News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը մտել է ամերիկյան Կոնգրեսի օրակարգ, հաղորդում է «Ազատությունը»

Հանրապետական Քրիսթոֆեր Սմիթի եւ Մագնիտսկու հայտնի օրենքի հեղինակ դեմոկրատ Ջիմ ՄըքԳովերնի հեղինակած բանաձեւը մասնավորապես կոչ է անում պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների չդադարող ոտնահարումների համար մեղքի իրենց բաժինն ունեցող ադրբեջանցի պաշտոնյաներին:

«Ադրբեջանի ռեժիմը շարունակում է խոշտանգումները, քաղաքական դրդապատճառներով քրեական մեղադրանքները, հալածանքներն ու մարդկանց առեւանգումները արտասահմանում, ահաբեկման այլ միջոցները՝ ստիպելով լռել իրավապաշտպաներին, լրագրողներին եւ կրոնական առաջնորդներին», - հայտարարել է կոնգրեսական Սմիթը՝ հավելելով. «Ակնհայտ է, որ մեր երկրների միջեւ կարեւոր տնտեսական կապեր կան, սակայն այդ խախտումները չեն կարող անտեսվել»:

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին մշտապես հետեւող եւ դրանց արձագանքող հանրապետական ազդեցիկ կոնգրեսականի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ բանաձեւը ամերիկյան կառավարությանը առաջարկում է Ադրբեջանի հետ աշխատելիս առաջնահերթ ուշադրություն դարձնել մարդու իրավունքներին եւ հիմնական ազատություններին, իսկ դրանք ոտնահարողների դեմ կիրառել Մագնիտսկու օրենքը, որը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել ցանկացած երկրի քաղաքացու եւ կառավարության ներկայացուցչի նկատմամբ՝ կաշառակերության, կտտանքների, սպանության կամ մարդու իրավունքների այլ լրջագույն խախտումների համար:

Կոնգրեսականներ Սմիթի եւ ՄըքԳովերնի հեղինակած փաստաթղթում մանրակրկիտ ներկայացվում է Ադրբեջանում տիրող իրավիճակը․ 158 քաղբանտարկյալ, որոնցից 10-ը՝ լրագրող, մարտից ի վեր երկրում արգելափակված են «Մեյդան TV»-ի, «Ազադլըղ» թերթի, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքերը, փաստացի խեղդում են երկրում մնացած միակ անկախ լրատվական աղբյուրը, թվարկում են ամերիկացի կոնգրեսականները՝ նաեւ հիշեցնելով, որ մինչ օրս «Ազատության» ադրբեջանական ծառայության Բաքվի գրասենյակը իշխանությունների պատվերով փակ է, իսկ այդ լրատվամիջոցի ներկայացուցիչ Խադիջա Իսմայիլովային բանտից ազատ արձակելուց հետո թույլ չեն տալիս ճամփորդել արտերկիր:

Բանաձեւի շուրջ քննարկումները Կոնգրեսում դեռ շարունակվելու են:

Պաշտոնական Բաքուն ավելի վաղ հայտարարել է, թե իր դեմ պատժամիջոցներ սահմանել ցանկացող կոնգրեսական Սմիթը գործում է հայկական լոբբիի պատվերով։ Իսկ Կոնգրեսի կողմից օրինագիծն ընդունվելու դեպքում Ադրբեջանի իշխանությունները սպառնում են պատասխան քայլեր ձեռնարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