«Այս «շպագատը», որ փորձում է Նիկոլ Փաշինյանը նստել, կարող է բերել երկարատև և տհաճ հետևանքների». Արմեն Աշոտյան

«Ստեփանակերտում կայացած Արցախի ու Հայաստանի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի արձանագրված օրակարգի համաձայն` Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խոսել է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու իր մտադրության և այն օրակարգային հարց դարձնելու մասին։ Երբ համեմատում ենք Մինսկի խմբի համանախագահների և արտգործնախարարների համատեղ հայտարարությունը Փաշինյանի այս պնդման հետ, ապա հերթական անգամ տեսնում ենք, որ նման հարցերի քննարկման որևէ ակնարկ չկա:

Ես չեմ բացառում, որ խոսակցության մեջ Նիկոլ Փաշինյանը գուցեև բարձրացրել է այս թեման, հատկապես՝ Ալիևի հետ առանձնազրույցում, սակայն փաստը մնում է փաստ, որ անգամ հնարավոր բարձրաձայնման դեպքում այդ առաջարկությունը, ղարաբաղյան քաղաքականության մեջ իր այդ անկյունաքարային խոստումը որևէ արձագանք չի գտել Մինսկի խմբի արձանագրություններում»,- Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների ամփոփմանը նվիրված ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Վերջինս նշել է նաև, որ տեղի է ունեցել ճիշտ հակառակը, և Ալիևը բանակցություններից անմիջապես հետո լրատվամիջոցների հետ զրույցում պնդել է, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ, և, որ դրա որևէ փոփոխություն Ադրբեջանը չի ընդունելու, ինչպես նաև գովել է Մինսկի խմբի համանախագահներին, որոնք այդ հարցը թողել են Ադրբեջանի քմահաճույքին, և ակնհայտ է դառնում, որ այս խոստումը գոնե այս փուլում կյանքի կոչվելու որևէ հեռանկար չունի։

«Նիկոլ Փաշինյանի կողմից Ստեփանակերտում բարձրաձայնված մեկ այլ օրակարգային հարցն այս հանդիպումից առաջ կարգավորման 3 հիմնական սկզբունքների և 6 բազային էլեմենտների շուրջ մեկնաբանությունների հստակեցման հարցն է։ Ինչպես տեսնում ենք, մամլո հաղորդագրության մեջ նման տեսակի հարցադրման որևէ կոնկրետ ձևակերպում չկա»,- հավելել է Արմեն Աշոտյանը` ենթադրելով, որ այս կարևոր քաղաքական հարցադրումը կամ ընթացիկ զրույցի ձևով է եղել, կամ հետին պլան է մղվել։

Ըստ ԱԺ 6-րդ գումարման Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի` Փաշինյանի` Ստեփանակերտում արված հայտարարություններից մեկն էլ այն էր, որ հայկական կողմը վերջապես ուշադրություն է դարձնելու Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններին` փորձելով սրբագրել սեփական սխալները, ու այս կարևորագույն հարցը բանակցային օրակարգ վերադարձնելով։ Սակայն Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ երկար-բարակ խոսվում է խաղաղության ռեժիմի ու վստահության մթնոլորտի վերականգնման մասին։

«Պարոնայք համանախագահներ և պարոն Փաշինյան, արդյո՞ք այդ գործիքակազմի բացակայությունը չէ, որ նման խնդիրն այսօր դեռևս մնում է օրակարգային հարց։ Հայկական դիվանագիտությունն արդյո՞ք կարողացավ վերականգնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի հանդիպումների օրակարգը։ Ցավով արձանագրում եմ, որ ոչ, որովհետև այս մասին հաղորդագրության մեջ որևէ հիշատակում և անգամ ակնարկ չկա»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Բանախոսի տպավորությամբ` կարելի է ցավով արձանագրել, որ երեկվա հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հայկական քաղաքական օրակարգի հետ որևէ աղերս չունի։

Ուշագրավ է, որ կառավարությունը երեկ տարածեց իր սեփական հաղորդագրությունը հանդիպումից անմիջապես հետո, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը զուգահեռ, և այդ 2 հաղորդագրությունների միջև 2 կարևոր բովանդակային տարբերություն կա, որի վրա կառավարության աշխատակազմն ուշադրություն չի դարձրել։

«Հայկական կողմից տարածված հաղորդագրության մեջ, հիշատակելով Դուշանբեի հայտնի հանդիպումը, օգտագործվել է «Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններ» արտահայտությունը` կշիռ հաղորդելով ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությանը, այնինչ Մինսկի խմբի համանախագահների ու արտգործնախարարների հայտարարության մեջ, հիշատակելով Դուշանբեն, օգտագործվել է «Դուշանբեում կայացած իրենց խոսակցության» եզրույթը։ Զգացի՞ք տարբերությունը։ Հայկական կողմի ձևակերպմամբ՝ դա պայմանավորվածություն էր, իսկ համանախագահների պարագայում` խոսակցություն` արձանագրելով մեր իսկ պնդումը, որ Դուշանբեի հանդիպումն ինստիտուցիոնալ ու երկարաժամկետ չէ։ Երկրորդ տարբերությունն այն է, որ կառավարության հաղորդագրության մեջ ընդհանրապես հիշատակում չկա բովանդակային քննարկումների մասին: Մասնավորապես այն հատվածը, որը համանախագահների հայտարարության մեջ ձևակերպված է՝ որպես «կողմերը քննարկել են հակամարտության կարգավորման սկզբունքներին և էությանը վերաբերող հարցեր»»,- ասել է փորձառու պետական գործիչը։

Նա նշել է նաև, որ հանդիպումից հետո հայ համայնքի հետ հանդիպելիս Փաշինյանը շատ ավելի բարեկիրթ ու կոնստրուկտիվ էր ադրբեջանական կողմի հետ իր հանդիպումը գնահատելիս, քան նույն ժամանակահատվածում անում էր Ալիևն իր հրապարակային ելույթներով։ Կարծես թե Նիկոլ Փաշինյանը կաշկանդված էր հանդիպման արդյունքներով և Մինսկի խմբի համանախագահների ու արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ, այնինչ Ալիևը բացարձակ նման կաշկանդվածություն չուներ և, ի տարբերություն Փաշինյանի, հրապարակային ելույթներում առաջ էր մղում բացառապես ադրբեջանական օրակարգը։

«Ընդհանրապես ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպումների ժամանակ փորձում է կիրառել Կարնեգիի հայտնի «Ինչպես ձեռք բերել ընկերներ» գրքի հնարքները և պարզունակ կոմունիկացիաների միջոցով փորձում է ձեռք բերել վստահության մթնոլորտ` աշխատելով խնդրին նայել նաև ադրբեջանական տեսանկյունից։ Բայց արդյո՞ք դա գնահատվելու է։ Ես վստահ եմ, որ դա որևէ քաղաքական կամ մարդկային գնահատանք չի ունենալու Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Հետևաբար՝ նման մոտեցման դեպքում մենք ունենում ենք երկիրը ներկայացնող մի ղեկավար, որը թուլացնում է իր բարոյահոգեբանական և բանակցային դիրքերը նման պացիֆիստական, չափից ավելի խաղաղասիրական, անհասկանալի բարեկիրթ դիրքորոշմամբ։

Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան կարգավորման հարցում ունի 2 օրակարգ։ Մեկը ներքաղաքական է, բաներ է խոսում հատուկ մեր ականջների համար, մյուսը` արտաքին օրակարգը, Ալիևի և Մինսկի խմբի համանախագահների համար է»,- եզրափակել է Արմեն Աշոտյանը` շեշտելով, որ բանակցությունները, իհարկե, լավ են, բայց դրանց օգտակարությունը հայկական կողմի համար չափազանց քիչ էր, և այս «շպագատը», որ փորձում է Նիկոլ Փաշինյանը նստել, կարող է բերել երկարատև և տհաճ հետևանքների։

Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին՝ ո՞ւր է մեր օրակարգը։

Gepostet von Armen Ashotyan am Samstag, 30. März 2019

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս