«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը։
«Հայցը վերաբերում է ջրօգտագործման թույլտվության նախագծի ակնհայտ ապօրինի մերժելու հիմքերին, ժամկետների բացթողման, վարչական վարույթի իրականացման գործընթացների կոպիտ խախտումներին և այլն»,- ասել է Մելքումյանը։
Իրավաբանի խոսքով՝ ներկայացվել է երկու հայցադիմում` մեկը կապված է անցակետի, իսկ մյուսը՝ ժամկետի հետ, սակայն հայցադիմումների վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ դեռ չեն ստացել և դատարանի կողմից հայցադիմումի վարույթի ընդունման մասին տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Մելքումյանը նշել է, որ ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ առաջին անգամ դիմել են փետրվար ամսին, սակայն առաջացել է լրացուցիչ փաստաթղթերի անհրաժեշտությունը, այնուհետև, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, թարմացրել են հայտը։ Երկրորդ անգամ դիմել են հուլիսին:
Ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ Հոկտեմբերի 31-ին շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումը մերժվել է: