1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Բանակից ՏՏ» ծրագիրը հիանալի հնարավորություն է նոր զորացրվածների համար. պատմում են ծրագրի մասնակիցները

«Բանակից ՏՏ» ծրագիրը հիանալի հնարավորություն է նոր զորացրվածների համար. 
պատմում են ծրագրի մասնակիցները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանակից ՏՏ» ծրագրի մասնակիցներն ընդգծում են՝ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո անորոշության մեջ են եղել իրենց ապագայի հարցում, չեն հասկացել ինչից ու որտեղից սկսեն, սակայն ծանոթացել են ծրագրի մասին հայտարարությանն ու որոշել են դիմել: 

Հրանտ Գրիշյանը և Գրիգորի Գրիգորյանը միասին դիմել են «Բանակից SS» ծրագրին։ Նրանք պատմում են, որ իրարից անկախ են դիմել, բայց, միմյանց նույն տեղում տեսնելով, հաճելի անակնկալի են եկել։ Ծրագրի մասին երկուսն էլ համացանցից են տեղեկացել։ Ժամանակ չկորցնելով՝ դիմել են ծրագրին ու հաղթահարել են լսումների փուլը։ Նրանք ընդգծում են՝ սկզբի համար մասնագիտական գիտելիքներ պետք չեն, ուղղակի պետք է տարրական գիտելիքներ ունենալ։ 

«Ծրագիրը ստիպել է, որ խորանամ ոլորտի մեջ։ Բանակից հետո անորոշ վիճակ էր․ չգիտեի, թե որտեղից սկսել։ Համացանցով տեսա հայտարարությունը, շտապեցի դիմել ու ծրագիրը իսկապես նպաստեց, որ շուտ կողմնորոշվեմ՝ հետագայում ինչ եմ ուզում»,- պատմեց Գրիգորի Գրիգորյանը։ 

Վերջինս պատմեց, որ դասընթացների ավարտից հետո դիմել է հայաստանյան ՏՏ ընկերություններից մեկում աշխատանքի անցնելու համար։ Նշում է՝ դիմողները շատ էին, բայց հենց իրեն են ընտրել։ Գրիգորյանը վստահ է, որ «Բանակից ՏՏ» ծրագիրն է օգնել, որ հենց իրեն են աշխատանքի վերցրել։

Հրանտ Գրիշյանն էլ անկեղծացավ՝ բացի մասնագիտական հմտություններից, դասընթացների ընթացքում նոր ծանոթություններ, թիմում աշխատելու կարողություն է ձեռք բերել։ Նա ընդգծում է, որ դասընթացը, բանակից նոր եկածների համար հիանալի շանս է կարիերա ստեղծելու, աշխատելու ու պետության համար պիտանի մարդ դառնալու համար։ «Այս ծրագրի գործարկումը շատ լավ գաղափար է։ Պատերազմից հետո դժվար էր ինչ-որ նոր բանով զբաղվելը, ընդհանրապես ցանկություն չկար, բայց «Բանակից SS»  ծրագիրը ստիպեց գնալ ապագայի հետևից։ Հիանալի հնարավորություն էր գումար չծախսելով փորձել ինչ-որ բան սովորել։ Ոլորտն էլ հեռանկարներ ունի»,- նշեց Գրիշյանը։ 

Նա առանձնացրեց՝ պատերազմից հետո ծրագիրը ստիպում է հասկանալ, որ իրենք անտեսված չեն, պետությունն իրենց մասին մտածում է։ Այնպես չէ, որ մասնակցելուց հետո կյանքը նույն ձևով է շարունակվում։ Դասընթացը օգնում է ավելի շուտ վերադառնալ սովորական կյանքին։ 

Գրիգորի Գրիգորյանն ու Հրանտ Գրիշյանն ընկերներ են, երկուսն էլ դիմել են ծրագրին, պատահական հանդիպել, իսկ հիմա էլ ծրագրի տված գիտելիքների շնորհիվ նույն ընկերությունում են աշխատում։ 

ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը նշեց, որ ծրագիրը իրականացվել է դեռ 2016 թվականից՝ ապրիլյան պատերազմից հետո: Շահառուներն ապրիլյան պատերազմին մասնակցած տղաներն էին: Նա ընդգծեց, որ արդյունքները գոհացուցիչ էին: 2016 թվականին, ընդհանուր առմամբ, 168 հոգի վերապատրաստվել է: 

«44 օրյա պատերազմից հետո ծրագրի դիմորդների թիվը կրճատվեց։ Պարտությունից հետո անհատի ձևավորման ուղղությամբ պետք է ավելի շատ աշխատանքներ տարվեն։ Ինքներս մեզ քիչ ենք սկսում հավատալ, քիչ ենք սկսում հավատալ, որ նոր բան սովորելը որևէ արդյունք կունենա։ Սակայն հետո այն գիտելիքները, որոնք ստանում են ծրագրի դիմորդները, ապագայի հանդեպ հավատով է լցնում»,- առանձնացրեց Գևորգյանը։ 

Վերջինս նշեց, որ 2021 թվականին ծրագրի շրջանակում 138 գրանցված մասնակիցներից 85-ն անցել են մասնագիտական վերապատրաստումներ: Ծրագիրն իրականացվել է DISQO, Luseen Mobile, TeamViewer Armenia, Get Skills Academy, Brandon Agency, ArmSecFoundation կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում։

Օրերս DISQO ընկերության հետ համագործակցությամբ ԱՏՁՄ-ն կտա նոր դասընթացի մեկնարկը։ Հայտերի ընդունման ժամկետը կսկսվի հունվարի 31-ին։ ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրենը խորհուրդ է տալիս հնարավորությունը բաց չթողնելու համար հետևել իրենց «Ֆեյսբուք»-ի էջին։

Պատերազմի մասնակիցները, հաշմանդամություն ձեռք բերած անձինք, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքի անդամները հնարավորություն կստանան զարգացնել իրենց հմտությունները ՏՏ ոլորտում: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը վերսկսում է «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը՝ նպատակ ունենալով լուծել շահառու խմբերի կրթության և զբաղվածության խնդիրը տեխնոլոգիական ոլորտում: ԱՏՁՄ-ն համատեղ աշխատում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ապահովելով մարտական գործողությունների մասնակից անձանց համար նախարարության  կողմից  իրականացվող տեխնոլոգիական կրթության հեռավար դասընթացներին անվճար մասնակցությունը:

Շահառուները կարող են հմտություններ ձեռք բերել եռաչափ մոդելավորում, եռաչափ տպագրություն, վեբ տեխնոլոգիաներ, ծրագրավորման հիմունքներ, կիբերանվտանգություն ՏՏ ծրագրերի կառավարում, սոցիալական մեդիա մարքետինգ և այլ ուղղություններով: 

 

Կարինե Տերտերյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]