Բաժիններ՝

Երբ որ սիբիրախտը բռնկվում է մարդկանց մոտ, դա նշանակում է, որ  Անասնաբուժասանիտարական ծառայությունը շատ լուրջ ճեղքվածք ունի

Օրեր առաջ Առողջապահության նախարարությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից հիվանդ կենդանին հայտնաբերվել էր, նմուշառում էր կատարվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Պարզվել էր, որ համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով հաստատվել է, որ կենդանին եղել է սիբիրախտով հիվանդ: Տեսչական մարմնի մասնագետները 34 ընտանիքից հավաքել են կենդանու միսը, սառնարաններում առկա այլ մթերքները, հայտնաբերվել է նաև կենդանու գլուխը և կաշին: Հավաքված մսեղիքը և մթերքները սահմանված կարգով անասնագերեզմանոցում այրվել են: Կենդանու մոտ հիվանդությունն առաջացել է, քանի որ անասնատերը հրաժարվել է պատվաստումից: Գեղահովիտ համայնքում առկա մյուս բոլոր կենդանիները ջերմաչափվել են և գտնվում են մասնագետների վերահսկողության տակ, այլ դեպքեր չեն գրանցվել:

«Երբ որ սիբիրախտը բռնկվում է մարդկանց մոտ, դա  նշանակում է, որ  անասնաբուժասանիտարական ծառայությունը շատ լուրջ ճեղքվածք ունի: Նույնիսկ անասնաբույժների միջև նման խոսք է տարածված` եթե սիբիրախտը հասավ մարդուն, ապա նշանակում է, որ անասնաբուժական ծառայությունը չի աշխատում: Պատահական չէ, որ, երբ մսեղենը ստուգում են՝ առաջին հերթին բացառում են սիբիրախտը: Այն, կարելի է ասել՝ «բրենդային» նշանակություն ունի կենդանաբուժության, անասնաբուժասանիտարական փորձաքննության մեջ: Իսկ մեզ մոտ հաճախակիացած դեպքերն արդեն կասկածելի են՝ նաև կապված մեր երկրում օտարերկրյա փորձագետների, օտար կազմակերպության կողմից ֆինանսավորվող ու ղեկավարվող լաբորատորիաների գործունեության հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ֆերմերների այն հաղորդումներին, որ հիվանդություններ են ընկել թե՛ խոզերի, թե՛ կովերի մոտ, իսկ պատճառներից մեկն այն է, որ  սրսկումներ չեն արվում, Գ.Գրիգորյանը նշեց.

Կարդացեք նաև

«Եթե խոսքը խոզի ժանտախտի մասին է, ապա դա երկու տեսակի է լինում՝ դասական և աֆրիկյան: Դասական ժանտախտի դեմ կա պատվաստում, ամեն տարի ամբողջ գլխաքանակը միշտ պատվաստում ենք, իսկ աֆրիկյան ժանտախտի դեմ չկա պատվաստում ու չկա բուժում, և հենց դրա համար այն համարվում է ագրոտեռորիզմի ու տնտեսության համար մղձավանջային հիվանդություն: Սրա դեմ բուժում և պատվաստում առ այսօր գոյություն չունի: Եթե բռնկվում է դասական ժանտախտ, ուրեմն պատվաստում չի արվել: Ընդ որում, դասական ժանտախտի դեմ պատվաստումն աֆրիկյանից չի պաշտպանում: Հիմա, քանի որ Սննդի անվտանգության պետական մարմինը չի հրապարակում ամեն ինչ, դեպքերը կոծկում է, հնարավոր չէ պարզել, թե որն է աֆրիկյան, որը՝ դասական: Իսկ սիբիրյան խոցի մասով կարող եմ ասել, որ մանր, խոշոր եղջերավորները, խոզերը, բոլորն էլ ամեն տարվա սկզբին պատվաստվում են սիբիրախտի դեմ՝ արոտի դուրս գալուց առաջ: Ու եթե սիբիրախտ է կենդանիների շրջանում, դա նշանակում է, որ պատվաստումը չի կատարվել»:

Սիբիրյան խոցով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու համար Առողջապահության նախարարությունը հորդորում է՝

– Մի’ գնեք պատահական վայրերից միս-մսամթերք:

– Մի’ մոտեցեք անկած (սատկած) կենդանիներին, մի’ ձեռք տվեք դրանց:

– Եթե պահում եք գյուղատնտեսական կենդանիներ և դրանց շրջանում նկատում եք առողջական խնդիրներ, ապա անհապաղ դիմեք անասնաբույժին:

– Եթե ձեր մաշկային ծածկույթների վրա նկատում եք խոցոտված վերքեր, բշտեր, կարմրակապտավուն բծեր, ապա մի’ զբաղվեք ինքնաբուժմամբ և դիմեք բժշկական օգնության:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս