1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Նվեր Մնացականյանին. ՄԱՍ I

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Նվեր Մնացականյանին. ՄԱՍ I

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Նվեր Մնացականյանի հաղորդմանը, որը հեռարձակվում է 1in.am կայքով: Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրության առաջին մասը:

Նվեր Մնացականյան – Բարև Ձեզ, մենք Հայաստանի կառավարությունում ենք: Այս հանդիպումը հատուկ ռեժիմով է, մեր զրուցակիցը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Բարև Ձեզ հարգելի վարչապետ, ինչպե՞ս եք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն:

Նվեր Մնացականյան – Պատերազմի ավարտից անցել է երեք ամսից ավելի ժամանակ: Մենք կարո՞ղ ենք արդեն ֆիքսել՝ մեր հրատապ խնդիրը Հայաստանի ներսո՞ւմ է, թե՞ Հայաստանի շուրջ զարգացումներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ըստ էության, մենք գտնվում ենք պատերազմի հետևանքների հաղթահարման փուլում: Եվ, իհարկե, կան հետևանքներ, որոնք անհաղթահարելի են: Մասնավորապես՝ նկատի ունեմ մեր ընկած եղբայրներին, մեր նահատակներին, որոնց, ցավոք, այլևս չենք վերադարձնի: Իսկ, ընդհանուր առմամբ, մենք, իհարկե, այսօր ունենք և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներ: Եվ իմ գնահատմամբ, թե՛ ներքին և թե՛ արտաքին  մարտահրավերները կապվում են անվտանգային իրավիճակի հետ: Եվ սա էր պատճառը, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո ես, որպես առաջնային խնդիր, ձևակերպել եմ Հայաստանում և Հայաստանի շուրջ անվտանգություն և կայունություն ապահովելու օրակարգը: Եվ չենք կարող ասել, որ այդ խնդիրը հարյուր տոկոսով լուծված է, բայց, կարծես թե, մենք վստահ քայլերով գնում ենք այդ ուղղությամբ:

Նվեր Մնացականյան – Խոսքն անվտանգային նոր համակարգի մասի՞ն է, եթե հաշվի առնենք, որ նախկինը պարտվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Անվտանգային համակարգ ասելով, պետք է պարզաբանենք՝ ինչ նկատի ունենք: Դուք ի՞նչ նկատի ունեք:

Նվեր Մնացականյան – Ես նկատի ունեմ մեր սահմանների պաշտպանությունը, մեր հարաբերություններն անմիջական հարևանների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք ինչպես նախկինում, հիմա էլ գտնվում ենք արտաքին անվտանգության նույն համակարգում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Եվ պետք է արձանագրել, ես առիթ ունեցել եմ ասելու, որ մենք նախկինում որոշակի առնվազն հանրային մակարդակում թյուրըմբռնում ենք ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների վերաբերյալ: Օրինակ, շատերն ասում են, թե ինչու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմական առումով չի միջամտել ղարաբաղյան պատերազմին: Պատասխանը պարզ է, որովհետև ՀԱՊԿ պարտավորությունները ձևակերպված են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս: Դրանից դուրս, ըստ էության, նման պարտավորություններ ձևակերպված չեն: Եվ, իհարկե, Հայաստանի սահմաններից ներս էլ մենք ունեցել ենք անվտանգային մարտահրավերներ, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմներն այդտեղ որոշակի դերակատարում ունեցել են: Եվ դա պետք է խոստովանել: Ինչ վերաբերում է ընդհանուր մեր անվտանգային տարածաշրջանային համակարգին, մենք, իհարկե, պետք է ձեռնամուխ լինենք բանակի բարեփոխումներին՝ կառուցվածքային բարեփոխումներին, բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես՝ սպառազինությունների և ընդհանրապես ռազմավարական բովանդակության մասով: Բացի դա, իհարկե, պետք է գնահատենք այն իրադրությունը, որ ունենք տարածաշրջանում և գնահատենք այն դերը և նշանակությունը, որ ունենք տարածաշրջանում, գնահատենք այն հարաբերությունները, որ ունենք տարածաշրջանում: Ե՛վ տարածաշրջանում, և՛ տարածաշրջանի հետ մեր ռազմավարական երկարաժամկետ օրակարգը պետք է ճշգրտենք: Սա թերևս ամենակարևոր անելիքներից է:

Նվեր Մնացականյան – Սյունիքում մենք անլուծելի խնդիր ունե՞նք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ի՞նչ իմաստով:

Նվեր Մնացականյան – Սահմանի, բնակավայրերի, հակառակորդի կամ հարևանի հետ շփման գծի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ, որ ո՛չ, մենք չունենք անլուծելի խնդիր: Սա չի նշանակում, որ չունենք խնդիրներ: Բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է: Պարզ է, որ միջավայրը փոխվել է, և այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ: Բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում: Եվ ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է՝ այսօր Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել և ձևակերպել: Եվ դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա աշխատում ենք:

Նվեր Մնացականյան – Սյունիքի կապակցությամբ անհանգստության հետ կապ ո՞ւնի ապաշրջափակման գործընթացը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Ընդհանրապես կարծում եմ՝ ցանկացած միջավայրի փոփոխություն անխուսափելիորեն բերում է որոշակի մտահոգությունների և անհանգստությունների: Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացման թեմային, կարծում եմ, որ այդ խնդրի կառուցողական և փոխշահավետ լուծումն այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև և կայուն խաղաղություն: Եվ բացի երկարատև և կայուն խաղաղությունից, բերել նաև որոշակի տնտեսական օգուտներ, փոխել մեր տարածաշրջանի ու նաև Հայաստանի տնտեսական դիմագիծը, պոտենցիալը, ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ, որոնք պետք է կառավարվեն: Ընդհանրապես, ամեն ինչն ունի մարտահրավերներ, բայց դարձյալ ռազմավարական ընտրության հարց է: Եվ կարծում եմ, որ կոմունիկացիաները թերևս այն անոթներն են, որոնք մեզ կապում են տարածաշրջանին և տարածաշրջանը կապում են մեզ, տարածաշրջանը կարևոր են դարձնում մեզ համար, և մեզ կարևոր են դարձնում տարածաշրջանի համար: Եվ մենք այս օրակարգը պիտի ձևակերպենք, պիտի հասկանանք միջավայրային այս փոփոխություններից այն սպառնալիքները, որոնք կարող են բխել, մարտահրավերները, և ձևակերպենք այն մեթոդները, որոնցով  պետք է կառավարենք դրանք:

Նվեր Մնացականյան – Քանի որ ապաշրջափակումից խոսեցինք, ո՞վ է ամենաշահագրգիռ կողմն այս գործում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ՝ եթե հետևենք ինչ է կատարվում տարածաշրջանում, կտեսնենք, որ բոլորն են շահագրգիռ, առանց բացառության՝ բոլորը: Ռուսաստանն է շահագրգիռ, Վրաստանն է շահագրգիռ, Իրանի Իսլամական Հանրապետությունն է շահագրգիռ, Ադրբեջանն է շահագրգիռ, Թուրքիան է շահագրգիռ, Հայաստանի Հանրապետությունն է շահագրգիռ: Այլ բան, որ յուրաքանչյուրի շահագրգռությունը կամ ունի ընդհանրություններ ուրիշների շահագրգռությունների հետ և տարբերություններ ուրիշների շահագրգռությունների հետ:

Նվեր Մնացականյան – Այսինքն՝ ֆիքսենք մեր մասնաբաժինն այստեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ այստեղ է, որ պետք է հետևողական քննարկումների արդյունքում կարողանանք հանգել պատկերացումների տարբերությունների մեղմացման և ընդհանրությունների ընդգծման: Տեսեք, հունվարի 11-ի հայտարարությունից հետո էականորեն ակտիվացել են աբխազական երկաթուղու վերաբացման մասին քննարկումները, ինչը շատ դրական է, ակտիվացել են Պարսից ծոցը Սև ծովին կապելու երկաթուղային գծի շուրջ քննարկումները, և այս շահագրգռությունները, իհարկե, առավել հետաքրքիր են դարձնում թեման: Կրկին եմ ասում, ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ: Բայց միևնույն ժամանակ արձանագրենք, որ չի նշանակում, թե այնտեղ չկան շատ կարևոր հնարավորություններ, որոնց նկատմամբ ճիշտ դիրքավորվելը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար:

Նվեր Մնացականյան – Գերիների խնդրում կա՞ն արդյոք դրված նախապայմաններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, ցավոք, Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն:

Նվեր Մնացականյան – Բոլորը բոլորի դիմաց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ընդ որում էլի եմ ուզում կրկնել, որովհետև նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի են, նրանք ռազմագերի չեն: Այս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց:

Նվեր Մնացականյան – Ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարն ընտրել այդ արտահայտությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ուզում եմ ընդգծել, որ դա եռակողմ հայտարարություն է, և այդ հայտարարությամբ ձևակերպված պարտավարությունները կիսում են հայտարարության տակ ստորագրած բոլոր երեք կողմերը: Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ լուծում տանք այդ հարցին:

Նվեր Մնացականյան – Մենք պայմանագրի կետերը, կարծես թե, կատարում ենք անթերի: Մյուս կողմը խախտում է այդ պայմանավորվածությունը: Ինչո՞ւ ենք մենք շարունակում մեր այդ վարքագիծը՝ չդնելով պայման. քանի դեռ այդ խնդիրը, 8-րդ կետը՝ մասնավորաբար, չի բավարարվել, մենք չենք գնում առաջ ոչ մի կետով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ, կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի պրոցեսները չմտնեն փակուղի, և մենք թեմայի վրա ու օրակարգի շուրջ շարունակում ենք աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որպեսզի խնդիրը լուծենք: Եվ իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ: Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, իհարկե, ժամավաճառությամբ չենք զբաղվի:

 Նվեր Մնացականյան – Այսինքն՝ իրական հնարավորությունը կա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, կա իրական հնարավորությունը, խոսակցությունը գնում է այդ թեմայի շուրջ: Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ,  այդ թեմայի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունենում: Եվ, իհարկե, կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն: Այլ բան է, թե ինչ ժամկետներում: Հասկանալի է, որ այստեղ ամեն րոպեն, ոչ թե ամեն օրը, այլ ամեն րոպեն շատ ծանր է, շատ կարևոր է առաջին հերթին գերեվարված և անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների համար: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ ամեն րոպեն նույնքան կարևոր և նույնքան ծանր է կառավարության համար, ինձ համար, որովհետև, ի վերջո, դրանք ծանր պատասխանատվության րոպեներ են, և մենք պարտավոր ենք այդ պատասխանատվությունը կրել:      

Նվեր Մնացականյան – Այսինքն, այնուամենայնիվ, կա մի ժամանակափուլ, որից այն կողմ այս խնդիրը ձգել հնարավոր չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի դեռ տեսնում ենք, որ հարցի լուծման հնարավորություններն իրական են, ընդ որում մինչև այս պահին 69 գերի է վերադարձվել,  մենք պիտի շարունակենք աշխատել այնքան, մինչև բոլորը վերադարձվեն:     

Նվեր Մնացականյան – Հայաստանի ներսի մասին: Կա՞ ներքաղաքական ճգնաժամ, Ձեր դիտարկմամբ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ներքաղաքական ճգնաժամ ասելով պետք է հասկանանք դրա պարամետրերը: Կա կառավարություն, կա խորհրդարանական մեծամասնություն, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը կայուն են: Իսկ որ, իհարկե, հետպատերազմական շրջանում Հայաստանում շատ հարցեր են ծագել, և այդ հարցերը պետք է ստանան պատասխաններ, դա էլ ակնհայտ է: Եվ, իհարկե, կառավարությունը գիտակցում է իր պարտավորությունն այդ պատասխանները գտնելու հարցում՝ կառուցողական լինելու իմաստով, և մենք, իհարկե, պատրաստ ենք դրան:

Գիտեք, որ նախորդ տարեվերջին ես հանդես եկա, առաջին հերթին, խորհրդարանական ուժերին ուղղված առաջարկով՝ 2021 թվականին իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց այդ առաջարկը մերժվեց, և մեզ համար ակնհայտ էր, որ եթե մենք տեսնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները որպես գործիք՝ պարպելու լարվածությունը, փոխելու մթնոլորտը, որը պատերազմից հետո հասկանալիորեն հաստատվել է Հայաստանում, ապա ցավոք, մենք տեսանք, որ կան ուժեր, որոնց համար ուղիղ հակառակն է: Եվ ոմանք խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը, որը մերժվում է իրենց կողմից, և այս հետևությունը բխում է այդ մերժումից, մտադիր են օգտագործել որպես ռադիկալ գործողությունների հարթակ, ինչի հետևանքով Հայաստանի ներսում անվտանգային մարտահրավերները կահագնանան, բայց ավելի կարևոր է, որ դրա հետևանքով՝ մեծ հավանականությամբ կահագնանան նաև արտաքին մարտահրավերները: Եվ այս ամեն ինչի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի: Այդ է պատճառը, որ, ըստ էության, մերժում ստանալով խորհրդարանական ընդդիմությունից և ընդհանրապես՝ ընդդիմությունից, մենք որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «Ճանապարհային քարտեզ»-ի բնականոն իրագործմանը: Եվ ինչպես պայմանավորվել ենք, մինչև հունիս այդ «Ճանապարհային քարտեզ»-ը կիրականացվի: Հունիսին կամփոփենք արդյունքները և որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ:

Նվեր Մնացականյան – Այսինքն՝ ընտրությունների հավանականությունը պահպանվում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, մենք չասացինք՝ չէ որ չէ, պարտադիր ընտրություններ պետք է լինեն: Նույն կերպ մենք չենք կարող ասել՝ չէ որ չէ, ընտրություններ չպետք է լինեն: Բայց խնդիրն այն է, որ շատ կարևոր է, օրինակ, ինչո՞ւ միակողմանի որոշում չկայացնել՝ խորհրդարանական մեծամասնություն-կառավարություն ֆորմատով իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որովհետև եթե քաղաքական դաշտի կամ ընդդիմության մեծ մասը մերժում է այդ օրակարգը, ընտրություններ անելու իմաստը պարզապես կորում է: Որովհետև մեր առաջարկն էր Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ձևով դիմել ժողովրդին: Բայց, ըստ ամենայնի, այն քաղաքական ուժերը, որոնք ամբիոններից ամենավերջին վիրավորանքներն են հղում ժողովրդի հասեցին, նրանք պարզապես տեսնում են, որ դա իրենց համար ձեռնտու ճանապարհ չէ և շարունակում են գնալ ռադիկալացման ուղիով: Եվ եթե մենք տեսնենք, որ կա հնարավորություն ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք, իհարկե, այդտեղ, ինչպես ասում են՝ «երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»:

Նվեր Մնացականյան – Այս մթնոլորտի լիցքաթափման այլ գործիք տեսնո՞ւմ եք Դուք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այս մթնոլորտի լիցքաթափման հաջորդ գործիքը «Ճանապարհային քարտեզ»-ի արդյունավետ իրագործումն է: Եվ կարող եմ արձանագրել, որ նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ը բավականին հաջողությամբ իրականացվում է: Այս պահի դրությամբ շուրջ 17 ծրագիր ենք իրականացրել, ընդ որում շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ այսօրվա դրությամբ մենք Արցախում շուրջ 23 մլրդ դրամի ծրագիր ենք իրականացրել, որը վերաբերել է ամենատարբեր ոլորտների, հիմնականում՝ սոցիալական և Արցախի պետական կառույցների աջակցության: Եվ ընդհանուր փաթեթը, որն ընդունված է այս պահին և որը պետք է իրականացվի Արցախում, կհասնի շուրջ 50 մլրդ դրամի: Նաև Հայաստանում ենք ծրագրեր իրականացնում՝ Սյունիքի մարզում: Շատ կարևոր եմ համարում պատերազմից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը: Կարևոր եմ համարում պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մեր զինվորներին աջակցելու ծրագիրը, վիրավորվածներին աջակցելու ծրագիրը: Այն ծրագիրը, որով մենք պատերազմին մասնակցած մեր եղբայրներին ու քույրերին կամ նրանց ընտանիքների անդամների մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ենք իրականացնում: Հիմա քննարկում ենք լայնածավալ հիփոթեքային ծրագիր ընդունելու հարցը Արցախում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում:

Եվ շատ կարևոր եմ համարում դատաիրավական համակարգի բարեփոխումները, որը վճռականորեն իրականացնում ենք: Ըստ էության, տեսեք ինչ է տեղի ունենում՝ տնտեսությունն արձագանքում է մեր իրականացրած միջոցառումներին: Փետրվարի առաջին քսան օրերի տվյալներով երկրում առևտրաշրջանառությունը շուրջ 44 մլրդ դրամով գերազանցել է 2020թ. փետրվարի առաջին քսան օրվա ցուցանիշը: Դա 13 տոկոսով ավելի է: Խնդրում եմ հաշվի առեք, որ նախորդ տարվա փետրվարին դեռ կորոնավիրուսի համաճարակը տնտեսական նեգատիվ ազդեցություն չէր բերել: Եվ նախորդ տարվա փետրվարին իր հերթին շատ լուրջ աճ էր արձանագրվել 2019թ. փետրվարի նկատմամբ, որը, այսպես ասած, շատ լուրջ տնտեսական վերելքի ժամանակաշրջան էր:

Իսկ քաղաքական իրադրության հետ կապված կարծում եմ՝ այլ ճանապարհ, քան երկկխոսությունը, քննարկումները, ընդհանուր օրակարգի և ռազմավարական օրակարգի ձևակերպումը, չկա, ինչը մեր «Ճանապարհային քարտեզ»-ի անբաժանելի մասն է: Եվ մենք այս ընթացքում նաև քաղաքական քննարկումներ, կոնսուլտացիաներ ենք ունեցել՝ հաջող և անհաջող, բայց այդ ճանապարհը, իհարկե, պետք է շարունակենք:

Նվեր Մնացականյան – Մի քիչ տարօրինակ չէ՞, որ ձեր նշած քաղաքական ռադիկալությունը դրսևորվում է հատկապես այն ուժերի կողմից, որոնց ժամանակին մերժել է հեղափոխությունը: Ավելի կոնկրետ ասեմ՝ կարծես թե տպավորություն է արդեն վերջնական, որ ընդդիմության այդ սեգմենտը կգլխավորեն նախկին նախագահները՝ երկրորդը և երրորդը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  -   Ես մի փաստի վրա կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել. կառավարության նկատմամբ Ձեր նշած շրջանակների վերաբերմունքը, ովքեր այսօր շատ ակտիվ են, պատերազմից առաջ և հետո չի փոխվել: Այսինքն՝ եթե մենք տեսնենք, թե ինչ էին ասում նրանք պատերազմից առաջ, կտեսնենք, որ նույն բանն են ասում պատերազմից հետո: Այլ բան, որ, այսպես ասած, հիմնավորումներ, ձևակերպումներ են փոխվել, բայց մեծ հաշվով վերաբերմունքի փոփոխություն տեղի չի ունեցել: Այդ վերաբերմունքն արձանագրվել է 2018թ., 2019թ., 2020թ., պատերազմից առաջ: Ի վերջո, կան այսօր կառավարության հրաժարականը պահանջող քաղաքական ուժեր, ովքեր կառավարության հրաժարականը պահանջել են արդեն 2018թ. հունիսին, 2018թ. հուլիսին:

Նվեր Մնացականյան – Երբ երկրորդ նախագահն ասում է, որ եթե ես լինեի պետության ղեկավարը, մենք այս պարտությունը չէինք կրի, ի՞նչ հիմնավորմամբ է դա ասում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարող է ասածս մի քիչ զավեշտալի թվալ, բայց ցանկացած ոք, ով 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է այդ նույն բանն ասել: Եվ ոչ մեկ հակառակը չի կարող ապացուցել: Հարցնե՞նք: Ցանկացած ոք՝ անկախ կենսագրությունից, անուն-ազգանունից, կարող է ասել, որ եթե ես լինեի, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Մենք չէինք պարտվի: Եվ այլն, և այլն: Բայց նաև մենք պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը: Շատ լավ, եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա:

