն: «Մենք աշխատում ենք ճիշտ ձևը գտնելու ուղղությամբ՝ ճիշտ ժամանակը և մարտավարությունը գտնելու», - շեշտել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկա շաբաթներին կունենան լուծում։

Եվրամիությունն արդեն եկող ամիս կփորձի բացել արտաքին սահմանները

Եվրամիությունը արդեն հուլիսին կարող է փորձել բացել արտաքին սահմանները համաճարակային վերահսկելի իրավիճակ ունեցող երկրների համար: Դաշինքի գրեթե բոլոր անդամները շեշտակի թուլացրել են շաբաթներ տևած կարանտինային միջոցառումները, զուգահեռաբար, սակայն մեծանում է համաճարակի երկրորդ ալիքի վտանգը:

Կորոնավիրուսի թեստավորման կետ Գերմանիայի արևմուտքում, մայիս, 2020թ.
Կորոնավիրուսի թեստավորման կետ Գերմանիայի արևմուտքում, մայիս, 2020թ.

Գերմանիայում վերջին օրերին նոր վարակակիրների թվի աճ է արձանագրվում, երկրի արևմուտքում վարակի սրընթաց տարածման պատճառով շուրջ 360 հազար բնակիչներ կրկին երկշաբաթյա կարանտինի են ուղարկվել։

Պորտուգալիայի իշխանություները ևս հայտնում են վարակի նոր օջախների հայտնաբերման մասին։

Իսպանիայի մայրաքաղաքի իշխանությունները փակել են ավելի քան չորս տասնյակ ծերանոցներ, որոնցում անցած օրերին վարակի նոր բռնկումներ արձանագրվել։

Իտալիայում, որը Եվրոպայում համաճարակից ամենաշատը տուժած երկրներից է, հաստատվել է 122 նոր դեպք: Միլանի Բժշկական համալսարանի պրոֆեսոր Մաուրիցիո Չեկոնիի խոսքով՝ երկիրը առաջին ալիքը լիովին չհաղթահարած պատրաստվում է երկրորդին: «Այժմ մենք աշխատում ենք երկու առանցքային ուղղությամբ՝ վարակի տարածումը զսպելու, մասնավորապես՝ հիվանդանոցային միջավայրում, և վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թվի կտրուկ աճ թույլ չտալու», - ասել է Չեկոնին:

XS
SM
MD
LG