▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած բռնության հիմքում պետք է տեսնել հոգեբանական բռնությունը. հոգեբան-փորձագետը` ընտանեկան բռնությունների մասին

 

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկումները մեծ աղմուկ բարձրացրին մեզանում։ Պահպանողական գաղափարներով արմատավորված հայերը դեմ էին այս օրենքին՝ համարելով, որ այն կներխուժի ընտանեկան հարաբերությունների մեջ և կթուլացնի հայերի համար բացարձակ արժեք համարվող «ընտանիքի» հիմքերը։

«Մոր՝ երեխային նախատելու մեջ  բացարձակապես բռնություն չեմ տեսնում։ Մի այսպիսի երգ էլ կա՝ նա որբ է մեծացել, ով մայրական ծեծից չի լացել»․ օրերս պարբերականներից մեկին տված հարցազրույցում հենց այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության անկուսակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը (նույն Անդրանիկ Կարապետյանը, ով ԱԺ ամառային թեժ քննարկումներին Ազգային ժողովի շենք բերեց հայկական ավանդույթների բոլոր հիսուն երանգները)։

Իսկ օրենքի նախագծի կողմնակիցներն Հայաստանում ընտանեկան բռնությունների խնդիրը համարում են խիստ օրհասական։ Բոլոր նեկայացված ցուցանիշների, հուզական պատմությունների ֆոնին, հնչում էին նաև նման կարծիքներ․ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ պատգամավորների մի մասը, որոնք սոցիալապես ապահով են և Երևանում են գտնվում, իրենց ընտանիքներում էլ շատ մեծ բռնություն կա»։ Այսպիսի կարծիքի է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Իրականում որտեղի՞ց է գալիս այս խնդիրը և արդյո՞ք պետք է այն դիտարկել զուտ լոկալ մարտահրավերների կոնտեքսում։ Իհարկե ոչ։ Միայն հայերը չէ, որ ընտանիք ունեն։ Աշխարհի բազմաթիվ երկրներում կանանց ու երեխաների իրավունքները ոտնհարավում են, ենթարկվում են խոշտանգումների, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, և զարգացած պետությունները վաղուց օրենսդրական քայլեր են ձեռնարկել վերահսկելու այս ոլորտը։ Մեզանում ընտանեկան բռնությունների թիվը, ըստ ոչ պաշտանական տվյալների, տատանվում է 50-ից 60 %-ների սահմաններում։

 

Համաձայն բազմաթիվ միջազգային հարցումների ցուցանիշների աշխարհի տարբեր երկրներում տարբեր է բռնության ենթարկված կանանց թիվը։ Կանադայի բնակչության 29% կանայք առնվազն մեկ (կամ ավելին) անգամ ենթարկվել են բռնության, Շվեյցարիայում՝ 21%-ը, Եգիպտոս՝ 34%-ը։ Կան բազմաթիվ երկրներ, որտեղի կին բնակչության շրջանակներում բռնության ենթարկվածների թիվը 50-70%-ի ցուցանիշը հատում է։ Իսկ Ռուսաստանում բոլոր ծանր հանցագործությունների 40 %-ը կատարվում են հենց ընտանիքներում։

Իսկ թե ի՞նչ հետևանքներ կարող է թողնել ընտանեկան բռնությունները երեխայի կամ կնոջ հոգեբանության վրա մեկնաբանում է «Գոյ» գիտագործնական համալիր հետազոտությունների նորարարական կենտրոնի տնօրեն, հոգեբան Հասմիկ Հակոբյանը։

«Ընտանեկան բռնությունների թեման վերջերս սոցիումում ամենաքննարկվող նյութերից է ու որքան էլ այն անընդունելի կամ ընդունելի լինի միայն որոշակի խմբի համար, այնուամենայնիվ իրավիճակը օբյեկտիվ գնահատելու և հետագա որոշումների կայացման համար անհրաժեշտ է հարցի համալիր ուսումնասիրություն:

Հոգեբանության մեջ ընտանեկան բռնությունները սահմանվում են երկու հիմնական հասկացությունների միացմամբ. abuse և neglet : Abuse ` վիրավորանք, բիրտ վերաբերմունք, չարաշահում...և neglet` անտեսում, անտարբերություն, հոգատարության բացակայություն: Այս երկու հասկացությունների միասնությունը միանշանակ հանգեցնում է ֆիզիկական բռնության :

Ընտանեկան բռնության մեջ առանձնացնում են կանխամտածված ներազդումն անչափահասի նկատմամբ, բիրտ վերաբերմունքի կամ ուժի կիրառումը ինչը կարող է հանգեցնել ֆիզիկական (հոգեբանական) առողջական այլ խնդիրների, այդ թվում նաև սննդի և քնի պահանջմունքների սահմանափակման կամ անչափահասի ներգրավվածությունը թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման մեջ...

Մյուս բռնության տեսակը առանձնացնում են սեքսուալ բռնությունը, որը ոչ միայն ուղղված է բռնի ուժով սեքսուալ պահանջմունքի բավարարմանը, այլ նաև ներգրավվածությունն անառակության կամ անբարո բիզնեսի մեջ...

Բռնության վերոնշյալ բոլոր կետերը նաև վերաբերում են զոհ դարձած ընտանիքի այլ անդամներին ... Սակայն ցանկացած բռնությունների հիմքում առաջնայինը պետք է տեսնել հոգեբանական բռնությունը ,որը անշուշտ մի շարք արտաքին և ներքին ազդող գործոնների արդյունք են: Հայերի մոտ հիմնականում բռնությունները նևրոտիզացիայի կամ արտաքին սոցիալական ոչ բարենպաստ պայմանների արդյունքն են:

Նևրոտիզացայի հիմքում ընկած է սիմբիոտիկ կապը հատկապես երեխայի հետ, ինչը հանդիսանում է վերջին հաշվով չինքնաընդունման մեխանիզմ. սեփական եսի մերժում , որը շարունակում է նպաստել միջսերնդային բռնության և պաթոլոգիկ ծնողավարության մոդելին...

Սոցիալական գործոնը, որը շատ ակտուալ է և ցավոք վառ է արտահայտված Հայաստանում, իր հերթին ներառում է աղքատությունը, գործազրուկությունը, ցածր եկամուտը, ցածր կրթվածության մակարդակը... Ուստի անհրաժեշտ է բավարար ուշադրություն դարձնել այս գործոնների վերացման և հոգեշտկողական աշխատանքների իրականացման վրա:

Բոլոր բռնությունների հիմքում նախկին փորձի հիման վրա ձևավորվում է սադոմազոխիստական հակումներ, որոնք հարաբերություններում ձևավորում են բռնարարի և զոհի կերպարներ: Ինչը կարելի է տեսնել նաև աշխարհաքաղաքական (геополитической) ստրուկտուրայում ու քանի դեռ այն «հիվանդ» է,  իրականացվող աշխատանքներն ևս կաղալու են:

Եթե Հայաստանում վերոնշյալ գործոնների ուսումնասիրմանը լուրջ վերաբերմունք ցուցաբերվի, թե՛ անձնային և թե՛ պետական (ազգային անվտանգության) մակարդակով, ապա խնդրին միանշանակ կարելի է լուծում տալ և նպաստել այս սոցիալական արատավոր երևույթի բուժմանը կամ կանխարգելմանը, այլ ոչ թե բռնության հոգեսոցիալական նոր գործոնի ձևավորմանը»:

Հեղինակ` Հովհաննես Եսայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին