Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ֆաուստ. ծես» ներկայացմամբ մեկնարկեց «Արմմոնո» միջազգային փառատոնը

«Ֆաուստ. ծես» ներկայացմամբ մեկնարկեց «Արմմոնո» միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դերասան, բեմադրիչ Անտոն Մոզգալյովի «Ֆաուստ. ծես» մոնոներկայացմամբ ապրիլի 30-ին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում մեկնարկեց «Արմմոնո» միջազգային թատերական 17-րդ փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնին, որը կանցկացվի մինչև մայիսի 4-ը,  մասնակցում են դերասաններ Հայաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իսրայելից, Ալբանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: Փառատոնի շրջանակում ցուցադրվելու է 22 մոնոներկայացում ինչպես Երևանում, այնպես էլ` մարզերում:

«Փառատոնը տարեցտարի ընդլայնվում է` ներառելով նոր հարթակներ, նոր ժանրեր: Մենք փորձում ենք  ժամանակին համընթաց բեմադրություններ ընդգրկել, լինել հետաքրքիր մեր հանդիսատեսի համար»,-նշեց  փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Նա ընդգծեց, որ անում են ամեն հնարավորը, որ ցանկացած թատերասեր գտնի մի ներկայացում, որը կհիշի մինչև հաջորդ փառատոնի մեկնարկը:

Անտոն Մոզգալյովը ասաց, որ ներկայացումը ռուսական հոգեբանական դրամատիկական թատրոնի և ֆիզիկական եվրոպական դասական թատրոնի համադրություն է: «Ժեստերի, պլաստիկ շարժումների, հայացքի, խոսքի միջոցով պատմում եմ Ֆաուստի պատմությունը»,-ներկայացրեց նա:

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա և այլն:

Փառատոնի ծրագրի լավագույն ներկայացումներից են՝ Յակով Շապիրոյի (Իսրայել) «Եկեք, ծիծաղեք և երգեք Յակով Շապիրոյի հետ», Մենտոր Զիմբարայայի (Ալբանիա) «Ամոկ» և «De Soleil» թատրոնի դերասան Արման Սարիբեկյանի (Ֆրանսիա) «Նիժինսկի․Կապույտ Աստվածը»։

Փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am