Վարդանյանն առանձնացրել է աշխատանքի 5 հիմնական ուղղությունը՝ առաջինը նշելով Արցախի սուբյեկտայնությունը

Վարդանյանն առանձնացրել է աշխատանքի 5 հիմնական ուղղությունը՝ առաջինը նշելով Արցախի սուբյեկտայնությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ։ Վարդանյանը խորհրդակցության մասնակիցներին առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակը:

Պետնախարարն առանձնացրել է այս իրավիճակում Արցախի համար այն 5 հիմնական ուղղությունները, որոնց իրականացմանը պետք է ուղղված լինի Արցախի Հանրապետության կառավարության գործունեությունը.

-Արցախի սուբյեկտայնություն,

-անվտանգության հետ կապված հարցեր,

-տնտեսության, ենթակառուցվածքների զարգացում,

-մշակութային, կրթական, սոցիալական հարցեր,

-պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում։

Պետնախարարը ներկայացրել է նաև իր նորանշանակ խորհրդականներին և նշել այս փուլում նրանց համակարգման ոլորտները. Արտակ Բեգլարյանն զբաղվելու է արտաքին քաղաքական, սոցիալական, հումանիտար խնդիրներով, Գրիգորի Մարտիրոսյանը՝ ենթակառուցվածքների ոլորտով, Նարինե Աղաբալյանը՝ կառուցվածքային և կազմակերպչական, Մեսրոպ Առաքելյանը՝ ֆինանսական, իսկ Արման Հակոբջանյանը՝ օպերատիվ հարցերով:

Խոսելով պետական նախարարի և հանրապետական գործադիր մարմինների միջև աշխատանքների կազմակերպման սկզբունքների մասին՝ Վարդանյանն առանձնացրել է 3 սկզբունք՝ թիմային աշխատանք, թափանցիկություն ու պրոֆեսիոնալիզմ:

«Եկել եմ ոչ թե պարզապես պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու, այլ ճգնաժամային իրավիճակում ձեզ հետ միասին աշխատելու համար։ Ինձ համար կարևոր է թիմային աշխատանքը, և ես պատրաստ եմ բոլորիդ հետ միասին այդ սկզբունքով աշխատել։ Երկրորդը թափանցիկությունն է․ մենք ամեն ինչ պետք է անենք մեր աշխատանքի, կայացվող որոշումների և իրականացվող ծրագրերի թափանցիկությունն ապահովելու համար։ Մյուս կարևոր սկզբունքը պրոֆեսիոնալիզմն է: Ես վստահ եմ, որ բոլորդ երկար մասնագիտական ճանապարհ եք անցել, բայց ներկա իրողություններում մրցունակ մասնագետներ լինելու համար մենք բոլորս պետք է շարունակ աշխատենք մեր կարողությունների զարգացման ուղղությամբ»,-ասել է պետնախարարը։ :

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է ձմեռային սեզոնի նախապատրաստական աշխատանքներին և հրատապ խնդիրներին: ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը մանրամասն տեղեկություններ են ներկայացրել նախապատրաստական աշխատանքների ընթացքի և դրանց կազմակերպման մասին:

Խորհրդակցությանը ներկայացվել է նաև 2020թ. պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների բնակարանային կարիքների բավարարման պետական ծրագրի ընթացքը: ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը տեղեկություններ է հաղորդել կատարված աշխատանքների և ծրագրերի ընթացիկ վիճակի մասին:

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը խորհրդականների հետ այցելել է Ստեփանակերտի զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

Ռուբեն Վարդանյանն իր զորակցությունն է հայտնել հուշահամալիր այցելած զոհվածների հարազատներին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---