Երեկ սկսված ԱԺ վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է նաև Սահմանադրական դատարանի դատավորի և Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Եվ հիմա հարց է առաջանում, թե արդյոք խորհրդարանին այս անգամ կհաջողվի ընտրել ՍԴ անդամ, որովհետև ՍԴ անդամի ընտրության նախորդ երկու փորձերը տապալվել են: Հիշեցնենք, որ մայիսին ԱԺ-ն չկարողացավ ընտրել ՍԴ անդամի թեկնածու Էմիլ Բաբայանին, իսկ հունիսին՝ Ելիզավետա Դանիելյանին: Այս պահին ՍԴ-ում երկու անդամի թափուր տեղ կա:
ՍԴ անդամի նոր թեկնածու Արման Դիլանյանի թեկնածությունը առաջադրել է դատավորների ընդհանուր ժողովը, այնպես, ինչպես Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: Որպեսզի հասկանանք, թե ինչու է հնարավոր, որ խորհրդարանը հերթական անգամ մերժի ՍԴ անդամի հերթական թեկնածուին, պետք է վերհիշել նախորդ թեկնածուների ընտրությանը նախորդած քննարկումները: Ելիզավետա Դանիելյանի քննարկման ժամանակ նրան տրվող հիմնական հարցերից մեկն այն էր, թե նա իր դատավոր աշխատելու ընթացքում կատարե՞լ է Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգներ, այսպես ասած՝ պատվերով վճիռներ կայացրե՞լ է, թե՞ ոչ: Բնականաբար, տիկին Դանիելյանը պատասխանում էր, որ նախագահական նստավայրից իրեն որևէ գործով վճիռ չեն պարտադրել, և ինքը, որպես դատավոր, վճիռներ կայացնելիս առաջնորդվել է բացառապես ՀՀ օրենսդրությամբ: Տարօրինակ կլիներ, եթե ՍԴ անդամի որևէ թեկնածու ԱԺ ամբիոնից հայտարարեր, որ ցանկացած վճիռ կայացնելուց առաջ ճշտվել է նախագահական նստավայրի համապատասխան պաշտոնյայի հետ, այլապես չէր կարող դատավոր աշխատել:
Բայց, մյուս կողմից, բոլոր պատգամավորների մոտ կա այն համոզվածությունը, որ Հայաստանում դատարանները և դատավորները անկախ չեն եղել և առնվազն իշխանության համար կարևորություն ունեցող հարցերում կատարել են իշխանության, կամ ավելի կոնկրետ՝ նախագահական նստավայրից իջեցված պատվերները: ԱԺ պատգամավորները դրա մասին գիտեն ավելի լավ, քան որևէ մեկը, որովհետև բազմաթիվ են դեպքերը, երբ դատավորները ԱԺ պատգամավորների խնդրանքները մերժել են՝ պատճառաբանելով, որ չեն կարող դեմ գնալ իշխանության ավելի բարձր ատյանից իջեցված հրահանգին: Երբ դատավորները ԱԺ ամբիոնից հայտարարում են, որ իրենք երբևէ ոչ մի հրահանգ չեն կատարել, և վճիռներն էլ կայացրել են բացառապես առաջնորդվելով օրենսդրությամբ, պատգամավորները հասկանում են, որ նրանք ուղղակի ստում են, իսկ ստախոսներին չի կարելի ընտրել ՍԴ անդամ: Այս պարզ պատճառով նախորդ երկու փորձերը տապալվել են, և քանի որ որևէ բան չի փոխվել, չի բացառվում, որ մենք ականատեսը լինենք նույնի կրկնությանը նաև այս թեկնածության քննարկման ժամանակ:
Քանի որ տեսականորեն դժվար է գտնել դատավորի, որը նախկինում չի կատարել իշխանության պատվերը, բայց նաև չի կարող դրա մասին բարձրաձայն հայտարարել, ստացվում է մի փակուղի, որից, կարծես թե, ելք չկա: Ելքը կարող էր լինել Հայաստանի դատական համակարգի ամբողջական լուծարումը, և զրոյից նոր համակարգի ստեղծումը՝ նոր մարդկանցով: Մյուս ելքն այն է, որ թեկնածուին ՍԴ անդամ ընտրելիս հաշվի չառնեն նրա նախկին գործունեությունը: Իշխանությունը կարող է ասել, որ դատավորները կատարել են նախագահականից իջեցված հրահանգը, որովհետև պարտադրված են եղել, դա է եղել դատավոր նշանակվելու և աշխատելու պայմանը: Նոր իշխանությունը հրաժարվում է դատավորներին վճիռներ թելադրելուց, ինչը նշանակում է, որ դատավորն այլևս ստիպված չի լինելու կատարել հրահանգներ և իսկապես առաջնորդվելու է օրենսդրությամբ: Այլ ճանապարհ չկա, որովհետև այդ նույն տրամաբանությամբ կարելի է մերժել ոչ միայն ՍԴ անդամի թեկնածությունը, այլ նաև Վճռաբեկ դատարանի նախագահինը, որի թեկնածությունը ևս պետք է հաստատվի այս նստաշրջանում:
Կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի, որ հեղափոխական իշխանությունը չի ճանաչում Հայաստանի դատարանների օրինականությունը, այդ թվում և Սահմանադրական դատարանինը, և լուծարելով դրանք ստեղծում է անցումային արդարադատության մարմիններ: Բայց Հայաստանում ոչ այն է արվում, ոչ այս:
Լուսանկարը՝ Photolure-ի