Նվեր Մնացականյան – Ի դեպ, ապացուցելու մասին: Ի՞նչ հավանականություն և հնարավորություն կա ապացուցել, պարզել, դիտարկել պատերազմի մասին ողջ ճշմարտությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ գործընթացը հիմա տեղի է ունենում:  Թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունենում վերլուծական աշխատանք, որը շատ կարևոր է: Իհարկե, նաև տեղյակ եք, որ 1000-ից ավել քրեական գործ կա ամենատարբեր առիթներով: Սա չի նշանակում, որ բոլոր այդ 1000 գործերը կգնան դատարան և դատավճիռ կլինի: Բայց ես նկատի ունեմ, սա ուսումնասիրության գործընթաց է, որն արդեն տեղի է ունենում:

Վերադառնալով իմ նախորդ հարցին, տեսեք, օրինակ, փաստեր, որոնք հրապարակային են և որոնք կարող ենք դիտարկել: Օրինակ՝ 2019 թվականին 2018 թվականի համեմատ առաջին անգամ մեր կառավարությունը ներկայացրել է պետական բյուջե: Եվ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 23 տոկոսով՝ շուրջ 50 մլրդ դրամով, պաշտպանական, ռազմական ծախսերն ավելացել են: Մեր առաջին գործողություններից մեկը եղել է հենց Զինված ուժերի մարտունակության բարձրացումը:

Նվեր Մնացականյան – Որովհետև գիտեի՞ք, որ պատերազմն անփուսափելիորեն հասունանում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այսօր կարող ենք  հետահայաց նայել և տեսնել, օրինակ, ինչ էր ասում մերժվածը 2018թ. ապրիլին: Նա, ըստ էության,  ասում էր, որ բանակցային գործընթացը կանգնած է և որ այլևս չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձելու լուծել հարցը: Այսինքն՝ փակուղում է բանակցային գործընթացը, և այլևս հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը չի հարձակվելու: Այսինքն՝ մինչև վերջ դեռ կարելի էր հույս ունենալ: Բայց դրանից հետո այլևս չի կարելի հույս ունենալ: Բայց եկեք, ընդհանուր առմամբ, նայենք Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, թե մենք ինչ փուլերով ենք անցել:

Նվեր Մնացականյան –Ներողություն: Այստեղ մի նրբություն չմոռանանք և գանք Ձեր ասածին: Երրորդ նախագահը նաև ասում էր, որ ռազմական բյուջում թողել ենք անօդաչու սարքերի գնման ծրագիր: Հիմա թվաքանակը ճիշտ չեմ հիշում: Դա ինձ համար նորություն էր: Իսկ Ձե՞զ համար, որ Դուք այդ գնումը պետք է կատարեիք 2018-2020թթ. ժամանակահատվածում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Սպառազինության և տեխնիկայի գնման պլանի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Եվ նրանք, ովքեր պնդում էին, թե նման փոփոխություն տեղի ունեցել է, իրենք հենց հրապարակային իրենց ասածը հերքել են: Բայց շատ կարևոր է արձանագրել, իսկ ի՞նչ է ասել Գլխավոր շտաբի նախկին պետը: Շատ լավ, մենք գրում ենք, որ պետք է գնենք: Իսկ ո՞վ է, որ մեզ վաճառելու է այն որակյալ տեխնիկան, որը մեզ անհրաժեշտ է: Սա նույնպես կարևոր հարց է: Եվ այդ տեխնիկան ձեռք բերելու ճանապարհին արվում են քաղաքական ու դիվանագիտական քայլեր, որոնք կարող են միանշանակ չընդունվել դաշնակիցների և բարեկամների կողմից և այլն, և այդպես շարունակ: Շատ կարևոր  արձանագրում. օրինակ, տեսեք, վարչապետ ընտրվելուց հետո, ես ի՞նչպիսի քայլեր եմ ձեռնարկել բանակի և զինված ուժերի նկատմամբ: Վարչապետ եմ դարձել հեղափոխությամբ: Եվ ամենապահպանողական քաղաքականությունը վարել եմ Զինված ուժերի ոլորտում: Պաշտպանության նախարար եմ նշանակել մի մարդու, ով մերժվածի իշխանության օրոք երկար տարիներ եղել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և միակ մարդն է եղել, որ 2018թ. մերժվածի կառավարությունում ունեցել է նախարարի կարգավիճակ ու իմ կառավարությունում նույնպես շարունակել է ունենալ նախարարի կարգավիճակ:

Նվեր Մնացականյան –Ձեր նշած պահպանողականությունն այսօր շատերը չեն ողջունում:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Չէ, բայց, համենայնդեպս, Զինված ուժերի ոլորտում...

Նվեր Մնացականյան – Իսկ ինչո՞ւ: Ի՞նչն էր Ձեզ ստիպել այդ քայլին:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որովհետև կարծում էի, որ այսպիսի ռազմաքաղաքական իրավիճակում, որ մենք ունենք, բանակում հեղափոխական միջամտություններ անելը կարող է շատ նեգատիվ հետևանքների բերել: Նկատի ունեմ, այն բանակը, որ մենք ունեցել ենք 2020թ., դա նույն բանակն է, որ մենք ունեցել ենք 2018թ., այն տարբերությամբ, որ այստեղ բարձրացվել են սպայական և շարքային կազմերի աշխատավարձերը, որ ռազմական ծախսերն աճել են 20 և ավելի տոկոսով: Մի տարում ռազմական ծախսերը 20 և ավելի տոկոսով աճել են: Եվ մենք լուծել ենք բազմաթիվ հարցեր՝ սկսած կենցաղայինից, կներեք արտահայտությանս, վարտիքից սկսած մինչև սնունդ, սպառազինություն և այդպես շարունակ: Եվ Զինված ուժերի գործունեության իմ կանխավարկածը, եղել է այն, որ այդտեղ քաղաքական և հեղափոխական միջամտություններ ընդհանրապես պետք է չլինեն:

Նվեր Մնացականյան – Բայց տեսեք հետագիծն ուր է տանում: Դուք այսօր ունեք Պաշտպանության նախարարի ձերբակալված խորհրդական՝ կոռուպցիայի մեղադրանքով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ուզում եմ ասել, որ այդ առիթով քրեական գործեր հարուցվել են դեռևս 2018թ.: Եվ այսօր շատերը հարցնում են. այդտեղ հեղափոխական փոփոխություններ չենք արել, որովհետև նույն զենքի մատակարարման ոլորտում, չնայած եղել են ամենատարբեր քննադատություններ, էլի հեղափոխական փոփոխություններ չենք արել: 

Նվեր Մնացականյան – Հիմա՞ էլ գտնում եք, որ ճիշտ եք արել, որ չեք արել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա կներկայացնեմ: 2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը: 

Նվեր Մնացականյան-  Բայց գոնե կփակեք կոռուպցիայի ճանապարհը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հենց 2018-ից ի վեր, բանակի կոռուպցիոն մեխանիզմների հետ կապված տասնյակ քրեական գործեր են հարուցվել, և դրանց նպատակը եղել է իրավիճակը շտկելը: Ի դեպ, բանակում այնպիսի խնդիրներ են եղել, որոնք պետք է չլինեին: Սկսած նրանից, որ, օրինակ, երբ զինվորներին արձակուրդ են տալիս և գումարը չեն տալիս, ասում են՝ մեքենա կգա քեզ կտանի: Այսինքն՝ եղել են այս կարգի պրոբլեմներ, որոնք նաև էական ազդեցություն են ունեցել բանակի շուրջ մթնոլորտի վրա: Եվ ես բազմիցս ասել եմ, որ բանակը մեր երկրում ունի անառարկելի հեղինակություն, և մեր խնդիրն է՝ բանակում ծառայության հեղինակությունը, որն անհամեմատ ցածր է բանակի հեղինակությունից, հավասարեցնել բանակի հեղինակությանը:

Լուսանկարը՝ Տիգրան Մեհրաբյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]