▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի ելույթը «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացմանը

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է  «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը և հանդես է եկել ելույթով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո Նախագահ Սի Ծինփին,
Պետությունների և կառավարությունների հարգարժան ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ հնագույն քաղաքակրթության օրրան Չինաստանում և մասնակցել այս կարևոր իրադարձությանը:

Ըստ իս, բազմազան է մեր մոլորակի գեղեցկությունն ու մարդկային քաղաքակրթությունը: Բազմազանությունը ծնում է երկխոսություն, իսկ երկխոսությունը հանգեցնում է մշակութային փոխանակման և փոխադարձ հարստացման, որն էլ, ի վերջո, պայմաններ է ստեղծում առաջընթացի համար:

Հայաստանում և հայկական սփյուռքում հայերը պատմականորեն դավանել են այնպիսի աշխարհայացք, որը միշտ բաց է եղել տարբեր մշակույթների, ավանդույթների և կրոնների հետ փոխգործակցության համար:

Ինչպես նշում է գերմանացի մեծ փիլիսոփա Էմմանուել Կանտը, մեջբերում եմ. «Քրիստոնյա ազգերի մեջ հայերը հստակ առևտրային ոգի ունեն, նրանք Չինաստանի սահմաններից անցնում են Գվինեայի ափ` առևտուր անելու համար... և գիտեն, թե ինչպես պետք է արժանանալ խաղաղ հյուրընկալության այն ժողովուրդների կողմից, որոնց հանդիպում են» - մեջբերման ավարտը: Սա է պատճառը, որ այսօր մենք հայկական մշակութային ժառանգության կոթողների կարող ենք հանդիպել Երուսաղեմում և Ստամբուլում, Թբիլիսիում և Բաքվում, Հոնկոնգում և Կալկաթայում, Սինգապուրում և Դաքայում` այսինքն Մետաքսի մեծ ճանապարհին սփռված բոլոր խոշոր բնակավայրերում:

Այսպիսով, այսօրվա խորհրդաժողովի հենքում ընկած փիլիսոփայությունը միանգամայն համահունչ է մեր դավանած արժեքներին: Մենք երախտապարտ ենք Չինաստանի կառավարությանը՝ ազգերի միջև փոխըմբռնման և համագործակցության գաղափարները ջատագովելու համար ու պատրաստ ենք աջակցել Ձեզ այդ նպատակին միտված ջանքերում:

Բացախոսությունը, երկխոսությունը և միմյանցից սովորելու արվեստն ազգերի միջև ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելու ճշմարիտ ուղին են:

Հարգելի մասնակիցներ,

Այս տարի նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 70-ամյակը և ես կցանկանայի մեր ջերմ շնորհավորանքները հղել նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի ժողովրդին այս պատմական տարեդարձի առթիվ:

Չինաստանն իր պատմության այս կարևորագույն իրադարձությունը դիմավորում է բազմաթիվ ձեռքբերումներով՝ տպավորիչ տնտեսական զարգացում, սոցիալական ու մշակութային առաջընթաց:

Արդյունավետ կառավարումը, ինչպես նաև Չինաստանի ժողովրդի անսպառ եռանդն ու նվիրումը մշտապես եղել են շարժիչ ուժ այդ պատմական նվաճումների ճանապարհին:

Հարգելի մասնակիցներ,

Անցյալ տարի Հայաստանն ապրեց հիմնարար փոխակերպումներ, որոնք ծնունդ առան համազգային շարժման մեջ՝ արտացոլելով մեր ժողովրդի նվիրական ձգտումը ավելի լավ ապագա կերտել ներկա ու գալիք սերունդների համարը:

Մեզ հաջողվեց կազմալուծել համակարգային կոռուպցիան և օլիգարխիկ տնտեսությունը, ամրապնդել անկախ դատական համակարգն ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար:

Մեր հիմնական նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա:

Այսօր Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ տնտեսություն և ժամանակակից բազմակարծ հասարակություն:

Միևնույն ժամանակ, Հայաստանը հազարամյա պատմություն ունեցող երկիր է: Մեր բարձրագույն մշակութային ձեռքբերումներին մենք հասել ենք միայն այն ժամանակ, երբ ունեցել ենք անխափան կապ և շփումներ այլ մշակույթների ու ավանդույթների հետ: Հետևաբար, այսօր, ինչպես և նախկինում, մենք մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ:

Մենք դեմ ենք բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին և փակ սահմաններին, որոնք թեև անհեթեթ են համարվում 21-րդ դարում, սակայն դեռևս պահպանվում են մեր հարևանների կողմից` ստեղծելով անվտանգության մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ:

Հայաստանը ներգրավված է երկկողմ և բազմակողմ համագործակցության գործընթացներում, որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան` լինի դա տնտեսական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հանդիսանում է հիմնադիր անդամներից մեկը, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2015 թվականին:

Խաչաձևվող համագործակցության շրջանակներում ներգրավվածությունը դարձել է Հայաստանի համադրական առավելություններից մեկը:

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Հայաստանին այս կարևորագույն իրադարձությանը հրավիրելու համար և խորհրդաժողովին մաղթել լիակատար հաջողություն:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Իսկ նախօրեին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին: Այն տրվել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի անունից:

Ընթրիքին մասնակցել են նաև համաժողովին մասնակցելու նպատակով ՉԺՀ ժամանած Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը:

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին